ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախագահն իր ներածական խոսքում հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները։ Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է երկրի տնտեսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությանն ու դերակատարությանը՝ նկատի ունենալով, որ հանդիպմանը ներկա համայնքի ներկայացուցիչների աշխատանքային գործունեությունն առնչվում է հենց այդ բնագավառին:
Նախագահ Խաչատուրյանը մեծապես կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը:
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է իր այցի նպատակներին, այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու քննարկումներին, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին, ինչպես նաև խոսել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել