Տավուշից սկիզբ առած ժողովրդական քայլերթն իշխող «Քաղպայմանագրում» ակնհայտ դիսկոմֆորտ է առաջացրել։ Երեկ ՔՊ ֆրակցիան խորհրդարանում խոնարհ հարս էր հիշեցնում, ընդդիմադիրներին շշպռող ու տեղի-անտեղի վիրավորող պատգամավորները զարմանալիորեն զուսպ ելույթներ էին ունենում, շարքայինները հրաժարվում էին հարցազրույցներ տալուց, խոսողները փորձում էին խոսքը կիրթ ձեւակերպել։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ «ուսապարկերին» վերեւից զգուշացրել են՝ զգույշ արտահայտվել, որ փողոց ելած մասսան չկրկնապատկվի:

Իշխանության «բետեէռ»-ի` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նյարդային, լարված պահվածքն էլ էր մատնում իշխանության վախերը: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հրատապ ասուլիս է հրավիրել, պարզ դարձավ, որ իշխանությունը ցնցումների մեջ է:

ԱԺ նախագահը, որ նախկինում խուսափում էր լրագրողներից, ինքնակամ նետվեց ճեպազրույց տալու` փորձելով շարժումը կրկին կապել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ բոլոր նախկինների հետ. «Մեկ է` վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյան Արթուրին, էն մնացածին բերելու են ցույց տան, ասեն՝ էս են, էս մարդիկ։ Գնում են ուրիշ դեմքով, գալիս են նույն դերակատարները»: Բայց, հավանաբար, այս հայտարարությունը չէր գոհացրել շեֆին, ուստի ԱԺ նախագահը մի հատ էլ արտահերթ ելույթ ունեցավ ու ցեխ շպրտեց ոչ միայն նախկինների, այլեւ եկեղեցու, նրա «որոշ» սպասավորների վրա։ Խորհրդարանի խոսնակի ասելով՝ իշխանափոխության վտանգ չեն զգում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026-ին։

Երբ թարմացրին Սիմոնյանի հիշողությունը, որ իրենք էլ են փողոցային շարժմամբ եկել իշխանության, արձագանքեց՝ այն ժամանակ իշխանությունը ձեւավորված չէր ընտրությունների միջոցով, եւ ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը: Իսկ հաջորդ իշխանությունները, ըստ ԱԺ նախագահի, կարող են ձեւավորվել միայն ընտրությունների միջոցով։ ԱԺ ամբիոնից արդեն Սիմոնյանի ելույթը կարծես Փաշինյանը գրած լիներ՝ ոճը, բառապաշարը լրիվ նրա ճաշակով էր։ Փորձեց սպառնալ, թե իշխանափոխությունից հետո պատերազմ է լինելու․ «Վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է, վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ»: Ապա, չգիտես ինչու, հիշեց, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, Հայ եկեղեցին լի է պարկեշտ մարդկանցով, բայց. «Ինչ դուք անում եք,... մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում մոմի տակ, որ մոմից էսքանը մնա, հալացնեն, մոմ սարքեն` նորից վաճառեն: Տնտեսական հիմնարկ է դարձել: Գիտե՞ք մոմի շահույթն ինչքան է, հարյուրապատիկ շահույթով»: Հետո ավելի նիկոլական դարձավ տեքստը. «Եկեղեցին ո՞նց կարա կանգնած լինի քաղաքականության ակունքներում: Գնացեք կուսակցություն գրանցեք: Դոգի կուսակցությունը կա, թող մի հատ էլ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք»:

Գեղարքունիքի մարզը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Նարեկ  Գրիգորյանին հարցրինք՝  չի՞ վախենում, որ համաժողովրդական շարժում  կձեւավորվի։ «Ես ոչ մի բանից էլ չեմ վախենում, բայց դուք լավ վերնագրեր չեք դնում, հարցազրույց չեմ տալիս»։

Գյումրուց Դավիթ Առուշանյանը վստահ է. ժողովուրդն իշխանափոխություն չի պահանջի՝ հասնելով Երեւան․ «Իրենք խնդիր ունեն բարձրաձայնելու` բարձրաձայնում են։ Բնական է՝ երկիր է, մեկը կողմ կլինի մեր քաղաքականությանը, մյուսը՝ դեմ, Հայաստանը ժողովրդավար երկիր է, բոլորն էլ իրավունք ունեն ազատ կարծիք հայտնել, ժողովուրդն ամեն ինչ տեսնում է եւ գիտի ամեն ինչ»։ Այդուհանդերձ, եթե ժողովուրդն իշխանություններից պահանջի հեռանալ, Նիկոլ Փաշինյանն իր խոստմանը համաձայն կհեռանա՞, դեռ հեղափոխության օրերին էր հայտարարում՝ որ օրը այս հրապարակից պահանջեք, որ գնամ, ես կգնամ։ «Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է իր բոլոր խոստումներին, բայց ես կարծում եմ, որ ընտրությունների միջոցով պետք է իշխանություն ձեւավորել»: Մոռացաք 2018-ը։ «18-ը չեմ համեմատի երբեւիցե տեղի ունեցած այլ շարժումների հետ, իհարկե, բացի անկախության շարժումից, որ տեղի ունեցավ 88-ին, որովհետեւ այն անկեղծ էր ու ինքնաբուխ, իսկ սա` ժողովուրդն ինքը հետեւություններ կանի․․․ եթե կգտնեն անկեղծություն, իրանք էլ կմիանան, ուստի եկեք սպասենք՝ ինչ ընթացք կունենա այս ամենը»։

Հովիկ Աղազարյանին հարցրինք՝ մտահոգություններ ունի՞, որ կարող է իրենց իշխանության վերջը գալ։ Պատասխանեց՝ ոչ․ «Իշխանությունները հավերժ չեն, մի օր պիտի փոխվի, բայց պիտի փոխվի անցնցում, մտահոգությունն այլ բանի հետ է կապված` բույլը, որ հավաքված է Բագրատ սրբազանի շուրջ՝ Ռոբերտ Քոչարյան,  Սերժ Սարգսյան եւ այլք, իրենք վստահ են, որ ընտրությունների արդյունքում իշխանություն չի փոխվելու, որովհետեւ ժողովուրդը մեզ է ընտրելու, հետեւաբար՝ իրենք պետք է այս ներկայացման արդյունքում փորձեն հրապարակ հանել մեզնից նեղացած, մեր որոշ քայլերից դժգոհ քաղաքացիների բազմություն, ինչպես նաեւ իրենց կողմից կերակրվող, ֆինանսավորվող մարդկանց, ստեղծեն նոր միավոր, մարդկանց խմբաքանակ՝ 10-15 հազարանոց, եւ դա օգտագործեն որպես ճնշման միջոց, ընդհուպ իրականացնեն Հոկտեմբերի 27, որովհետեւ այդ 10 հազարի մեջ միշտ կան էն 200 հոգին, ովքեր պատրաստ են սեւ գործ իրականացնել ու այդպիսով հեղաշրջում իրականացնել: Եթե Բագրատ սրբազանի առաջնորդությամբ հազարավոր մարդիկ փողոց դուրս գան, ու գնանք ընտրության, այ, դա ուրիշ բան, դա ինձ չի անհանգստացնում»: Հարցրինք՝ 2018-ին ինչպես Սերժ Սարգսյանը դիմում գրեց, հույս չկա՞, որ «ժողվարչապետն» ինքնակամ կհեռանա։ «Եթե հարյուր հազար ժողովուրդ դուրս գա հրապարակ, Դուք ճիշտ եք՝ այդպիսի հարց կառաջանա, կգրի, թե չի գրի, դա այլ հարց է, բայց այդպիսի հարց կառաջանա, եթե փողոց դուրս գան հարյուր հազարավոր մարդիկ»:

Նկատեցինք, որ ժամանակները փոխվել են, ժողովրդին պատերազմով կոտրել են, Արցախի հանձնումով  ընկճել, գուցե հարյուր հազարները փողոց դուրս գալու սիրտ չունեն, բայց ակնհայտ է, որ մերժում են իրենց։ «Հարյուր հազարներ չեն դուրս գալու փողոց, որովհետեւ․․․ իրենք պետք է փողով-մողով մարդ բերեն»: Ուզում եք ասել, որ ովքեր փողոց են դուրս գալիս, փողո՞վ են նրանց դուրս բերել, ոչ թե հայրենիք կորցնելու վտանգի պատճառով։ «Մեծ մասը՝ այո․․․ ուզում եք ասել, որ Քեթրինի Միհրանը հայրենիքի համա՞ր է պայքարում, կամ Վանեցյանը, որ երկու տղերքին  բանակից փախցրել է... ձե՞ռ եք առնում․․․ Սրբազանը շիրմա է, սրանք են նրանց թիկունքում, մարդիկ շատ լավ հասկանում են՝ ով ով է, երբեք 100 հազար մարդ դուրս չի գա փողոց»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել