Արդեն դիտել եմ երեկ կայացած հանրային տրանսպորտի ուղեվարձի քննարկման հարցով ստեղծված հանձնաժողովի 3-րդ նիստի ձայնագրությունը (առանց ընդհատումների): Կիսվեմ տպավորություններով: 
Ըստ էության` քննարկված աշխատանքային հարցերը կապ չունեին ուղևորահոսքի հետ և վերջինս բնորոշ էր ոչ թե աշխատանքային նիստի, այլ հաշվետվության: Հանդիպումը կարծես յուրատեսակ պատասխան էր այն բոլոր մեղադրանքներին, թե հանձնաժողովի հերթական նիստի չգումարելն անգործության արդյունք է: Իհարկե, վերջինս գնահատելի գործընթաց է. հիմա անդրադառնանք այն հաշվետվությանը, որը ներկայացվել է նիստում: Ըստ քաղաքապետարանի` պատվիրվել է հետազոտություն և յուրաքանչյուր օր 350 երիտասարդ իրականացրել են դաշտային ուսումնասիրություն՝ պարզելու բոլոր երթուղիներում տարբեր ժամերին, տարբեր հատվածներում ուղևորահոսքի թիվը, երթի տևողությունը և մի շարք այլ կարևոր տարրեր: Տեղեկացել ենք նաև, որ իրականացվում է այլ ուսումնասիրությունն ևս, որպեսզի այդ 2 հետազոտությունների համադրությամբ ստացվի ուղևորահոսքի իրական պատկերը: Չեմ կարող չնկատել, որ եթե հետազոտություններն իրականացվեն այնպես, ինչպես խոստացան և իսկապես ենթարկվի պրոֆեսիոնալ վերլուծության, ապա իսկապես կստանանք իրական ուղևորահոսքին շատ մոտ թիվ: Դրականից զատ չեմ կարող չնկատել, որ գործընթացը բավականին ծախսատար է, եթե միայն հաշվարկենք դաշտային աշխատանքը երթուղայիններում՝ 300 հարցում իրականացնող և 50 համակարգող, ապա անգամ այս գործի համար նվազագույն աշխատավարձով ծախսվում է 300*70.000՝ 21.000.000 և 50*120.000՝ 6.000.000, ընդհանուր 27.000.000 դրամ,ու եթե հաշվարկենք կոդավորողների, մուտքագրողների և այլ աշխատողների աշխատավարձը, ապա միայն դաշտային աշխատանքի համար ծախսվում է մոտ 30.000.000 դրամ: Նմանատիպ գումարի հասնող ծախսը հասու է միայն պետական մարմնին, իսկ հանրային դաշտը թերևս կարող էր միայն կամավորության սկզբունքով որոշ օրերի կամ ժամերի մասնակիցը լինել իրականցվող աշխատանքներին: Վերջինս իր հերթին կնպաստեր էլ ավելի արժանահավատ գնահատական տալու իրականացված աշխատանքներին: Բայց չգիտես ինչու՝ աշխատանքների մասին տեղեկացանք միայն ավարտից հետո և այլևս այս ուղղությամբ համատեղ աշխատանքն անհնար է: Իհարկե, նիստում քննարկված որոշ վերլուծությունների հետ համամիտ չեմ, սակայն այդ մասին խոսվել է միայն որպես հետագայում իրականացվելիք աշխատանք, հետևաբար այդ հարցերը քննարկվելու են հաջորդ աշխատանքային նիստում, և կամփոփեմ միայն, երբ վերլուծեմ արդեն հաշվարկված ուղևորահոսքի ու ծախսերի համադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել