«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նոյեմբերի 13-ից 16-ը հայտարարված «Սեբաստացու օրեր» տոնական միջոցառումների շրջանակում այսօր ներկայացվում էր  «Գրքի տոնը կրթական հաստատությունում»  նախագիծը:

Գրքի տոնը մեզ հետ նշելու էին եկել Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողները: Նրանք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջեցին  մայր դպրոցում, ծանոթացան  կրթահամալիրում կիրառվող մեդիաուսուցման մեթոդներին: Այդ ընթացքում, դպրոցի մարմարյա սրահում աշակերտները պատրաստվում էին մեդիահինգշաբթիին: Դպրոցին ծանոթանալուց հետո,  Բրյուսովի անվ. համալսարանի ուսանողները հանդիպեցին անգլիախոսների ակումբի անդամների եւ ղեկավար Յուրա Գանջալյանի հետ` դպրոցի ընթերցարանում: Հանդիպումը տեւեց մեկ ժամ: Քննարկումը տեղի էր ունենում անգլերեն` քննարկվում էր Հայաստանի կրթական ծրագրերը այլ երկրների կրթական ծրագրերի հետ համեմատության հարցը: Բրյուսովի անվ. համալսարանի ուսանողները նույնպես ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում:

Խոսում էին կրթությունը այլ երկրներում շարունակելու առավելությունների ու թերությունների մասին:  Լսարանը բաժանվեց երկու մասի` մի խումբը գտնում էր, որ պետք է մնալ Հայաստանում և այստեղ սովորել  ու աշխատել, իսկ մյուս մասը համոզված էր, որ օտար երկրում ավելի հեշտ է ապրել ու կրթություն ստանալ: Քննարկումը հետզհետե թեժացավ ու վերածվեց բանավեճի:  Տիար Բլեյանը ներկա էր բանավեճին: Նա ասաց, որ ազատ տեղաշարժի իրավունքը շատ կարեւոր է, բայց դա նրա համար չէ, որ հայենիքդ կորցնես, որովհետեւ դա փախուստ է համարվում: Ազատ տեղաշարժվելու իրավունքը, ըստ տիար Բլեյանի, որոշ ժամանակ օտար երկրներում ապրելու համար է: «Բայց դու քո երկրի զավակն ես և մեզ գաղթական ազգ պետք չէ»,-շեշտեց կրթահամալիրի հիմնադիր տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել