2020 թվականի մարտի 16-ին արձանագրված կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 17 նոր և 0 մահվան դեպքերի պարագայում կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն։ Իսկ հիմա, երբ օրական 1000-ից ավելի դեպքեր են արձանագրվում ամեն օր, մահվան միջին 20 դեպքով, կառավարությունը ոչ միայն արտակարգ դրություն չի սահմանում, այլ անգամ կարանտինային միջոցառումներ չի իրականացնում։ Եթե մարդիկ կան, ովքեր դեռ չգիտեն այդ ամենի պատճառները, ապա հիշեցնեմ երկու փաստ․ 2020 թվականի ապրիլին հայտարարված էր Սահմանադրական հանրաքվե, որով իշխանությունները փորձում էին տապալել օրինական ձևավորված Սահմանադրական դատարանը, այնտեղից հեռացնել իրենց ազդեցությունից դուրս գտնվող դատավորներին, որպեսզի կարողանան Սահմանադրական դատարանի միջոցով վավերացնել Արցախը թշնամուն հանձնելու կապիտուլյացիոն պայմանագրերը և դրանից հետո վավերացնեն իշխանազավթման իրենց «ընտրությունների» արդյունքները։ Արդեն իսկ մեկնարկած քարոզարշավից պարզ էր դարձել, որ իշխանությունները չեն կարողանում ապահովել ընտրողների անհրաժեշտ մասնակցություն և կողմ քվեներ, ուստի հանրաքվեն տապալելու միակ իրավական հնարավորությունը՝ երկրում արտակարգ դրություն հաստատելն էր, որի պայմաններում, համաձայն Սահմանադրության, արգելվում են բոլոր տիպի ընտրությունների և հանրաքվեների անցկացումը։ Կյանքը ցույց տվեց, որ ժամանակին հնչող այդ անհանգստությունը բացարձակ ճշմարտություն է: Հանրաքվեն տապալելուց հետո, իշխանություններն իրենց առջև դրված խնդիրը լուծեցին Ազգային ժողովի մեկ իշխանական խմբակցության ուժերով, մի քանի ժամում, հակասահմանադրական եղանակով փոփոխություններ կատարելով Սահմանադրության մեջ։ Այնուհետև Արցախը հանձնեցին թշնամուն, որից հետո կազմակերպեցին իշխանազավթում, իսկ իրենց կողմից ապօրինաբար ձևավորված քաղաքականացված Սահմանադրական դատարանը հաստատեց այն ինչն իրենից պահանջվում էր։
Այս օրերին ճիշտ հակառակ խնդիրն է դրված․ հոկտեմբերի 1-ից մինչ 9-ը օրական միջինում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք (օր է եղել մինչև 1309)։ Նույն ժամանակահատվածում միջինում միայն այդ հիվանդությունից մահացել է 23 մարդ։ Այս պայմաններում կառավարությունն արտակարգ դրություն չի հայտարարում, քանի որ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին հայտարարված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցով իշխանությունները նպատակ ունեն զավթել իշխանությունն այս անգամ տեղական մակարդակում, այդ թվում Սյունիքի մարզում, որը թշնամուն հանձնելը՝ ընդհանուր նպատակների իրականացման անբաժանելի մասն է կազմում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ն իրականություն կդառնա երկու տարում, այնպես որ Նիկոլ Փաշինյանին քիչ ժամանակ է մնացել հանձնարարությունը սահմանված ժամկետում կատարելու համար, ինչը մինչ այժմ նա իրագործել է մեծ պատասխանատվությամբ և բարեխղճությամբ։ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ․ «սիրում եմ բոլորդ», «հպարտանում եմ բոլորովդ», «խոնարհվում եմ բոլորիդ առաջ» խոսքերը լսելով՝ Դուք ստիպված եք հիվանդանալ և մահանալ, որպեսզի իրականություն դառնան Իլհամ Ալիևի բոլոր ծրագրերը, որոնց մասին, նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, նա երազել անգամ չէր կարող։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1190320091491459&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել