Դինամիկ զարգացող աշխարհում Հայաստանը դինամիկ կերպով հետընթաց է ապրում, ինչում, անշուշտ, անուրանալի է մեր «սիրելի» կառավարության դերը։ 
Դեռևս Կոմիտասի 5-ում շինարարության ժամանակ կարծիք էի հայտնել, որ տրանսպորտի թանկացման, ապօրինի շինարարությունների, կարմիր գծանշանների ու բազմաթիվ նմանատիպ խնդիրները ստեղծվում են մեկ կոնկրետ հարցի շուրջ հասարակության միասնական և լայն համախմբում թույլ չտալու նպատակով։ Բայց քանի որ նույնիսկ պայքարի դրական արդյունքի դեպքում դժգոհության ալիքը չէր մարում, ի վերջո, նոր բանաձև հորինվեց։
Այս առումով կառավարության գործելաոճը բավական դինամիկ փոփոխությունների է ենթարկվում։ Որպեսզի պարբերաբար մանր-մունր երևույթներից մարդիկ չբողոքեն, կարելի է միանգամից ինչ-որ այնպիսի բան անել, որը կա՛մ կմարսեն, կա՛մ կգնան զիջումների, բայց միևնույնն է դրանից օգուտ կքաղեն։ Մասնավորապես, գազը անհիմն թանկացնում են, հետո երբ պարզվում է, որ դրա իրավունքը չունեին, սկսում են հեքիաթներ հորինել, վերջում էլ, որ էս ժողովուրդը շատ համը հանի, մի քիչ կէժանացնեն ու դա կմատուցեն որպես կառավարության ձեռքբերում` չնայած նույնիսկ այդ դեպքում չեն մոռանա իրենց գրպանի մասին։
Նույնը վերաբերում է նաև Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, որի հետաձգումը 2 օր առաջ մերժվեց ԱԺ մեծամասնության կողմից։ Գուցե օրենքը մնա ուժի մեջ, եթե պայքարողների թիվը աճ չգրանցի, բայց այսօր պարզվեց, որ նոր համակարգի դեմ պայքարին միացել են «Անելիք» բանկի 68, «Ֆինքա» ՈՒՎԿ-ի 21, ԵՊՀ-ի 91, Գերմանիայի դեսպանատան 24, ԹՈՒՄՈ-ի 71 և Օրանժ Արմենիա-ի 261 աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ, ստորագրահավաքին մասնակցել է Հայաստանում գործող 70 ընկերությունների 2964 աշխատակից և 1230 անհատ: 
Չէ, դուք հասկանու՞մ եք, ԵՊՀ-ն դեմ է ՀՀԿ-ի ընդունած օրենքին... Էլ բան չեմ ասում։ 
Կարծում եմ` շուտով կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը կհրաժարվեն իրենց իսկ առաջարկած և ընդունած՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքից, և դա դարձյալ կմատուցվի որպես մեծահոգություն ժողովրդի նկատմամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել