Ի՞նչ կարող եմ ասել Սեբի հերթական տրիումֆից հետո: Այս տարի արդեն տասնյակ անգամ փորձել եմ վերլուծել աշխարհի նորաթուխ քառակիի հերթական փայլուն ելույթը` փորձելով գտնել այն հանգամանքներն և տեխնիկական ասպեկտները, որոնք խաղացել են նրա օգտին այս կամ այն հաղթանակը տոնելու հարցում: Յաս Մարինայում տոնած նրա 7-րդ անընդմեջ հաղթանակը (ընդ որում ռեկորդային, որով նա հավասարվեց Շումախերի և Ասկարիի հետ) շատ քիչ է տարբերվում այս տարվա նրա մյուս հաղթանակներից, որոնք տեղի ունեցան հետյալ սկզբունքով` առաջինը մտավ առաջին շրջադարձ և չվեց մյուսներից, անհասանելի դառնալով նրանց համար: Բայց եւ այդուհանդերձ, այս հաղթանակը բոլորից առանձնացնող մի քանի հանգամանքներ կան: Միանգամից ասեմ, որ խոսքս այն մասին չէ, որ նա այս անգամ չմեկնարկեց փոուլից: Ոչ ոքի համար զարմանալի չդարձավ փոուլմեն Մարկ Ուեբբերի ձախողած ստարտը, որը ինչպես եւ շատ հաճախ, մրցարշավի ամենասկզբում թույլ տվեց Ֆետտելին խլել առաջատարությունը և սլանալ առաջ: Հետաքրքիրն այն է, որ այս անգամ ավստրալացու` տեղից վատ կտրվելու պատճառը արդեն ավանդական դարձած KERS-ի խափանումը չէր: Անզեն աչքով երևաց, որ նրա փոխանցումատուփը, 1-ից 2-րդ փոխանցում փոխվելիս շատ ավելի դանդաղ գործեց, քան թիմակցինը, և հենց վայրկյանի այդ հազարերորդականներն էլ բավական եղան, որպեսզի Ֆետտելն եւ Ռոսբերգը առաջ անցնեն: Թե ինչու նրա մեքենայի փոխանցումատուփը թիմակցինից դանդաղ աշխատեց, ես բազմիցս վերլուծել եմ նախորդ հոդվածներումս և այս անգամ չեմ ցանկանում հերթական անգամ կանգ առնել այդ հարցի վրա: Ուղղակի հուսանք, որ ինչպես և 2011-ին, թիմը Մարկին թույլ կտա գոնե մեկ անգամ հաղթել, ինչին դժվարությամբ ենք հավատում, քանի որ 2011-ին պարզ էր, որ Մարկը մնալու է Ռեդ Բուլլում, իսկ այս տարվա վերջին` ԱՄՆ-ի ու Բրազիլիայի գրան պրիները վերջինը կլինեն նաև Ուեբբերի կարիերայում: Սակայն հուսանք, որ Մարկոն եւ Մատեշիցը կցանկանան Մարկին ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնել այս 7 տարիների համար, որը նա նվիրել է թիմին, ինչպես նաև նրա համար, որ Մարկն, անկախ ամեն ինչից, իրեն իսկական ջենտլմենի պես պահեց, երբ իր հանդեպ անարդարացի էին վարվում:

Սակայն եկեք չշեղվենք թեմայից: Ինչպես ասացի, Յաս կղզում տոնած Ֆետտելի հաղթանակը նրա մյուս տրիումֆներից առանձնացնող այլ հանգամանք կա, որը մարզական չէ, այլ ավելի շուտ սկզբունքային: Ընդամենը մեկ շաբաթ առաջ, Հնդկաստանում իր 4-րդ տիտղոսը նվաճելուց հետո, Սեբը հակառակվելով իր ինժեների հրահանգին, չգնաց փակ պարկ, այլ մեքենան հասցրեց մեկնարկային ուղղաձիգ, որտեղ սկսեց մեքենայով «պոնչիկներ» պտտել, որից հետո ողջունեց հանդիսականներին և վերջում խոնարհվեց սեփական մեքենային: Այդ պահն արդեն իսկ հավերժորեն մտավ Ֆորմուլա 1-ի պատմության և արքայական ավտոսպորտի սիրահարների սրտերի մեջ: Շարքային մարզասերին թվում է, թե դրանում յուրահատուկ ոչինչ չկա, քանի որ, եթե ֆուտբոլիստները հաղթանակից հետո այն երկար տոնում են խաղադաշտում, սեփական մարզաշապիկները նվիրում են երկրպագուներին, ապա ինչո՞ւ. Ֆորմուլա 1-ի պիլոտը չպետք է իրավունք ունենա չեմպիոնական տիտղոսը տոնել երկրպագուների հետ և ինչպես Ֆետտելն արեց, գոնե իր ձեռնոցները նետի նրանց: Եվ իրոք: Ինչու բոլոր մարզաձևերի մարզիկները կարող են տուրք տալ էմոցիաներին և ցնծան իրենց ֆանատների հետ, իսկ Ֆորմուլա 1-ի պիլոտները` ոչ, և դա այն դեպքում, որ ի տարբերություն այդ շա~տ սպորտսմենների, մեր մարզաձևի մարզիկներն ամեն անգամ իրենց կյանքն են ռիսկի ենթարկում: Նույնը կարելի է ասել նաև Սինգապուրի գրան պրիի ֆինիշից հետո տեղի ունեցած միջադեպի մասին: Հիշեցնեմ, որ այդ մրցարշավում Մարկ Ուեբբերի մեքենան խափանվեց վերջին շրջանին, իսկ բոքսեր նա հասավ Ֆերնանդո Ալոնսոյի մեքենայի վրա, որից հետո ստացավ երրորդ պաշտոնական զգուշացումը, ինչի հետևանքը դարձավ մյուս մրցարշավի մեկնարկային վահանակում անիմաստ տեղը կորցրած 10 հորիզոնականները: Մարկին շատ վրդովվեցրեց այդ ամենը, քանի որ նա, որպես իսկական մարզիկ և պիլոտ, սիրում է մրցարշավների հետ կապված ամեն ինչ, և ինչպես և Ֆորմուլա 1-ի գրեթե բոլոր սիրահարները, անհեթեթություն է համարում այսօրվա չափից ավելի անվտանգ կանոնները և այն, որ դրանց պատճառով մեր մարզաձևում քչացել են նման ռոմանտիկ և ամենից շատ հիշվող պահերը: Չէ՞ որ, երբ ֆուտբոլիստները խաղից հետո փոխվում են մարզաշապիկներով, դրա համար նրանց ոչ ոք չի տուգանում: Գուցե օրինակս լիովին ուղիղ համեմատական չէ, սակայն իմաստը նույնն է մնում, այն է, որ վերջին տարիներին Ֆորմուլա 1-ը չափից ավելի անէմոցիոնալ և երկրպագուների համար անհասանելի է դարձել: Ուեբբերը շտապեց իր դժգոհությունն հայտնել 2 հրաշալի «Թվիթ»-ների շնորհիվ, որոնցից մեկում նա բոլորին հիշեցրեց, որ իր և Ալոնսոյի արածը ամենևին էլ առաջին անգամ չէր...

Իսկ մյուսում նա «կծեց» սինգապուրյան մրցարշավի 4-րդ ստյուարտ և նախկինի հայտնի պիլոտներից մեկին` Դերեկ ՈՒորիկին: Այս թվիթում նա գրել էր հետեւյալը. «Ինչպես երևում է ժամանակին, անգամ Սինգապուրի գրան պրիի ստյուարտներից մեկն է դա արել»: Ուեբբերը բոլորին հիշեցրեց 1988 թվականի Ճապոնիայի գրան պրին, որտեղ «այսօր» իրեն պատժած Ուորիկը բոքսեր վերադարձավ Գերհարդ Բերգերի Ֆեռռարի «Տաքսի»-ով: Եվ դա այն դեպքում, երբ ուղիղ 25 տարի առաջվա Ֆորմուլա 1-ի մահացու վտանգավորությունը չէիր համեմատի այսօրվա հետ:

Ինչու ես հիշեցի այս ամենը: Բանն այն է, որ Հնդկաստանի գրան պրիի իր արարքի համար Ֆետտելը ևս ստացավ զգուշացում (որը, սակայն նույնքան վատ հետևանք չունեցավ, ինչպես Ուեբբերինը) և 25 հազար եվրո տուգանք: Ինձ շատ դուր եկավ Ռեդ Բուլլի պատասխանը: Դրանից հաշված օրեր անց, թիմն իր հաղթանակը յուրահատուկ կերպով նշեց: Աբու Դաբիում, գետնից ուղիղ 210 մետր բարձրության վրա, Դեյվիդ Կուլթհարդը «պոնչիկներ» պտտեց` Ֆորմուլա 1-ի սիրահարներին նվիրելով յուրահատուկ շոու: Ահա այդ շոուի կադրերը: Խորհուրդ եմ տալիս դիտել, շատ տպավորիչ է:

Այս քայլը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ` «Վտանգավոր եք համարում դատարկ մեկնարկային ուղղաձիգում հաղթանակ տոնելը, ուրեմն մենք այն կտոնենք իսկապես վտանգավոր վայրում, որպեսզի սովորեք վտանգավորը անվտանգից տարբերել: Իսկ այնտեղի անվտանգասեր ղեկավարության հետ վիրտուալ «պոլեմիկան» Սեբաստյան Ֆետտելն ավարտեց հրաշալի վերջակետով, երբ Աբու Դաբիում հաղթելուց հետո կրկին «պոնչիկներ» պտտեց, սակայն այս անգամ արդեն անվտանգության գոտում, որից հետո արդեն մեքենան հասցրեց փակ պարկ: Հետաքրքիր էր լսել, ֆինիշից հետո միացված, Ֆետտելի թիմային ռադիոն, որում նա առարկեց իր ինժեներին, ասելով. «Այո, այո ես գիտեմ` ինչ եմ անում»:

Ահա թե ինչպիսին է նա, մեր նոր քառակի չեմպիոնը և նրա թիմը, որի շնորհիվ, հուսանք, որ ֆինիշից հետո «պոնչիկների» միջոցով տոնվող հաղթանակը կդառնա ավանդույթ: Դրա համար մեծագույն շնորհակալություն Ռեդ Բուլլին և նրա պիլոտներին: Հետաքրքիրն այն է, որ վաղեմի ավանդույթների վերականգման համար պայքարում է ոչ թե Ֆեռռերին, ՄաքԼառենը կամ Ուիլյամսը, այլ անգամ 10 մրցաշրջան չանցկացրած մի թիմ: Այսքանը: Թույլ տվեք պիլոտներին տոնել իրենց հաղթանակները: Մենք`երկրպագուներս, դրա կարիքը շատ ենք զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել