" Չարղարա գետում լվացք էի անում, մեկ էլ երեք հոգի` մեկը սպիտակ ձիով, երկուսը ոտքով, մոտեցան ինձ, բա`Թագուն ջան, էս ի՞նչ լավ գործի ես: Ես էլ ամոթից կարմրելով պատասխանեցի, թե` Մոսո ապի, մամեին եմ օգնում: Էնքան էլ ծարավ էի, քրտինքի մեջ կորած, շորերիս փեշերն իրար վրա եկած,- հիշում է 90-ամյա Թագուհի տատն ու հառաչելով շարունակում: - Մոսո ապին ձիուց իջավ, բոխչայից հանեց բաժակն ու գետից խմելու ջուր տվեց, ես էլ կեսը խմեցի ու մյուս կեսը լցրեցի գետը ":
Փանիկ գյուղի ամենատարեց բնակիչը մինչև հիմա էլ հիշում է իր այս երազն ու պատմում գյուղի ջահելներին, հենց մոտենում է Սուրբ Սարգսի տոնը: Թոռներին ու ծոռներին մինչև հիմա էլ թույլ չի տալիս աղի բլիթ ուտել, վախենում է աղի բլիթի "զորությունից ": " Ես ինչ խերվեցի, որ իրենք ինչ խերվեն, աղի բլիթ կերա ու երազս հելավ, դե թող ասեն սուտ է ",-ասում է Թագուհի տատը:
Երազը տեսնելու հաջորդ օրն իսկ Կարապետյան Թագուհիենց տուն եկել են երազի նույն երեք անձինք` նրան հարս ուզելու: "Տատիկս ու Թովմաս պապիկս միասին ընկերություն են արել 7 տարի, միասին մասնակցել են մայիսյան ապստամբությանը, պապիկս գյուղի առաջնորդն էր ապստամբության ժամանակ, տարան բանակ ու մի քանի տարի լուր չունեին, հետո լուր էր ուղարկել տուն, թե բանակից հետ չի գա, մինչև տատիս չգան հարս ուզելու ",-պատմում է Թագուհի տատիկի թոռնիկը` 52-ամյա Փառանձեմ Գինոսյանը:
Փառանձեմի խոսքով` գյուղի տարեցներն աղի բլիթ կերած տատիկի երազը մեկնաբանել էին որպես անհաջող ամուսնություն, որին հետևելու է բաժանությունը:
Երազի մեկնությունը կատարվել էր 5 տարի հետո:
"Մեր գյուղ մի կին եկավ. վարսավիր էր: Գյուղի տղամարդիկ հերթով գնում էին սրան այցելությունների, Թովմասս էլ ընկավ էդ ղախպի ցանցը: Մենք Լենինականում տուն էինք առել ու պիտի էնտեղ տեղափոխվեինք: Ու էն առավոտ, որ տան եղած-չեղածը կապել էինք ու պատրաստվում էինք ճամփա ընկնել, մեկ էլ հեռագիր եկավ Թովմասից. " Պապ ջան, էսօր մի եկեք, Թագունին ու երեխեքին էսօր չբերեք, թող մնան վաղը ես կգամ, կբերեմ ": Էդ օրը գյուղում սելկար (երթևեկում եինք ձիերով ու սելերով) պապս ասեց, թե հենց հիմա վեշերքը հավաքեք, սելով ճամփա ենք ընկնում, մենք էլ չնայեցինք նամակին, վեր կացանք ու գնացինք Լենինական",- հիշում է Թագուհի տատն ու արտասվում:
Հասնելով Լենինականի բնակարանին` Թովմասի հայրը նկատել է, որ տղան տանն ուրիշ կնոջ հետ է: Ծեծել է դուռը, տղան չի բացել, փոխարենը դռան հետևից պատասխանել է, որ բաժանվում է կնոջից: Հայրը վերցրել է հարսին ու երկու թոռներին, հեռացել: Հեռանալիս անիծել է տղային` ասելով` " տղա զավակ չունենաս ": Անեծքի ուժը հասել է որդուն, ու նա այդպես էլ մահացել է` երկրորդ կնոջից զավակ չունենալով:
Հավատա՞լ աղի բլիթի երազաբերությանը, թե՞ ոչ
Ցանկացած ավանդույթ կամ ժողովրդական սովորություն իր մեջ առասպելաբանության տարրեր է պարունակում: Բացառություն չէ նաև աղի բլիթի սովորությունը:
Հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Հայրապետյանը սովորույթն այսպես է մեկնաբանում. " Աղի բլիթ ուտելու ժողովրդական սովորության դեպքում մարդ իր սպասումները փորձում է սեփական պատասխանատվության և հոգեկան դաշտից հեռացնել` տեղափոխվելով այն պատահականությունների կամ բախտ, ճակատագիր կոչվածի վրա":
Ինչ վերաբերում է երազատեսությանը, հոգեբանը հակված է կարծել, որ մարդ արդիականացնում է այն սպասումը, որը ցանկանում է: Հոգեբանական տեսություններից մեկի համաձայն` եթե չի կատարվում այն, ինչ երազում տեսել ես, դու պարզապես մոռանում ես այդ մասին: Բանական և գիտական տեսանկյունից հնարավոր չէ, որ մարդ կարողանա տեսնել ապագան, նա պարզապես անցյալի փորձից ելնելով տեսնում է անձանց, դեպքեր կամ սեփական ակնկալիքները: Եթե սպասելիքներդ մեծ են, և հնարավոր չէ առօրյա կյանքում դրանց իրագործումը, կարող է ինֆորմացիոն և հոգեբանական խզում առաջանալ սպասելիքների ու իրական կյանքի միջև, իսկ ցանկացած խզում վտանգավոր է, քանի որ հղի է հոգեկան տրավմաներով:
Հոգեկան տրավմայի խորությունն ու սրությունը պայմանավորում են երկու գործոններ. թե ինչքան ինտենսիվ էին սպասելիքները, և թե ինչ սկզբունքով դրանք իրականացան կամ չիրականացան: Որքան հեռու գտնվեցին երկու գործոնների հատման կետերը, այնքան խորը կլինի տրավման:
Մարդիկ երազում տեսնեւմ են այն, ինչի կարիքը հատկապես ունեն: "Անգամ ֆիզիոլոգիայի տեսանկյունից այս դեպքում գործում է աղիի մեխանիզմը, որը ջրի պակաս է բերում երազում",-պնդում է հոգեբանն ու ասում, որ ինքը չի հավատում , որ երազում տեսած ինչ-որ մտքեր կամ երևույթներ ունենան այնքան էներգիա, որ կարողանան իրականում պայմանավորել մարդու ճակատագրի ընթացքը:
Փոխարենը խորհուրդ է տալիս "աղի բլիթակերներին"` հավատալ, որ երազում տեսնելով ինչ-որ բան` կարող են իրական կյանքում իրենց իսկ էներգիան օգտագործելով` իրականացնել:
Հուսահատությունը քրիստոնիայի համար չէ
"Հայ առաքելական սուրբ եկեղեցին կարևորում է սրբերի բարեխոսությունը, ոչ թե այնպիսի ժողովրդական սովորություն, ինչպիսին, օրինակ, աղի բլիթն է, որը ոչ մի հոգևոր կապ չունի սուրբ Սարգսի տոնի հետ, չնայած օրը համընկնում է: Եկեղեցին դեմոկրատ գտնվելով` պարզապես չի արգելել այս երևույթը",- ասում է Ս. Հովհաննես եկեղեցու հուրարակիր Հովհաննես Ներսիսյանը:
Եկեղեցին չի թխում, չի բաժանում և նույնիսկ չի օրհնում աղի բլիթը:
Աղի բլիթը ս. Սարգսի օրն են ուտում, քանի որ եկեղեցին սիրուն նվիրված ուրիշ տոն չունի: "Մեր հավատքն ուսուցանում է, որ մինչև պտուղը չհասնի, ծառից չի ընկնի: Եթե Աստծուց խնդրում ես, որ քեզ ու քո սիրո համար բարեխոս լինի, կամ որ գտնես քո ընտրյալին, պիտի հավատաս, քեզ մնում է հավատալ ու սպասել. հուսահատությունը քրիստոնիայի համար չէ":
P.S. Նրանք, ովքեր աղի բլիթ են կերել ու ոչ ոքի չեն տեսել, սակայն հավատում են դրա զորությանը, կարող են չմտահոգվել. Միգուցե առանց երազի էլ այս տարի բախտը ժպտա իրենց, և ամուսնանան, իսկ եթե ոչ, կրկին հոգ չէ , ուրեմն դեռ ծառից ընկնելու ժամանակը չի եկել:
Նյութի աղբյուր՝ http://www.argamblog.com/2012/02/blog-post_03.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել