Իրանի Հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հայտնի հայտարարությունից հետո իրանական հոգևոր-քաղաքական գործիչները շարունակում են զարգացնել վերջինիս հայտարարությունը՝ ամենատարբեր մակարդակներում։ Փաստացի այդ հայտարարությունն Իրանի ողջ քաղաքական դաշտի համար ուղենշային կարելի է համարել։
Մասնավորապես, Ա․ Խամենեիի խոսքերից հետո նմանատիպ մտքեր է արտահայտել նաև Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ հոջջաթ-օլ էսլամ սեյյեդ Մոհամմադ-Ալի Ալ Հաշեմը։
Իհարկե Խամենեիի խոսքերը կրկնել կամ զարգացրել են ամենատարբեր քաղաքների ուրբաթօրյա աղոթապետերը և քաղաքական գործիչները, բայց դրանց մեջ հատկապես կարևոր է Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետի ասածը։
Գաղտնիք չէ, որ ադրբեջանաթյուրքական քարոզչությունը փորձում է Թավրիզը ներկայացնել, ոչ թե իրանական, այլ, այսպես կոչված, ադրբեջանական քաղաք, նույնիսկ տարբեր լոզունգներ ունեն այդ մասին։ Փորձ են կատարում այնտեղ զարգացնել պանթյուրքիստական, անջատողական, կենտրոնախույս շարժումներ։
Այս ամենը շատ բացահայտ կերպով խրախուսվում է նաև դրսի ուժերի կողմից։ Օրինակ՝ Բաքվում Իսրայելի դեսպանն առանց նույնիսկ թաքցնելու իր ցանկությունները, հետևողական աշխատանք է տանում այդ ուղղությամբ։ Նա վերջերս Թվիթերում մի շարք սադրիչ գրառումներ է կատարել, որտեղ Թավրիզը ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք։
Սրա համատեքստում, չափազանց կարևոր է, երբ հատկապես Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետն է խոսում Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականության անընդունելի լինելու և սահմանի՝ հազարամյակների վաղեմություն ունենալու մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/pfbid0325tYKALR95h5QKgETErN6U1j3m7UpUixneRjUxRdzRPVGCd8hzjeYA8jhkJVGhDTl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել