Ամանորյա տոներից առաջ մեր ուտող-խմող, ամբողջ տարին Նոր տարուն սպասող, գոնե մի քանի օր նորմալ հանգստացող ժողովրդին այս օրերին ամենից շատ անհանգստացնում է, թե հատկապես ո՞ր մթերքները կթանկանան և որո՞նք հասու չեն լինի իրենց գրպանին: Արդեն իսկ նկատելի է, որ մսամթերքը չի թանկանում և հայկական ամանորյա սեղանի անբաժանելի մաս կազմող խոզի բուդը հասանելի կլինի շատերի համար: Դժվարություն չի առաջացանի նաև տոլմայի և նրբաբլիթի (բլինչիկի) համար անհրաժեշտ միսը, քանի որ չի թանկանում նաև տավարի միսը: Խմիչքի շուկան էլ դե հագեցած է, քանի որ օր օրի աճում է մրցակցությունն ու կարծես Ամանորից առաջ լրացուցիչ խոչընդոտներ չեն առաջանա: 
Սակայն, եթե խմիչքի չթանկանալն ուրախացնող է, չեմ կարող չնկատել, որ մսի գնի չթանկանալը միայն ուրախալի կլինի ամանորին, քանզի մսի գինը չի թանկանում, որովհետև գյուղացին ստիպված է մորթել կենդանիներին միայն կեր չունենալու պատճառով, իսկ դա իր հերթին նշանակում է, որ նույն տեմպով շարունակելու պարագայում որոշ ժամանակ անց կունենանք մսի դեֆիցիտ, որն էլ իր հերթին կառաջացնի կտրուկ գնաճ և շատերը միգուցե ստիպված բավարարվեն միայն Նոր տարուն վայելած խոզի բդով, խորովածով կամ տոլմայով: Միշտ չէ, որ լավ է, երբ չկա գնաճ: Թարմ մսի գինը այսօր Հայաստանում ոչ թե իրատեսական շուկայական է, այլ ցածր: Բայց անկախ ամեն ինչից, մեր ժողովուրդն այսօր ապրում է օրվա խնդրով, և լավ է, որ գոնե Նոր տարին կդիմավորենք ուրախ սրտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել