Հաղթանակն ու առաջ գնալու ձգտումը ունեն միայն մեկ թերություն . հաճախ  տարվելով առաջ գնալու ու հաղթանակի հասնելու խաղով , մենք սկսում ենք վազել , որպեսզի արագ  տեղ հասնենք ու մոռանում ենք  , որ  հաղթանակը պետք է հաստատուն լինի :
Հաղթանակին ու նպատակին  հասնելը նույնպես խաղ է : Բայց հաճույք պետք է ստանալ ոչ թե բուն հաղթանակից , այլ դեպի հաղթանակը տանող ճանապարհից ,   խաղի ընթացքից  : Ստեղծել սեփական կանոններ, քայլել առաջ  ու չվախենալ բարդացնել խաղը , ընդունել  դիմացինի խաղի կանոնները, որպեսզի հետո  կարողանաս թելադրես  քոնը ու խաղը վերցնես քո ձեռքը ՝ սա է հաճույքը :

   Չպետք է մոռանալ , որ   ամուր է այն շենքը , որի հիմնասյուներն ու հիմքն է ամուր : Իսկ մեր  հաղթանակի հիմքը պետք  է ամուր կառուցել : 
 Երբեմն մեզ վախեցնում  է մեր ճանապարհը :  Դեպի նպատակ տանող ճանապարհը միշտ երկար է թվում :  Ու մեզ անընդհատ թվում է , թե չենք հասցնի ,  որ ինչ-որ բան այնպես չէ , որ մենք չենք գնում առաջ  : Ու այդ մտքով էլ ահաբեկված ՝ սկսում ենք վազել :  Միգուցե վազելով  շատ արագ հասնենք ճանապարհի ավարտին , սակայն  մենք շատ արագ կկորցնենք այն ամենը , ինչին այդպես արագ հասանք :
 Պատկերացրեք , որ ձեր առջև դրված է գիրք , որն ունի հազար էջ : Այո, բավականին ծավալուն գիրք է : Դուք պետք է կարդաք այդ գիրքը :
  Դուք կարող եք մի քանի ամիս չկարդալ և ոչ մի էջ , բայց  վերջին երկու օրվա ընթացքում կարդալ ամբողջը :  Տեսականորեն դուք կարդացել եք այն , բայց մի քանի շաբաթ անց դուք ոչինչ այդ գրքից չեք հիշի , որովհետև  մեծ ծավալ ունեցող ինֆորմացիան պետք է  մաս առ մաս  ընկալել : Ուղեղն ի զորու չէ դիմանալ այդպիսի մեծաքանակ ինֆորմացիայի  :  Ինչպես արագ կարդացիք , այդպես արագ էլ մոռանալու եք :

Կարող եք էջեր բաց թողնել ,   չկարդալ ՛՛անպետք՛՛ հատվածները : Այդպես դուք կհասկանաք գրքի բուն իմաստը ,  բայց չեք հասկանա գրքի գեղեցկությունը , քանի որ բոլոր այդ նկարագրություններն ու երկխոսություններն են գրքին երանգ տալիս :  Իմանալ գրքի բովանդակությունն ու հասկանալ գիրքը ՝ նույնը չէ :  Գիրքը հասկանալու համար նախ պետք է հասկանալ ու ընկալել գրքի բոլոր երանգները , ծանոթանալ ամբողջ ներկապնակին :
 Եվ կա երրորդ տարբերակը . դուք կարող եք օրական կարդալ , ասենք,  քսան էջ : Ոչ ավել, ոչ ՝ պակաս : Ուղիղ քսան էջ :  Մտածում եք , որ քիչ է , չէ՞ :
Ամեն օր դուք հաստատուն կգնաք առաջ : Կգնաք առաջ փոքր քայլերով ,  բայց այս դեպքում կարևոր է ոչ թե քայլի չափը , այլ հաստատուն առաջ  գնալը :  Միգուցե  դուք ավարտեք ձեր գիրքը  երկու ամսից , բայց դուք   կկարդաք գիրքը հասկանալով :  Երբ դուք չեք սկսի վազել քանակի ետևից ՝ որակ կստանաք :  Դուք կհասկանաք հեղինակի գրած ոչ թե տողերը , այլ ՝ տողատակերը : Դուք կվայելեք բոլոր նկարագրությունները , դուք կսկսեք ապրել այդ գրքով  ու  ընթերցանությունը կդառնա ոչ թե   անտանելի վազք ,  այլ ՝ հաճույք :
 Կյանքն էլ գիրք ընթերցելու պես մի բան է : 
Մինչ շտապում ենք վազել  դեպի նպատակներ արժի մի պահ մտածել . արդյո՞ք մեր հիմքը ամուր է ,  արդյո՞ք  նպատակին հասնելուց հետո մենք  արագ չենք գլորվի ներքև ...
Բոլոր ճանապարհները միանման են . նրանք մեզ տանում են կամ տատասկների միջով , կամ դեպի տատասկներ :

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել