Ինչ -որ մեկն ասել է՝ все было бы смешно, если не было бы так грустно, ու հիմա ամենաճիշտ պահն է հիշել այդ մեկին ու ցիտել նրան իմ գրառման մեջ: Միքանի օրվա ընթացքում ես հասցրի զգալ սեփական մաշկիս վրա խոսքի ուժն ու մարդկային անուշադրության կործանարար հետևանքները: Ինչ կապ ունեն սրանք իրար հե՞տ : Հիմա ամեն բան կկապվի:
Միայն իմ պես ամառը հոգու բոլոր միլիմետրերով ատող ու տանել չկարողացող մարդը կարող է հասկանալ, թե ես ինչպես էի սպասում աշնան գալուն: Այս ամառն էլ ավելի շատ էի ատում, որովհետև լուրջ պատճառներ ունեի դրա համար: Ատելի եղանակի ավարտին ես պատրաստվում էի ամենայն խնամքով ու հոգատարությամբ: Սեպտեմբերի մեկին ես արթնացա ու նկատեցի, որ իմ մեջ վերածնվել է այն արևն ու կյանքը, որը մեռել էր երեք ամսով ու խորը թաղվել գրողների ծոցերից որևէ մեկում: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Ֆենիքսին հատուկ ինչ-ինչ գծեր ունեմ. մոխրից վերածնվել եմ կարողանում: Իսկ դա, ինչ խոսք, հրաշալի բնավորության գիծ է: Եվ այսպես, բոլորովին նոր Սյունեն պատրաստ էր ոտք դնել սիրելի համալսարան՝ արդեն երկորդ կուրսեցու՝ տանտիրոջ կարգավիճակով:
….Տարին սկսեց ոչ այնպես, ինչպես ես էի պլանավորել: Ոտքս դնում եմ համալսարան…հը՞ : Ո՞վ ա փոխվել, ե՞ս : Նիհարել եմ…չէ, դիետա չեմ պահել,ես դեմ եմ ամեն տեսակ տենց զիբիլներին, հետո ես հայտնի հիվանդագին քաղցրակեր, ինձից ի՞նչ դիետա…Շատ եմ նրբացե՞լ: Վայ շնորհակալ եմ, ժողովուրդ ջան: Էս կապույտ շորիկն էլ քեզ շատ ա սազում….Հը՞, չէ մազերս չեմ ներկել…Հը-ը, ոչ էլ կտրել եմ: Վայ անկեղծ եմ ասում: Մի բան ա փոխվե՞լ: Բայց ախր բան չեմ արել, է: Նույն իմ ոճում եմ , գոնե բարձրակրունկներով չեմ, որ ասեմ ՝ հա դե, ակնհայտ տարբերություն կա…Լու՞րջ, աչքերս սենց քսած շատ ա սազու՞մ: Վայ ապրես, ջան, դու էլ ես էսօր փայլում: Պայուսակս էլ ա լավը՞ : Շնորհակալ եմ, ուխ, լավ ա, որ հավանել ես…
STOP!! Ինչ-որ մի բան է կատարվում : Բայց այ ինչ՝ չեմ հասկանում: Իմ կուրսն այս տարի գրկել էր մի-մի փունջ կոմպլիմենտ ու ուղղակի հարձկվել ինձ վրա: Չէ, իհարկե չեմ բողոքում : Անասելի հաճելի էր, տարօրինակ էր, նմանատիպ արձագանքներ ես ուղղակի չէի սպասում: Ու հաճելի էր նաև գիտակցել, որ կուրսս սիրում է ինձ այնքան, ինչքան որ ես եմ նրան սիրում՝ չնայած որ ես մեր կուրսում մի փոքր տարբերվում եմ:
՛՛Լավ դե, սա ի՞նչ գրառման թեմա է, որ դու էլ գրում ես՛՛ կհարցնեք դուք ու գլուխներդ կտմբտմբացնեք: Անհամբեր եք, ժողովուրդ: Ամեն ինչ ուղղակի հրաշալի էր, երեք օր ես անընդհատ հաճոյախոսություններ էի լսում՝ չմոռանալով դիմացիններիս ինքս անկեղծ ժպիտներ նվիրել ու հաճոյախոսել: Բայց…Ես մոռացել էի, որ մի կուրսում, որտեղ ութսուն աղջիկ կա, ինֆորմացիան տարածվում է շատ արագ՝ այն էլ եթե դա ժուռֆակն է: Որտեղ ութսուն աղջիկ, այնտեղ բամբասանք: Որտեղ բամբասանք, այնտեղ ինֆորմացիայի խեղաթյուրում: Ապատեղեկատվություն ժուռֆակում՝ օրը ցերեկով:
Այն կուրսեցիներս, որոնք ինձ այդքան էլ չեն համակրում, սկսեցին ինձ թարս-թարս նայել ու քչփչալ, կուրսի այն մասը, ով ինձ շատ է սիրում, ամեն անգամ ինձ տեսնելիս ժպտում էր ու հետևիցս ինչ-որ լավ ռեպլիկ բաց թողնում: Կուրսի մյուս՝ ռոմանտիկ հատվածը համոզված էր. էս պատմության մեջ տղա կա խառնված, միանշանակ երկրորդ կեսիս եմ գտել, հենց դրա համար էլ էսպես փայլում եմ :
…Իսկ ահա չորրորդ օրը ես իմացա էնպիսի մի բան, որն ինձ ուղղակի ապշեցրեց: Պարզվեց, որ բոլորն ինձ վրա կենտրոնացել են այն պատճառով, որովհետև ես… վիրահատել եմ քիթս: Ա՜յ քեզ նորություն: Միջանցքում քայլելիս կուրսեցիներիցս մեկն ասաց ՛՛բայց լավ ա ստացվել՛՛, աչքով տվեց ու անցավ: Հմ…մտածեցի մազերիս հետ է երևի: Օ այդ տանջալից առավոտյան մազերը հարդարելու գործընթացը: Ինչ լավ է, որ լավ է ստացվել, մտածում էի լավ չեմ ուղղացրել մազերս: Փաստորեն՝ սխալվում էի: Ինձ ավելի ուշ լուսավորում են, որ խոսքն ամենևին էլ մազերիս մասին չէր: Բոլորն ուշադիր նայում էին դեմքիս: Ես ճպճպացնում եմ աչքերով ու բան չեմ հասկանում:
Դուք , իհարկե, կհիշեք գրառման սկզբում գրածս ցիտատը: Այս ամենն ուրախ էր, մի լավ ծիծաղեցի այդ օրը: Բայց երթուղային նստելիս տխրեցի այն պատճառով, որովհետև հասկացա, թե ինչքան անուշադիր են մարդիկ իրականում: Իմ քիթը՞ : Վիրահատված ու ձևափոխվա՞ծ : Գրողը տանի, ախր իմ միջնապատը երկու տեղից կոտրված է (ու ես հպարտանում եմ իմ կոտրվածքներով. խիզախությանս մասին են վկայում) : Եթե կողքից նայենք իմ քթին, կզգացվի, որ քթիս վրա թեթևակի ալիք կա: Ի՞նչ եք կարծում, վիրահատած քիթը կունենա՞ նման ալիք:
Իմ կուրսեցիներից և ոչ մեկ չնայեց իմ քթին: Բոլորը զբաղված էին ինձ քննարկելով: Ամենահետաքրքիրն այն էր, որ ես ՝ քիթս վիրահատելու մասին լուրն իմացա կուրսի տարբեր ընկերական խմբերից: Տխուր էր: Տխուր էր, որ ապագա ժուռնալիստները հիմնվում են բամբասանքի վրա և չեն ստուգում տեղեկատվությունը՝ երբ ես՝ տեղեկատվության աղբյուրս քայլում եմ իրենց կողքով ամեն օր:
Միթե ոչ մեկ չէր նկարտում , որ քիթս բացարձակ նման չի վիրահատած քթի: Ինչպե՞ս կարելի էր հավատալ դրան՝ առանց գոնե մեկ անգամ ուշադիր ինձ զննելու: Մարդկանց բնավսրությունն է. հավատալ այն ամենին, ինչ խոսում են ու չփորձել նույնիսկ ճշտել՝ ճշմարիտ է ասվածը, թե ՝ոչ : Խոսում են, ուրեմն էդպես է: Իրականում ամեն խոսք չէ, որ իր մեջ ճշմարտություն է պարունակում:
Իրականում շատ բան հասկացա այս ՝ միքանի օրվա ընթացքում: Առիթ չեղավ կուրսեցիներիս բացատրելու, որ ես այդքան փոխվել եմ, որովհետև երեք ամիս մեռած եմ եղել: Որ իմ հին՝ անսպառ էներգիան ստանալու համար ես ամիսներ շարունակ տանջվել եմ: Որ երջանիկ եմ իրենց տեսնել, որովհետև ամռան ընթացքում ես շատ եմ մտածել տարկետում վերցնելու ու այս տարի համալսարան չգնալու մասին: Շատ հնարավոր էր, որ ես ուղղակի չսովորեի իրենց հետ: Բայց կամ, եկել եմ: Ու ինձ աշխարհի ամենաուժեղ ու ամենադիմացկուն մարդն եմ զգում: Այ դրա համար էլ փայլում եմ ողջ ուժով ու դասերն ուղղակի կուլ եմ տալիս: Բոլորին ժպտում եմ, որովհետև բոլորին սիրում եմ: Ամիսներ առաջ մարդկությանը սպանել էի ուզում: Ու կսպանեի, եթե չալարեի իջնել ձեղնահարկ ու վերցնել կացինը: Ծուլությունս, փաստորեն, շատերի կյանքն է փրկել:
Բացատրել չէր ստացվի: Անկեղծ ասած՝ չէի ուզում: Ինձ հաճելի էր լսել լավ կարծիքներ արտաքինիս մասին ու պատասխան կոմպլիմենտներ անել:
Ահա այսքանը: Ուսումնական երկրորդ տարիս սկսեց արտաքինս քննարկելով, իսկ հաջորդ տասը օրը կուրսս, երևի , կքննարկի՝ ինչ էի ես ուզում ասել այս գրառմամբ. փորձում էի վիրավորե՞լ, թե՞ ամեն բան գրել եմ կատակով ու առանց հետին մտքի:
Ինչ խոսք, կուրս իմ, դու եզակի ես քո տեսակի մեջ: Չվիրահատած քիթս վկա՝ ճիշտ եմ ասում: