Henaran.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ ընթերցողից, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում խոշոր եղջերավոր անասունների եւ խոզերի հիվանդություն է տարածվել. գյուղացիները խուճապի պատճառով էժան վաճառում են հիվանդ անասունների միսը:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանին զարմացրեց մեր տեղեկությունը: “Առաջին անգամ եմ լսում, ես ինքս Վահագնի գյուղից եմ, խոզեր ունենք, բայց ոչ մի հիվանդություն չկա, հարկադիր սպանդ չկա”,-ասաց նա:
Վահագնի գյուղապետ Պետրոս Քոչինյանն էլ ասաց, որ համաճարակ չկա: “Դե անասունը էն բանն ա, որ միշտ էլ հիվանդանում է, էնպես չի, որ աֆրիկյան ժանտախտի նման համաճարակ ա: Մեկ-երկու խոզ գուցե հիվանդ են, բայց չեն մորթել, չեն ծախում”,-ասաց գյուղապետը:
Ինչ վերաբերում է խոշոր եղջերավորներին, ապա դրանց տիզ է կպնում եւ հնարավոր է հիվանդության պատճառով կաթ չտան: “Բայց անասնաբույժները սրսկում են, եւ այդքան էլ վտանգավոր վարակ չի լինում”,-եզրափակեց Պ. Քոչինյանը:
“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ Լոռու մարզի գյուղերից ահազանգ ստացել են: “Կոնկրետ Վահագնի մասով կարող եմ երկուշաբթի տեղեկացնել, բայց մի քանի համայնքում արձանագրվել է պաստերիլիոզ ”,-ասաց նա` ավելացնելով, որ իերնց կազմակերպությունը ռեսուրսներ չունի շուկայում ուսումնասիրություններ կատարելու:
Սննդի անվտանգության պետական տեսչությունից էլ մեր հարցմանը ի պատասխան խոստացան ճշտել եւ առաջիկայում տեղեկացնել: