Վարչապետ Տ. Սարգսյանը, սկսելով իր իշխանական գործունեությունը, մի առիթով,   ինքնավստահ հայտարարեց, թե «մենք», այսինքն Հայաստանն ընտրել է զարգացման էվոլյուցիոն մոդելը, որն, իր համոզմամբ, կապահովի  հանրապետության նորմալ զարգացումը: Բայց, երբ 2011 թ. սկզբներին ամփոփեցին անցած ժամանակվա արդյունքները, տեսան, որ նրա խոստումները թեթև հողմեր էին:  Հենց այն ժամանակ՝ 2011թ. փետրվարին, նրա կայքում գրեցի, որը հիմա էլ նույնությամբ կրկնում եմ:
Հարգելի պարոն Սարգսյան, Դուք ընտրել եք բարեփոխման էվոլյուցիոն մոդելը, իսկ Վրաստանը` ռեվոլյուցին մոդելը: Մեր մոդելը ավելի ճիշտ կլիներ անվանել ճահճացման, հետընթացման մոդել, կամ մեկ քայլ առաջ երեք քայլ հետ: Ո՞Ւմ է պետք ձեր այդ մոդելը, երբ ժողովրդի կենսամակարդակը սահում է դեպի անդունդը, օրեցօր ավելանում է աղքատների թիվը, թռիչքաձև բարձրանում են առաջին անհրաժեշտության մթերքների գները: Ձեր մոդելը միայն ծառայում է օլիգարխների էլ ավելի հարստացմանը, բայց ոչ ժողովրդի սոցիալական վիճակի գոնե աննշան բարելավմանը: Գոնե մի անգամ դուք` երկու Սարգսյաններդ մի թեթև հաշվարկ անեիք, թե ինչպես խեղճ թոշակառուները վճարեն գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ահավոր բարձր վարձերը և պահպանեն իրենց ողորմելի գոյությունը` միայն պանիր ու հաց գնելով: Ժամանակին տխրահռչակ Լ. Տ-Պ-ն խորհուրդ էր տալիս հարևանից պարտք անելով ապրել: Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք, ումից պարտք անել: Դուք ձեր էվոլյուցիոն մոդելով սպանում եք մարդկանց հավատն ու հույսը, ուժեղացնում արտահոսքը: Մինչև ե՞րբ դա պիտի շարունակվի: Գոնե օրինակ վերցրեք Վրաստանից: Վերջնականապես մի հիասթափեցրեք մեր ժողովրդին, մի չարաշահեք նրա անասելի համբերություը: Մենք լավ հասկանում ենք, որ ձեր առջև դրված են չափազանց ծանր խնդիրներ, որոնք հեշտությամբ չեն լուծվի, բայց իշխանությունը Ձեզ է վստահված, և Դուք էլ պետք է գտնեք ծանր խնդիրների լուծման ելքը՝ մշտապես աչքի առաջ ունենալով ոչ թե դղյակները, հյուրանոցները և ջիպերը, այլ առաջին հերթին ժողովրդի սոցիալական վիճակը: Նախ և առաջ կարգավորեք գների քաղաքականությունը, կրճատեք չինովնիկական շռայլ ծախսերը, թանկարժեք մեքենաները, զանազան օգնականների, քարտուղարների, թիկնապահների քանակը, տեղին-անտեղի շքախմբերով արտասահմանյան շրջագայությունները, փոխեք Ձեր երկչոտ վերաբերմունքը օլիգարխների նկատմամբ, ստիպեք նրանց, որ մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն: Եվ վերջինը: Որպես ՀՄ պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ, ես ինձ վիրավորված ու նվաստացած եմ զգում, որ 7-10 անգամ պակաս թոշակ եմ ստանում, քան իմ նմանները ՌՖ-ում, ՈՒկրաինայում, Բելառուսիայում և այլ հանրապետություններում: Իսկ ՀՄՊ վետերաններ շատ քիչ են մնացել... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել