Այս գիշեր ադրբեջանական զորքերը փակել են Գորիս-Կապան (նույնն է, ինչ Հայաստան-Իրան-Պարսից ծոց) ավտոմայրուղին ու մինչ այս պահը այն փակ է։ Այսպես է Ադրբեջանն իրականացնում «տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակումը»։

◾ Նոյեմբերի 9-ի խայտառակությունից հետո կապիտուլիանտն ու իր թիմը որպես գլխավոր ձեռքբերում են ներկայացնում այն, որ տարածաշրջանում բացվելու են տրանսպորտային կոմունիկացիաները։ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը դա ներկայացվում է ոչ միայն որպես «երկարատև խաղաղության երաշխիք», այլև փոխշահավետ տնտեսական հնարավորություն։
◾ Մինչդեռ Ադրբեջանին որևէ տրանսպորտային ապաշրջափակում չի հետաքրքրում։ Իրենք ճանապարհների բացման խնդիր չունեն. Ադրբեջանի նորմալ զարգացման համար իրենք ունեն բոլոր ճանապարհները (բացի «Թյուքական միջանցքից»)։ Հայաստանի հետ որևէ տրանսպորտային հանգույց Ադրբեջանի համար ռազմական կամ տնտեսական նշանակություն չունի և չի կարող ունենալ։ Ադրբեջանում «ապաշրջափակում» բառի տակ հասկանում են երկու բան.
1. Դեպի Նախիջևան/Թուրքիա Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհի բացում (ինչին նոյեմբերին 9-ին համաձայնել է կապիտուլիանտը, բայց որին դեռևս հաջողությամբ դիմադրում ենք մենք)։
2. Հայաստանի արտաքին բոլոր ճանապարհների վերահսկում թուրքական կողմից։
◾ Այս պահին մենք ունենք արտաքին աշխարհին կապող միայն 2 ճանապարհ, որոնք նոմինալ դեռ թուրքական վերահսկողության տակ չեն։ Մեկը Տավուշով դեպի Վրաստան, մյուսը՝ Սյունիքով դեպի Իրան։ Վերջինս երեկ գիշերվանից արդեն լիարժեք կերպով վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ Տավուշի անկլավների հանձնումից հետո Վրաստանի հետ մեր ճանապարհը ևս կանցնի վերահսկողության ներքո։ Արդյունքում մենք կունենանք ոչ թե ապաշրջափակում, այլ լիարժեք շրջափակում։
◾ Իսկ հիմա պատկերացնենք, որ ՀՀ-ն կատարում է Ադրբեջանի պահանջները. տալիս է միջանցքը, անկլավները և որի դիմաց Ադրբեջանը թույլատրում է, որ հայկական մեքենաները գնան Իրան կամ Ռուսաստան (իրականում, սա չունի տնտեսական գրեթե ոչ մի դրական օգուտ, բայց պատկերացնենք)։ Ադրբեջանը ցանկացած պահի, Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար (իսկ իրենց՝ միայն հողային պահանջների ցանկը հասնում է մոտավորապես մինչև Նոր Նորք) ցանկացած պահի փակում է ճանապարհ, ինչպես դա արել է այս գիշեր։ Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում», որի շնորհիվ Հայաստանը կկորցնի ինքնուրույն զարգանալու որևէ հնարավորություն։
◾ Հենց այս պարզ ու միաժամանակ իրատեսական ծրագիրն է իրականացնում Ադրբեջանը (Թուրքիայի գործուն մասնակցությամբ) և այս պահին նվաճում ճանապարհը՝ մեզ ստիպելով գնալու զիջումների։ Ցանկացած մեկը, ով ուզում է 10 տարուց ունենալ հայկական պետություն, պիտի այս պարզ իրողությունը գիտակցի և պահանջի ամեն գնով կասեցնել այս անկումը։ Այդ թվում՝ հեռացնելով այն դե ֆակտո իշխանությանը, որ չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել այս լրջագույն սպառնալիքը։

Հ.Գ. Կից քարտեզում «Հյուսիս-հարավ» ճանապարհային հանգույցն է, որի իրականացման դեմ աշխատում են Հայաստանի և Իրանի թշնամիները և որի մի հատվածը գիշերվանից փակել են մեր հարևանները։

թուրքագետ Վարուժան Գեղամյան, պ.գ.թ., 26.08.2021թ.

May be an image of map and text that says ерное море батуми хуло кпп

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել