Ժողովուրդ ջան, ուզում եմ անդրադառնալ թիվ 71 դպրոցում ստեղծված իրավիճակին: Պարզվեց, որ իմ շատ մոտ ընկերներիցս մեկի որդին սովորում է հենց այդ դասարանում: Ընկերոջս չհավատալու ոչ մի առիթ չունեմ, որովհետեւ Երեւանում շատ քիչ մարդիկ կան, որոնց մասին կարող եմ էդպիսի վստահությամբ գրել: Հիմա ես ընկերոջս պատմած մանրամասները չեմ ներկայացնի, քանի որ դրա իրավունքը ինձ չեմ վերապահում, բայց մի քանի նկատառում կանեմ...
Իհարկե, Հարությունը իր գրագետ ու կիրթ պահվածքով գրավել է հասարակության, չթաքցնեմ, նաեւ իմ համակրանքը, ու մենք բոլորս զգացմունքային կերպով լծվել ենք նրա պաշտպանության գործին ու ինչպես ասում են перестарались... 
Ու էլի, ցավոք, զգացմունքը թույլ չի տալիս ուշադիր լինել մի քանի փաստերի...

1.-ին. Հարությունը երկու երեխայի այնպիսի վնասվածքներ է հասցրել, որոնք քրեորեն պատժելի կլինեին, եթե դա աներ մեծահասակը: Մեկը քթի կոտրվածք է ստացել ու պիտի վիրահատվի, մյուսն այնպիսի հարված է ստացել աչքին, որ ամիսներ անց նույնիսկ հետքը մնացել է:
2-րդ. Հարությունը ոչ մի անգամ ծեծի չի ենթարկվել ու զոհի կերպար նրան վերագրելիս մի փոքր զգուշությունը չէր խանգարի: Ի վերջո, ակնհայտ է, որ եթե ողջ դասարանը նրան դեմ է, ապա ոչ մի դժվարություն չէր լինի բոլորով հավաքվեին ու գոնե մեկ անգամ ծեծեին նրան: Եվ դա այն դեպքում, որ Հարությունը փոքրամարմին է եւ նրան ծեծելը մեծ դժվարություն չէր ներկայացնի նույնիսկ մեկ աշակերտի համար: 
3-րդ. Երբ խոսքը վերաբերում է երեխաներին, չի կարելի անմիջապես անցնել մեկի կողմը, իսկ մյուսին հակառակորդ դիտարկել: Ամբողջ պատկերն ստանալու համար պետք է խոսել բոլոր կողմերի հետ: Եվ Հարությունի ու նրա ծնողների հետ, եւ նրա դասարացիների ու նրանց ծնողների հետ: Միայն դրանից հետո կարելի կլիներ հստակ պատկերացում կազմել ու պիտակներ կպցնել: Թեեւ անգամ այդ դեպքում պիտակները խնդրի լուծման ամենալավ եղանակը չեն:
4-րդ. Սա քաղաքական խնդիր չէ եւ դժվար թե «ապօրինի վարչակազմը» սեփական իշխանությունը պահելու շահեր ունենա այս հարցում: Առավել եւս, որ դասարանում օլիգարխների երեխաներ չեն սովորում, այլ շատ պարզ ու հասարակ մարդկանց երեխաներ են: 
Իմ խորին համոզմամբ, լուծումը պիտի գտնեն բոլոր մեծահասակները միասին. երեխաների ծնողները, դպրոցի ղեկավարությունը, կրթության վարչությունն ու նաեւ ոստիկանությունը (քանի որ Հարությունն արդեն հաշվառման է վերցված): 

Երեխաները շատ նուրբ են ու չի կարելի նրանց հետ այնպես վարվել, որ որեւէ երեխա իրեն նվաստացած զգա՝ լինի Հարությունը, թե նրա դասարանցի որեւէ մեկը: 
Միթե մենք՝ մեծահասակներս, ի վիճակի չենք հարթել խնդիրը, ոչ թե յուղ լցնել կրակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել