FashionYan-ն այս անգամ քեզ կներկայացնի աշխարահռչակ բրենդներից մեկի`Christian Dior-ի ստեղծման պատմությունը:
14-ամյա Քրիստանի բախտը նայելիս գնչուհին կանխագուշակել էր` Դիորը շուտով աղքատանալու է, սակայն նրան հաջողություն ու գումար են բերելու կանայք: Հարուստ ընտանիքից սերող Քրիստիանը չէր պատկերացնում, թե ինչպես կարող է ինքն աղքատանալ, բայց գուշակությունից կարճ ժամանակ անց մահանում է նրա մայրը, իսկ հայրը սնանկանում է գործընկերոջ խաբեության արդյունքում:
Որոշ ժամանակ Քրիստիանը գոյատևում է ընկերների օգնության հաշվին, սակայն մանկության երազանքը` դառնալ նկարիչ, ստիպում է նրան գործի անցնել: Դիորը գլխարկների ու զգեստների մի քանի էսքիզներ է անում, որոնք գնում է «Ֆիգարո» ամսագիրը: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվում է: Իրական հաջողությունը, սակայն, գալիս է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տեքստիլի ոլորտում խոշոր մագնատներից մեկը առաջարկում է Դիորին դառնալ իր նորաձևության տան դիզայները: Դիորը համաձայնվում է` պայմանով, որ տունը կոչվելու է «Քրիստիան Դիոր»:
1947 թվականին տեղի է ունենում Դիորի հավաքածուի առաջին ցուցադրությունը` Corolle անվամբ, որը հետագայում ստանում է New Look անվանումը: Մեկը մյուսի հետևից պոդիում են դուրս գալիս գունեղ
զգեստներով աղջիկներ ու փարիզուհներին հիշեցնում կանացիության ու նրբագեղության մասին: Դիորի այս առաջին ցուցադրությունն ունենում է աննախադեպ հաջողություն: Որոշ ժամանակ անց «Քրիստիան Դիոր» նորաձևությանն տուն ուներ արդեն 100 մասնաճյուղ, որտեղ աշխատում էր մոտ 2000 մարդ: Դիորը նախընտրում էր ձեռքի կարը, և յուրաքանչյուր զգեստին մոտենում էր անհատապես: Շուտով Քրիստիանը որոշում է զբաղվել նաև օծանելիքի արտադրությամբ: Նա համոզված էր, որ
օծանելիքը կանանց հագուստի շարունակությունն է:Դիորի արտադրած առաջին օծանելիքներն են`Miss Dior, Diorama, Diorissimo, J’adore:
Դիորի հաջորդ քայլը կոսմետիկայի առանձին արտադրամաս բացելն էր: 1955 թվականից շուկա են մտնում Դիորի շրթներկերը, 1961 թվականից` եղունգների համար նախատեսված լաքերը:
Դիորը օրնիբուն ու քրտնաջան աշխատում էր, և դա չէր կարող չազդել նրա առողջության վրա: Նա մեկնում է Իտալիա` բուժվելու նպատակով, սակայն հենց այնտեղ էլ 1957 թ. հոկտեմբերի 24-ին մահանում է` սրտի կաթվածից:
Դիորի մահից հետո «Քրիստիան Դիոր» նորաձևության տան գլխավոր դիզայներ է դառնում Իվ Սեն Լորանը, ով Դիորի մոտ էր ընդունվել նրա մահվանից 4 տարի առաջ: 1960 թվականին, սակայն, նա կանչվում է ռազմական ծառայության և ստիպված է լինում լքել զբաղեցրած պաշտոնը: Նրան փոխարինելու է գալիս Մարկ Բոանը, իսկ նրանից հետո` 1989 թվականին, Ջանֆրանկո Ֆերրեն: 1996 թվականին «Քրիստիան Դիորի» գլխավոր դիզայներ է դառնում Ջոն Գալիանոն:
Ներկայումս «Քրիստիան Դիոր» բրենդը խանութներ ունի աշխարհի 40-ից ավելի երկրում: