Mardasirutyan masin

Նշանավոր երեք ավազակներ կային, ովքեր տարբեր տեղերում բազմաթիվ չարագործություններ էին անում: Սրանք մի
անգամ գալիս են մի վանք և որևէ ուտելիք խնդրում: Իսկ վանքի վերակացուն նրանց սաստիկ խոսքերով կշտամբում է՝ ասելով.
– Դուք արյունարբու, գող ու ավազակ եք, ոչ միայն ուրիշների վաստակածը հափշտ ակելուց չեք ամաչում, այլև անամոթաբար
Աստծո ծառաներին տրված ողորմությունն ուտել եք համարձակվում: Արժանի չեք, որ հողը ձեզ հանդուրժի, քանի որ ո՛չ Աստծուցեք երկնչում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Հեռո՛ւ մնացեք ձեր չար գործերով հանդերձ և այստեղ այլևս նորից մի՛ դարձեք: Իսկ նրանք, զայրանալով, մեծ սրտմտությամբ հեռացան: Եվ ահա վանահայրը, նույն օրն այլ տեղից գալով, մի քանի նկանակ ու մի շիշ գինի իր հետ ունենալով և վերակացուից լսելով, թե ավազակներին ի՛նչ պատասխան էր տվել, նրան հանդիմանեց` ասելով.
– Այդ բանն անիրավացիորեն ես արել, քանի որ մեղավորներն առավել հեշտությամբ դարձ են ունենում մարդասիրությամբ ու քաղցրությամբ, քան թե սպառնալիքներով ու խստությամբ, որովհետև Քրիստոս Աստված` մեր Վարդապետը, ում Ավետարանը խոստացանք պահել, ասում է. «Բժիշկն առողջների համար չէ , այլ հիվանդների: Ես չեկա կանչելու արդարներին, այլ` մեղարվորներին» (Մատթ., 9, 12-13): Այդ պատճառով էլ շատ անգամ մեղավորների հետ էր հաց ուտում: Արդ, որովհետև դա արել ես ընդդեմ սիրո և Քրիստոսի պատվիրանի, սուրբ հնազանդության համար քեզ հրամայում եմ, որ անմիջապես առնելով այս նկանակն ու շշով գինին` ավազակներին շուտափույթ փնտրես և, նրանց գտնելով, իմ անունից ընծայես: Եվ ապա նրանց առաջ ծնկելով` խոնարհությամբ խոստովանես հանցանքդ, որ նրանց հետ այդպիսի տմարդությամբ ու խստությամբ ես վարվել: Եվ նրանց աղաչես, որ այլևս այդպիսի չարիքներ չգործեն, այլ Տեր Աստծուց երկյուղեն և ընկերներին չվնասեն: Եվ եթե այս անեն, խոստանում եմ նրանց մարմնական բոլոր կարիքների մասին հոգ տանել: Այս ասելով նրանց՝ կվերադառնաս: Եվ երբ նա գնաց ավազակներին փնտրելու, վանահայրն աղոթքի կանգնեց առ Աստված, որպեսզի նրանց զղջում և ապաշխարության դարձ տա:
Արդ, երբ ավազակներն այն ողորմությունն էին ուտում, որն Աստծո մարդն էր ուղարկել նրանց, միմյանց հետ սկսեցին խոսել՝ ասելով. «Վա՜յ մեզ՝ եղկելիներիս և թշվառներիս, թե դժոխքի ինչ մեծ ու անտանելի տանջանքներ են մեզ սպասում, մենք, որ ոչ
միայն մարդկանց ունեցվածքն ենք կողոպտում, այլև կյանքից զրկում, և սակայն այսքան մեծամեծ չարիքների և մարդասպանությունների համար ամենևին ո՛չ Աստծո երկյուղ, ո՛չ էլ խղճմտանք ունենք: Եվ ահա այս սուրբ եղբայրը, որ մեզ մոտ է եկել աննշան խոսքերի համար, որով մեր չարիքների համար մեզ արդարացիորեն հանդիմանել էր, մեր առաջ իրեն այսքան խոնարհեցնում և դատապարտում է, մանավանդ որ այսպիսի առաքինի ու սուրբ մարդը մեզ այսչափ առատ խոստում է պարգևում, հաց ու գինով մեր պետքերը հոգում: Արդարև դրանք են Աստծո սրբերը, ովքեր երկինքը պիտի ժառանգեն: Իսկ մենք՝ կորստյան որդիներս, մեր հավիտենական ու դժոխային տանջանքերն օրըստօրե ավելացնում ենք, չգիտենք, որ մեր այսքան չար ու զազիր գործերի համար Աստծուց կարող ենք ողորմություն գտնել»: Երբ նրանցից մեկն այսպիսի բաներ էր ասում, մյուս երկուսն ասացին.
– Հապա ի՞նչ անենք: Նա էլ պատասխանեց.
– Երթա՛նք Աստծո մարդու մոտ, և եթե մեզ հույս տա, որ մենք` այսպիսի չարագործներս, Աստծո ողորմությունը կարող ենք գտնել, որ ինչ որ մի անգամ մեզ պատվիրի՝ կկատարենք, միայն թե մեր հոգիները դժոխքի գեհենից ազատել կարողանանք:
Եվ երեքն էլ, համաձայնվելով և իսկույն Աստծո մարդու մոտ գալով, ասացին.
– Հա՛յր, մենք մեր մեծամեծ չարիքների պատճառով տարակուսանքի մեջ ենք, արդյո՞ք կարող ենք Աստծո ողորմությունը
գտնել: Բայց եթե դու մեզ հուսադրես, թե Աստված Իր երեսը մեզնից չի դարձնի, ահավասիկ, պատրաստ ենք քո առաջ ապաշխարել և ինչ որ մեզ մի անգամ պատվիրես, ըստ ամենայնի կամենում ենք հնազանդ լինել: Իսկ Աստծո մարդը նրանց սիրով ու քաղցրությամբ ընդունեց և, զանազան ապացույցներ մեջտեղ բերելով, հավաստիացրեց, որ Աստծուց մարդասիրությունը կգտնեն: Ինչպես նաև խոստացավ, որ Տեր Աստծո շնորհն ու ողորմությունը կգտնեն` նրանց ուսուցանելով, թե ինչպես է Աստծո մարդասիրության մեծությունը հաղթահարում և ամբողջությամբ ծածկում մեր անթիվ մեղքերը, թեկուզ անսահման լինեն, և մանավանդ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեղավորների համար էր աշխարհ եկել, որպեսզի նրանց փրկի:
Արդ, ավազակները, հրաժարվելով աշխարհից և իրենց չարագործություններից, Տեր Աստծո կողմից ընդունելի եղան, ովքեր
և Նրան մարմնով ու սրտով հարեցին: Նրանցից երկուսը, գովելի վարք ունենալով, քիչ ժամանակ հետո Տիրոջից հրավիրվեցին
այս աշխարհից փոխադրվել: Իսկ երրորդը երկար ապրեց, ով միշտ մտածելով իր ծանր ու զանազան մեղքերի մասին, այնքան ապաշխարություն դրեց իր վրա, որ տասնհինգ տարի, այսինքն` ինչքան որ ապրեց, հացով ու ջրով էր միայն անցկացնում, միշտ բոկոտն շրջում, գիշերն աղոթքի կանգնում և մինչև առավոտ չէր քնում: Եվ ապա այդպիսի ճգնասեր առաքինությամբ հրեշտակների առաջնորդությամբ Աստծո մոտ տարվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել