Allsport.am-ը գրում է.

Գերմանական  «Ruhr Nachrichten» պարբերականն առանձին հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Նապոլիի» դեմ ցուցադրած խաղին: Հրապարակումը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ֆուտբոլիստից, ում տրանսֆերային արժեքը 27,5 մլն եվրո է, յուրաքանչյուր խաղի ժամանակ ինչ-որ յուրահատուկ բան են սպասում: Հենրիխ Մխիթարյանի դեպքում իրավիճակը չի կարող այլ կերպ լինել, քանի որ նա ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստն է և եկել է փոխարինելու Մարիո Գյոտցեին:

«Նապոլիի» դեմ 3:1 հաշվով հաղթանակը ոչ միայն թիմային հաջողությունն էր, այլև թեթևություն հենց իր համար: Խաղից հետո Մխիթարյանը ժամանակ հատկացրեց ԶԼՄ ներկայացուցիչներին: Այն, որ նա «պահանջված էր», միանգամայն հասկանալի էր, քանի որ խաղի գլխավոր հերոսներից էր: Նա երկար էր խոսում և երևում էր, որ թեթևություն է զգում: 24-ամյա ֆուտբոլիստը հավանաբար տեղյակ էր, որ վերջին խաղից հետո («Բավարիայից» 0:3 հաշվով կրած պարտությունից) մամուլը և երկրպագուները քննադատել են իրեն:

«Ես խաղից առաջ լարվածություն էի զգում: Շատերն արդեն սկսել էին քննադատել ինձ»,-հանդիպումից հետո ասաց հայ ֆուտբոլիստը»:

«Ես երբեք չեմ հանձնվում»

Նրա նման ֆուտբոլիստներին ինքնավստահություն է անհրաժեշտ, որպեսզի ռիսկի դիմեն և խաղան այնպես, ինչպես քչերն են խաղում: Վերջին շաբաթների ընթացքում Մխիթարյանի համար բարդ էր. ինչ-որ վստահություն էր պակասել, նա շատ էր սխալվում փոխանցումներ կատարելիս և դրա հետ մեկտեղ ավելին էր փորձում անել:

«Թե ինչ տեղի ունեցավ, ես չգիտեմ: Միայն ուրախ եմ, որ դժվարությունը հաղթահարելու ուղին գտել եմ»,-ասում է Մխիթարյանը:

Եվ դժվարություն բառը Մխիթարյանն արտասանում է գիտակցաբար. նա չի ցանկանում իր խաղը գեղեցիկ երանգներով ներկայացնել: Նա ոչինչ չի կարող անել այն բանի հետ, որ «Բորուսսիան» «Շախտյորին» իր համար ռեկորդային գումար է վճարել, բայց նաև գիտակցում է, որ դա որոշակի պարտավորություններ և սպասելիքներ է ենթադրում:

«Ես այն մարդն եմ, ով չի հանձնվում: Ես միշտ պատրաստ եմ դառնալ ավելի լավը և դրա համար շատ աշխատել»,-ասում է նա:

Տպավորիչ խաղ

Իհարկե, Մխիթարյանի և «Բորուսսիայի» համար օգտակար էր այն, որ «Նապոլին» առաջինը գնդակ բաց թողեց, ստիպված սկսեց ռիսկի դիմել և դրանով իսկ մրցակցի համար հակագրոհելու տարածություններ թողեց: Տարածություն, որն էլ հենց անհրաժեշտ է Մխիթարյանին, որպեսզի ավելի լավ խաղա: Փոքր տարածություններում Մխիթարյանը կարող է դիրքային պայքարում հաղթել տեխնիկայի շնորհիվ, սակայն նրա արագությունը և գնդակով տեղաշարժը երեքշաբթի օրը միայն օգտակար եղան:

Այն պահը, երբ նա իր կիսադաշտից տեղափոխվեց «Նապոլիի» տուգանային հրապարակ և դարպասապահ Ռեյնային ստիպեց ցատկել, արժեր ամեն ինչ: Դա հիշեցրեց Մխիթարյանի` «Շալկեի» դեմ ցուցադրած խաղը, երբ նա դարձավ երրորդ գոլի փոխանցման հեղինակը:

««Բորուսսիայի» կազմում այս խաղը լավագույնն էր ինձ համար»,-ասաց Մխիթարյանը:

Մխիթարյանը բազմիցս է հասկացրել իր ներուժի մասին. և Ֆրանկֆուրտում, երբ միայնակ վճռեց խաղի ելքը, և «Համբուրգի» դեմ խաղում լավ տպավորություն թողեց, բայց այդ լավ դրվագների հետ մեկտեղ շատ էր անտեղի վազքը խաղադաշտում: Նա հույս ունի, որ դրան ևս վերջ կդնի.

«Ես ցանկանում եմ կայուն լավ խաղալ»,-ասում է նա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել