uxtagnacutyun

Ուխտագնացությունը երկրից դեպի Աստված հոգևոր ճամփորդություն է՝ միջնորդված սրբավայրերով: Այն կապված է սրբացած տեղի գաղափարի և դեպի այդ սրբավայրը ձգտելու մարդկային բնական զգացման հետ: Ուղղափառ պաշտամունքի մեջ սուրբ վայրեր են Սուրբերի գերեզմանները, հրաշագործ տաճարները, պատմական և կրոնական հիշարժան դեպքերի հետ կապ ունեցող տեղերը:
Ուխտագնացությունների միջոցով քրիստոնյան խորհրդական ու աղոթական հայեցողությամբ հաղորդվում է անցյալի սրբազան ժառանգության հետ և դրանով իսկ կապ հաստատում ապագայի հետ, քանզի առանց անցյալի հետ կենդանի կապի անիմաստ է ապագայի հետ շփում ստեղծելու փորձը:
Այսինքն ուխտավորը հավատքով և իմաստությամբ առլեցուն այն անձն է, որը քաջ գիտակցում է իր անկատարելությունն ու մեղանչականությունը և պահանջ է զգում Աստծու և սրբությունների հետ հաղորդակցվելով ոչ միայն հագեցնել իր հոգեկան ծարավը, իմաստավորել իր կյանքը, այլև զորություն ստանալ Սուրբ վայրից՝ դիմակայելու գալիք փորձություններին:
Ուխտավոր հավատացյալը մտքի և հոգու ներդաշնակությամբ, ինքն իր հետ հաշտ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով պետք է ճանապարհ ելնի դեպի սրբավայր, քանզի նա պետք է բացի իր սիրտն Աստծու առջև և սկսի մտերմիկ զրույց՝ «ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ»:
Ուստի, ուխտագնացությունը հայ մարդու անհատական կամ հավաքական կյանքի հոգևոր դաստիարակման լավագույն միջոցառումներից է, որը դեպի հոգևոր վերածնունդ տանող ճանապարհն է:
Չպետք է մոռացության մատնենք մեր ազգին հոգևոր հաց պարգևող համազգային սուրբերին ու սրբավայրերը, քանզի մոռանալով նրանց՝ մենք մեզ ենք մատնում մոռացության: Զրկվել սուրբերի հետ հաղորդակցությունից և նրանց հրաշագործ ներկայությունից նշանակում է զրկել ինքներս մեզ և լքել մեր սրբություններն ու պատմությունը, որն աններելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել