ԱՄՆ Կոնգրեսի 13 անդամից բաղկացած խումբը դիմել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին՝ կոչ անելով թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածներ հասցնել ՌԴ տարածքին։ Կոնգրեսականները կարծում են, որ նման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ Ուկրաինայի զինված ուժերի վիճակը ռազմաճակատում զգալի վատթարացել է։

Նամակի հեղինակները պնդում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է թույլ տա Ուկրաինայի ռազմական ղեկավարությանը ցանկացած գործողություն իրականացնել։ Կոնգրեսականները նաև կոչ են արել ավելի շատ ուկրաինացի օդաչուների վերապատրաստել F-16 կործանիչներ վարելու համար և ավելի շատ օգնություն տրամադրել Ուկրաինային:

Նամակը ստորագրել է յոթ դեմոկրատ և վեց հանրապետական:

Մայիսի 15-ին Politico թերթը գրել էր, որ Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերի առաջխաղացման պատճառով Ուկրաինան պահանջում է ԱՄՆ-ից թույլ տալ ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Հրատարակության համաձայն՝ Սպիտակ տան քաղաքականությունը չի փոխվել, և մատակարարվող զենքերը նախատեսված են բացառապես «պաշտպանության, այլ ոչ թե հարձակողական գործողությունների համար Ռուսաստանի տարածքում»։ Ամերիկյան իշխանություններն արդեն մի քանի անգամ բարձրաձայնել են այս դիրքորոշումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել