Bravo.am-ը գրում է.

Քչերը կգտնվեն, որ չեն ճանաչում Լիլի Մորտոյին, չեն տեսել նրա վառ կերպարները կամ ծիծաղել հումորային դերերի վրա: Սակայն հեռուստաէկրաններից այս կողմ նա ընդհանրապես նման չէ «շիկահեր» Լիլիին: BRAVO.am-ի հետ զրույցում նա անմիջական էր, հետաքրքիր, բարի, պատմեց ծանր մանկության, հայրիկի մահվան, արտաքին փոփոխությունների ու սեփական ուժերին ապավինելու մասին:

- Լիլի, եկեք զրույցը սկսենք ինքնաներկայացմամբ, ո՞րն է կյանքում Ձեր տեղն ու անելիքը:

- Այնքան ծավալուն է այս հարցի պատասխանը: Բարի եմ, կամեցող, հարմարվող, պոզիտիվ: Նպատակներ շատ ունեմ, իհարկե, մի փոքր մասը հիմա իրականացնելու ճանապարհին եմ: Կայացած մարդ եմ, որովհետեւ ներքին աշխարհս ինձ հետ համահունչ է: Չնայած՝ ինչ ինձ հիշում եմ, միշտ հանգիստ ու ներդաշնակ եմ եղել: Հիմա այն տարիքում եմ, երբ շատ լավ եմ գիտակցում, թե ով եմ ես:

- Իսկ Ձեր մասնագիտությունը ո՞րն եք համարում: Սովորել եք իրավագիտություն, դերասանություն ու դիզայն:

-Որպես համակարգչային դիզայներ ու օպերատոր աշխատել եմ, այդ մասնագիտությունն ընտրել էի ոչ թե սիրելով, այլ քանի որ արդիական էր: Իրավագիտությամբ էլ հասկացել եմ, որ չեմ ցանկանում զբաղվել: Հետո Կամերային թատրոնում 6 ամիս դասընթացի եմ մասնակցել ու մի քանի ներկայացումներում խաղացել: Միշտ ցանկացել եմ նոր բան սովորել, որ բազմակողմանի զարգացած լինեմ: Դիզայների մասնագիտությունը լուրջ եմ սովորել, բայց մինչ օրս դիպլոմը դեռ չեմ վերցրել զբաղվածության պատճառով:

- Տեսախցիկների առաջ Ձեզ ո՞նց եք զգում, հե՞շտ լեզու գտաք իրար հետ:

- Երբ առաջարկեցին «Women’s Club»-ում նկարահանվել, չէի պատկերացնում, որ կկարողանամ խաղալ այդ դերը: Փորձերի ժամանակ միանգամից կատարեցի առաջադրանքն ու ինքս էլ զարմացա: Կերպարի մեջ մտնելն ուրիշ ուժ է, բայց աշխատանքը բավական դժվար է:

- Եկեք վերադառնանք Ձեր մանկություն, որն անցել է Կապանում, ու այնտեղ Դուք դեռ Լիլիթ Մարտիրոսյանն էիք: Ի՞նչ հիշողություններ ունեք այդ տարիներից:

- Մեծ հաճույքով: Շատ լավ հիշողություններ ունեմ, թեեւ այնպես չէ, որ մանկությունս անհոգ է անցել, ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, հայրիկիս զոհվելը, թե ինչպես է մեր դիմացի շենքը պայթում, որտեղ քույրս գնացել էր հաց գնելու, ու մենք մտածել ենք, որ էլ ողջ չի, բայց, բարեբախտաբար, խանութը խորքում էր եղել: Լույս չկար ու մայրիկս դաշնամուր էր նվագում, երեխաներով շուրջը պարում էինք, խաղում մոմերի լույսի տակ կամ դաս անում:

- Բազմազավակ ընտանիքից եք՝ երեք քույր ու մեկ եղբայր ունեք, ինչպե՞ս եք իրար աջակցում ու օգնում:

- Շատ լավ տեղեկացված եք, զանգահարե՞լ եք Կապան (ծիծաղում է,-հեղ.):

- Պարզապես մի քիչ ուսումնասիրել եմ Ձեր կյանքը: Ուրեմն Ձեր հարազատները շարունակո՞ւմ են ապրել Կապանում:

- Մայրիկս ու եղբայրս են այնտեղ, որքան փորձել ենք իրենց այստեղ պահել, չի ստացվել, մայրսը ոչ մի կերպ չի հարմարվում Երեւանում: Ցավոք, գալիս է մի պահ, որ ծնողիդ չես կարող բավական ուշադրություն տալ, մանավանդ, երբ քո ընտանիքն ես կազմում: Վատ բան եմ ասում, բայց իրականությունից փախչել չես կարող: Մեկ-մեկ մայրիկս զանգում է ու ասում, որ իրեն մոռացել եմ. նկարահանումների օրերին չենք հասցնում խոսել: Մեծ քույրս Կապանում է ամուսնացած ու 3 երեխա ունի, շատերը նոր են իմացել, որ մոդել Թերեզան քույրս է: Եղբայրս ամենափոքրն է ու աշխատում է Կապանում: Վերջին անգամ այնտեղ մոտ 8 տարի առաջ եմ եղել:



- Մի անգամ նշել եք, որ Ձեր մայրիկն իսկական հերոս է, որ այն դժվարին տարիներին 5 երեխա է մեծացրել է: Ի՞նչ կուզեք ասել նրան:

- Նա իսկապես ինձ համար հերոսուհի է: Հայրս կռվել է Մարտակերտում, Հադրութում, Կովսականում, բոլոր տեղերում էլ եղել է, շատ անգամ է վիրավորվել, մի երիկամն է կորցրել: Երբ զոհվեց, 11 տարեկան էի, հնարավոր չէ մարդու բացը լրացնել, բայց ուժեղ լինելն օգնում է, որ անընդհատ չմտածես կորստիդ մասին: Բոլորս էլ անչափահաս էինք ու շատ ծանր օրեր ապրեցինք: Մայրս կարողացավ այդ դժվարությունների միջով անցնել, այնպես արեց, որ բոլորս բարձրագույն կրթություն ստանանք: Բառերով չեմ սիրում խոսել զգացմունքներիս մասին, շատ շնորհակալ եմ նրան, որ ինձ հենց այսպիսին է մեծացրել:

- Հիմա Սյունիքի համար առավել քան բարդ ժամանակներ են, ի՞նչ կասեք Ձեր հարազատ մարզի մարդկանց մասին:

- Ես հպարտանում եմ սյունեցիներով, որոնք երբեք դավաճան չեն եղել: Մարդու տեսակ կա, որ օճառը ձեռքին է շրջում, սյունեցին այդ բնավորությունը չունի, նա ուղիղ մարդ է եւ ինչ մտածում է, դա էլ ասում է: Ես էլ եմ այդպիսին, երբեմն ամուսինս հուշում է, որ պարտադիր չի մտքինս ասեմ, բայց ինչո՞ւ թաքցնել, ես ճշմարտությունը սիրուն ձեւով մատուցում եմ: Դա ավելի ճիշտ է, քան կեղծավորություն անելով ապրելը:

- Ինչքան էլ փոխվել եք, բայց Սյունիքի շեշտադրումները մնացել են, Ձեր բարբառով ո՞ր բառերն եք սիրում:

- Չեմ ուզում փոխել: Ճղոպուր (ընկույզ), կտողեն (պնդուկ), ալյումին, շատ լավ բառեր կան՝ ճռճռոկ, Արցախի բարբառին էլ նման է:

- Ինչպե՞ս որոշեցիք, որ Կապանից Երեւան տեղափոխվելու ժամանակն է:

- Դեռ մանկության տարիներից զգում էի, որ Կապանն ինձ համար փոքր է, հիմա էլ նույն բանը Երեւանի հետ կապված կա: Ոչ թե նեղվում եմ այստեղ, պարզապես հասկանում եմ, որ կարող եմ շատ ավելիին հասնել: Փորձում եմ դրսի շուկան էլ գրավել, առաջիկայում Մոսկվայի հետ կապված նոր բան է նախատեսվում, սակայն թող անակնկալ լինի, դեռ չեմ մանրամասնի, սիրում եմ, երբ պայթյունի պես է նորությունը լինում:


- Քանի որ ընտանիքից խոսեցիք, կպատմեք ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ:

- Ծանոթացել ենք երկնքում. Եգիպտոսից էինք վերադառնում ամեն մեկս մեր ընկերների հետ: Ինքնաթիռում նույն շարքում էինք, մի պահ իրար նայեցինք ու քնեցինք: Երբ վայրէջք կատարեցինք, իր ընկերներից մեկն առաջարկեց մեզ ճանապարհել: Ես լուռ էի ու չէի խառնվում խոսակցությանը. ուզում էի տաքսիով տուն հասնել: Երեւի մտածում են, որ ես թեթեւսոլիկ եմ, բայց Կապանում էլ լուրջ եմ եղել, երբ տղաները քայլելով հետս տուն էին հասնում, ոչ մեկին ուշադրություն չէի դարձնում, ասես մենակ լինեի: Այդ օրն աղջիկները համոզեցին, որ համաձայնեմ: Պարզվեց՝ արդեն 10 տարի է՝ կողք կողքի ենք ապրում ու իր կլինիկան մեր շենքի հարեւանությամբ է: Նա իր այցեքարտը թողեց, որ ցանկության դեպքում իրենց մոտ յոգայի գնամ, վաղուց մտադրություն ունեի: Չէի էլ մտածում, որ կշփվենք, քանի որ սկզբում իմ ճաշակով չէր (ծիծաղում է,-հեղ.), մինչեւ հիմա նեղվում է այդ մտքից: 15 օր անց հիշեցի այցեքարտի մասին, մի անգամ գնացի յոգայի ու այդպես էլ մնացի (ծիծաղում է,-հեղ.): Մեծ հարսանիք չենք արել, չեմ սիրում անձնական կյանքը ցույց տալ, ինձ համար ավելի կարեւոր է իրական երջանկությունը: 3,5 տարի է՝ միասին ենք:

- Ձեր ամուսնու երեխաների հետ հաճախ եք ժամանակ անցկացնում ու լուսանկարներ հրապարակում: Ինչպիսի՞ մայրիկի կուզեք լինել ու որքա՞ն երեխաներ ունենալ:

- Մայրս միշտ ասում էր՝ պիտի 5 երեխա ունենաս, որ չկանգնես հայելու դիմաց: Ամուսինս էլ երազել է 5 երեխա ունենալու մասին, 3-ն արդեն ունենք, մնում է երկուսը: Տանն իսկական հայ մայր կլինեմ, իսկ նկարահանման հրապարակում՝ թիթիզ:

- Ինչպե՞ս եղավ, որ «Women’s Club»-ում հայտնվեցիք:

- Առաջարկ ստացա Չարենցից, Ինստագրամով էր տեսել ինձ: Շատ գնահատող մարդ եմ ու երբեք չեմ ուրանում, շատ շնորհակալ եմ նրանից ու իմ պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանից:

- Իսկ նման խմբում աշխատելը որքանո՞վ է բարդ ու արդյոք կա՞ մրցակցություն:

- Երբեւէ կյանքում ոչ մեկի հետ չեմ մրցակցել, բնավորությունս է այդպիսին: Եթե կայացած ես, միայն քեզ հետ ես համեմատվում: Երբեք մտերիմ ընկերուհի չեմ ունեցել, 3 քույր ունեմ եւ մայր, որոնց հետ կարող ամեն հարցի մասին խոսել: Ակումբի աղջիկներն ինձ համար ոչ թե ընկերուհիներ են դարձել, այլ՝ քույրեր: Այնքան ճիշտ կանանց են ընտրել, որ նույնիսկ եթե մրցակցություն էլ կա, դա ցույց չեն տալիս ու ամեն ինչ սիրուն են անում: Մի քանի օր իրար չտեսնելիս կարոտում ենք, մեր երկրորդ ընտանիքն է:

- Իսկ ինչո՞ւ հեռացաք ու հետո վերադարձաք:

- Իհարկե, աղջիկներն այդ ամենի հետ ոչ մի կապ չունեն, մենք էլի ընթացքում հանդիպում էինք, մի քիչ անձնական ու նախագծի հետ կապված խնդիրներ կային, դրա համար էլ որոշեցի դուրս գալ: Հետո այնպես ստացվեց, որ նորից վերադարձա:

- Ասել եք, որ վայելում եք կյանքը, քանի որ պետք է ապրել այնպես, ինչպես ինքդ ես ցանկանում: Կպարզաբանե՞ք այս միտքը:

- Այնպես, ինչպես հիմա եմ անում: Եթե ուզում եմ պարել, այդպես էլ անում եմ, ուզում եմ Ձեզ հետ զրուցել, ոչ ոք չի կարող ինձ արգելել: Այնպես եմ անում, որ այս հասարակության մեջ որեւէ մեկը չփորձի խանգարել ինձ, ինչքան էլ լավը լինես, մի բան գտնելու են քննադատելու համար: Մարդն առաջին հերթին իր համար պետք է ապրի, ապա սիրելիների ու հարազատների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել