Little mouse sitting on a heap of coins on a white background

Մի մեծահարուստ ուներ մեծ ու ընդարձակ տուն` կից մի շինական աղքատի տան: Մի օր անկողնում պառկած` վշտանում էր և ննջել չէր կարողանում` ինչքեր ձեռք բերելու խորամանկության և առավել ագահության համար: Եվ լսում էր, որ աղքատը, թոնրի մոտ նստած, իր որդիների հետ ուրախանում էր, իսկ գիշերվա մնացած մասն անուշ քնով անցնում, առավոտյան էլ կինը հազիվ էր զարթնեցնում, որպեսզի վեր կենա և գործի գնա: Մեծահարուստը, այս լսելով և նախանձելով նրա ուրախությանը, մտածեց նրան իր տրտմությանն ու տառապանքներին հաղորդակից դարձնել: Գիշերը վեր կենալով և աղքատի տան դուռը բացելով` դռնից դրամով լի քսակ կախեց, ինչն առավոտյան աղքատը գտնելով, չէր կամենում սովորական ձևով դրամ վաստակելու գնալ, վախենալով, թե միգուցե մեկը գողանա այդ դրամը: Եվ մտքում վարանում էր, որ դրացիները կամ կինը չիմանան դրամը գտնելու մասին:
Ապա դրամը դրեց խոտի տակ, որտեղ ննջում էր, և պատճառաբանելով, թե հիվանդ է, պառկեց դրամի վրա, մինչևոր
դրամի ինչ անելը որոշի: Եվ երբ բազում օրեր այսպիսի վշտի մեջ էր, չէր ուրախանում և դադարել էր երգելուց, գիշերը նրա մոտ եկավ մեծահարուստը և նրա մասին հարցրեց: Կինը պատասխանեց.
– Հիվանդացել է:
– Ես իսկույն նրան կբժշկեմ, – ասաց մեծահարուստը:
Եվ գալով նրա մոտ` ծածուկ նրան ասաց. «Վերադարձրո՛ւ իմ դրամը, որ վերցրել ես այսինչ տեղից, ապա թե ոչ` քեզ կախել կտամ»: Աղքատն էլ, վախենալով, վերադարձրեց դրամը և նախկին ուրախությունը ձեռք բերեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել