Հետևելով Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին՝ գալիս ես մի եզրակացության, որ մեր երկրում քաղաքագիտության ոչ մի տեսություն չի աշխատում: Քաղաքագիտությունից գիտենք, որ ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերը կամ միանում են իրար և ձևավորում կոալիցիոն կառավարություն, կամ էլ իրենց հայտարարում են ընդդիմություն և փորձում վերհանել իշխանության բացթողումները: Իրեն կիսաիշխանություն և կիսաընդդիմություն հայտարարած խորհրդարանական երկրորդ ուժի վարքագիծը առնվազ տարօրինակ և անհասկանալի է: Այն, որ այդ ուժը ընդդիմություն չէ, պարզից էլ պարզ է, քանի որ չի կարող նման հարստության տեր առաջնորդ ունեցող կուսակցությունը ընդդիմադիր լինել, իսկ եթե այդպես է, ուրեմն բողոքելու տեղ էլ պիտի չունենան, այսինքն՝ մեր երկիրը այնքան ժողովրդավարական է, որ հանդուրժում է նման «ընդդիմադիր» օլիգարխների առկայությունը: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այս բեմադրված կրկեսը ընդամենը մի նպատակ ունի՝ որքան կարող են շատ օգուտներ պոկել իշխանությունից: Սթափվե՛ք, պարոննե՛ր, կիսահղի չեն լինում, կողմնորոշվե՛ք ու վերջնական որոշում կայացրե՛ք: Իսկ իրական ընդդիմադիր ուժերին կոչ կանեմ հույսներդ ձեր վրա դրե՛ք, այլապես մեր սիրելի «այլընտրանքը» հերթական անգամ գցելու է ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել