Esem.am-ը գրում է.

Ասում են` աղջիկներին հատուկ է մի զգացմունք, որը նախ և առաջ իրենց է վնասում` թույլ չտալով առաջ գնալ և կերտել սեփական ուղին: Նախանձ: Այս անգամ խոսելու ենք մարդկային ամենամեծ արատներից մեկի մասին, որը կարող է փչացնել ամենալավ հարաբերություններն ու ամենակայուն թվացող ընկերությունը, ինչպես նաև պատնեշ դառնալ նոր հարաբերություններ կառուցելու համար: Երևույթը կարող է նաև անքնության, եղունգները կրծելու և տան պարագաները կոտրելու պատճառ դառնալ:

Նյարդային լարվածությունը, որ առաջ է գալիս նախանձի պատճառով, վնասում է հենց նախանձողին, այնպես որ, պետք է մի լավ մտածել` արժե՞ նախանձել. այդ ժամանակն ու էներգիան կարելի է ավելի տեղին օգտագործել և հասնել նպատակակետին: Քո հաջողությունը քո´ ձեռքերում է, այնպես որ, գործի´ անցիր :)

Երևույթը վերագրում են աղջիկներին, այդ իսկ պատճառով զրուցել ենք իգական սեռի ներկայացուցիչների հետ, ովքեր ևս կարծում էին, որ աղջիկների անունն է շահարկվում, սակայն տղաները ոչնչով չեն զիջում:

Հայտնի մարդիկ հաճախ են հայտնվում նախանձի կիզակետում, հետևաբար լավ են պատկերացնում խնդրի էությունը :)

 Տաթևիկ Ադումյան«Իմ մասին խոսողներն ինձ «օգնում» են առաջ գնալ» 

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանի խոսքերով` իր համար բարդ է խոսել նախանձի մասին, քանի որ այդ զգացումն իրեն շատ խորթ է: Անգամ փոքր տարիքում նա չի նախանձել որևէ մեկին: «Ըստ իս` նախանձի հիմքում ընտանիքի բացթողումն է. հասունացման շրջանում ծնողը քիչ է շփվում երեխայի հետ: Եթե մարդ կարողանում է ձերբազատվել նախանձից, նշանակում է հզոր մարդ է,- ասաց Տաթևիկն ու ընդգծեց, որ նախանձից ձերբազատվելու համար պետք է գիտակցել սեփական առավելություններն ու աշխատել դրանք զարգացնելու վրա` հավելելով,- նախանձն առաջանում է թերարժեքության զգացումից: Ինքնաքննադատ լինելը շատ լավ է, սակայն թեարժեքությունն այլ բան է»:

Ըստ դերասանուհու` ինքն ուշադրություն չի դարձնում իրեն նախանձողներին: «Գուցե նախանձում են, սակայն դա ինձ վրա չի անդրադառնում: Ես ավելի կարևոր գործեր ունեմ, քան ինձ նախանձողների մասին մտածելը: Եթե իմ մասին չխոսեն, չնախանձեն, դա արդեն վատ է, նշանակում է ինձանից ոչինչ չեմ ներկայացնում: Իմ մասին խոսողներն ինձ «օգնում» են առաջ գնալ,- ասաց նա և հավելեց, որ նախանձը միայն աղջիկներին հատուկ չէ: -Կարծում եմ` տղաների մեջ նախանձն ավելի շատ է: Չկայացած տղան նախանձում է կայացածին` կարծելով, թե նրա բախտը բերել է, և չի մտածում, որ դա ոչ թե բախտի, այլ աշխատանքի արդյունք է»:

 Քրիստինե Պեպելյան«Չես կարող ասելես շատ բարի թույնով եմ թունավորում քեզ»:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը վստահեցնում է, որ երբևէ չի մտածել այն մասին, որ կան մարդիկ, ովքեր իրեն նախանձում են: «Գուցե ես ուղղակի չեմ ապրում այդ տեսակ մտքերով, չեմ կենտրոնանում այն մտքի վրա, որ մարդը կարող է չար լինել»,- ասաց Քրիստինեն ու հավելեց, որ այն հայտնիները, ովքեր իսկապես զբաղված են իրենց  գործով, ժամանակ էլ չունեն մտածելու, որ իրենց նախանձում են: -Հավատացե´ք, հայտնի մարդիկ հիմնականում չեն էլ նկատում իրենց նկատմամբ նախանձը: Եթե մարդն իր էությամբ սրտաբաց և լուսավոր է, երբեք չի նախանձում և չի նկատում դա»:

Ըստ Քրիստինեի` բարի և չար նախանձ չկա: «Իրականում նախանձը թույն ունի իր մեջ: Չես կարող ասել` ես շատ բարի թույնով եմ ուզում թունավորել քեզ,- ասաց Քրիստինեն` նշելով, որ շատ կարևոր է նաև, թե ինչպես է դիմացինդ ընկալում քո խոսքերը:- Լինում է իրավիճակ, երբ ինչ-որ բան տեսնում ես ու ասում` երանի ինձ մոտ էլ այսպես լիներ: Դա չի նշանակում, որ նախանձում ես, սակայն եթե դիմացինդ ամեն ինչի մեջ ենթատեքստ ու վատ բան է տեսնում, կարող է որպես նախանձ ընկալել»: Քրիստինեի հավաստմամբ` փոքր տարիքում էլ ուրախացել է այն ամենով, ինչ ունեցել է և երբեք չի մտածել, թե մյուսն իրենից ինչով է առավել, որ ունի ավելին, քան ինքը: «Միշտ մտածել եմ, որ ամեն ինչ ժամանակի հարց է: Կարիք չկա դա դարձնել կյանքի հարց ու հիվանդանալ դրանով՚,- նկատեց երգչուհին:

Նրա համոզմամբ` նախանձը մարդուն բնությունից է տրվում, սակայն ընտանիքն էլ իր դերն ունի դրա զարգացման հարցում, քանի որ երեխան սպունգի պես կլանում է ամեն բան: «Ամեն դեպքում, չեմ հավատում, որ մարդը, ով իր էությամբ նախանձ է և անկուշտ,  չի կարողանում ուրախանալ այլ մարդկանց հաջողությամբ, կկարողանա փոխվել: Իմ կարծիքով` դա մարդկային տեսակ է: Մարդն այդպիսին ծնվում է»,- ավելացրեց Քրիստինեն:

Ըստ նրա` նախանձը սեռային տարանջատում չունի. «Դա մարդկային որակ է, այսինքն` անորակություն, որ հատուկ է բոլորին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել