Քրիստոնէութիւնը տարածելու համար միայն առաքեալները չէին գործում, այլ իւրաքանչիւր քրիստոնէայ իւր շրջանում և իւր գործի մէջ էլ քրիստոնէութեան քարոզիչ էր, ինչպէս օրինակ վաճառականներն ու զինուորները: Չի կարելի սակայն ասել, թէ կոչմամբ քարոզիչներ այս ժամանակ քիչ են եղել: «Առաքելոց վարդապետութիւնից» գիտենք, որ առաքեալ էին կոչւում նոքա, որոնք առանց հաստատուն տեղի և ստացուացքի տեղից տեղ էին անցնում և քրիստոնէութիւնը տարածում: Նոյնը իմանում ենք Եւսեբիոս Կեսարացուց (III, 37), ուր նա «Աւետարանիչներ» նկարագրութիւնն է անում: Նորա ասելով «Աւետարանիչները» Տիրոջ պատուէրի համաձայն ունեցածները բաժանել են աղքատներին և հետամուտ են ամենուրեք հաւատոյ հիմունքը հաստատել: Համայնքներ հաստատելուց յետոյ բնական է, որ քարոզիչը ուսուցիչ պիտի դառնար. և այդպէս Աւետարանչի պաշտօնը դառնում է հետզհետէ Հովուի պաշտօն (Բ. Տիմոթ. Դ. 5. հմմտ. Եփես. Դ. 11., Գործք ԻԱ. 8):
Այս ձևով, ինչպէս Եւսեբիոս Կեսարացին է ասում, «Աստուածային առաքեալների և աւետարանիչների քարոզը ամբողջ երկրի վրայ տարածուեց» (Եւս. Եկ. Պատմ. II. 3): Պաղէստինում քրիստոնէութեան գլխաւոր կենդրոններն էին ծովափնեայ քաղաքները, գլխաւորապէս երկրի մայրաքաղաքը` Կեսարիան: Ադրիանոս կայսեր Նոր Երուսաղէմն էլ (Էլիա Կապիտոլինա) ունէր մի հեթանոս քրիստոնէական համայնք: Ասորիքի ամենագլխաւոր կենդրոնն էր ի հարկէ Անտիոքը, որ և քրիստոնէութեան քարոզչութեան համար մի տեսակ կամուրջ էր դէպի հիւսիս և դէպի արևելք` մինչև Միջագետք և Պարթևաստան: Պետրոսի առաջին թուղթը ցոյց է տալիս, որ քրիստոնէութիւնը շատ վաղ նաև հիւսիսում արմատ էր բռնել` Պոնտոսում, Կապադովկիայում և Բիւթինիայում: Կուսակալ Պլինիոսը իւր` 113 թուին առ Տրայանոս կայսր գրած նամակի մէջ յիշում է, որ իւր կուսակալութեան (Բիւթինիա) մէջ քրիստոնեաները նոյն իսկ գիւղերում տարածուած են, և որ նա այնպիսի քրիստոնեաներ է գտել, որոնք հաւաստիացրել են, թէ արդէն քսան տարի է քրիստոնեայ են: Տաճարներն սկսել են դատարկ մնալ, զոհի կենդանիներ այլ ևս գնող չկայ, և այլն:
Մութն է Աղէքսանդրիայի համայնքի սկզբնաւորութիւնը: Աւանդութեան համաձայն Պետրոսի աշակերտ Մարկոսը պէտք է աւետարանած լինի Աղէքսանդրացոց և այնտեղ համայնքներ հիմնած (Եւս. II, 16.):
Շնորհիւ համայնքների բազմազան կարիքների, պէտք է առաջ գար նաև մի գրականութիւն գործնական նպատակների համար: Սկզբում մեծ մասամբ հրէական գրականութիւնն էր, որից օգտւում էին նաև քրիստոնեաները: Յետագայում նոքա իրենք սկսեցին այդ հրէական գրականութեան նմանութեամբ գրուածքներ արտագրել: Այս շրջանում է սկսւում անշուշտ աստուածպաշտութեան ժամանակ աւետարանի հատուածների ընթերցումը համայնքների մէջ: Այդ սովորութիւնը պիտի պատճառ դառնար աւանդութիւնը զտելուն:
Բ© դարու սկզբներին Հիերապօլսի (Փիւռգիա) եպիսկոպոս Պապիասն է, որ այդ ուղղութեամբ աշխատում է: Պապիասը մեզ տեղեկութիւն է տալիս, որ իւր աշխատանքի ժամանակ ձեռքի տակ է ունեցել Մատթէոսի` «Բանք Տեառն» և Մարկոսի «Պատմութիւնները»: Իրենիոսը Պապիասին հին մարդ է կոչում, Յովհաննիսի ունկնդիր և Պօղիկարպոսի ընկեր: Նորա հինգ գրքից բաղկացած գործը` «Մեկնութիւն Բանից Տեառն» վերնագրով, քրիստոնէական գրականութեան համար ամենաթանկագին գանձը կլինէր, եթէ մեր ձեռքը հասած լինէր: Դժբախտաբար այդ գրուածքից միայն հատակոտորներ են մնացել:
Ղուկասի աւետարանից տեղեկանում ենք, որ շատ փորձեր են եղել Տիրոջ կեանքը գրելու. բայց այդ շատ փորձերից մեզ համարեա ոչինչ չէ մնացել: Տարականոն աւետարաններից ո՜չ մէկը ծագմամբ մեր այժմեան աւետարաններից հին չէ: Ինչպէս երևում է, մեր այժմեան աւետարանները շատ շուտ սկսել են պատուաւոր տեղ գրաւել քրիստոնէական գրականութեան մէջ, և այդպիսով դարձել են Նոր Կտակարանի կանոնի հիմքը: Ամենայն հաւանականութեամբ այդ զարգացումը տեղի է ունեցել ամենից առաջ Փոքր Ասիայում: Չի կարելի ասել, թէ այս շրջանում (Բ. դարու սկզբում) համայնքը իրեն բոլորովին կապուած էր զգում միայն այս գրուածքների հետ. ընդհակառակը մենք տեղեկութիւն ունինք, որ ուրիշ աւետարաններ էլ կարդացուել են: Շատ հաւանական է նաև, որ այդ աւետարանների բնագիրն ևս այս շրջանում անփոփոխ մնացած չլինի, այլ փոփոխուած և ճոխացրած: Օրինակ` Մարկոսի վերջաբանը, 8 համարից սկսած, գրել է` Ս. Էջմիածնում գտնուած ՚Փղոսկրեայՙ կոչուած աւետարանի վկայութեան համաձայն, Արիստոն երէցը, Պապիասի ուսուցիչը:
Աւետարանների կողքին սկսում են տեղ բռնել նաև վարդապետական գրուածքները կամ թղթերը: Արդէն Մարկիոնի ժամանակ Պօղոսի բոլոր թղթերը ի մի են հաւաքուած և գործածութեան մէջ են համայնքներում (Բ. դարու կէսերին): Պօղոսի անուամբ սկսում են կոչուել ուրիշ գրուածքներ էլ, ինչպէս օրինակ` Եբրայեցւոց թուղթը: Բացի Պօղոսի անունով եղածից, յառաջ է գալիս նաև Յովհաննիսի և Պետրոսի անունով գրականութիւն:
Առաքեալներից յետոյ համայնքների մէջ հեղինակաւոր դիրք են բռնում այսպէս կոչուած առաքելական հայրերը: Այս անունն են կրում նոքա, որոնց գրուածքները Նոր Կտակարանի կանոնի մէջ չեն մտել, բայց որոնք մի տեսակ միջնորդ են հանդիսանում առաքեալների և եկեղեցական հայրերի մէջ: Այդ առաքելական հայրերի գրուածքները հետևեալներն են:
Ա. Կղեմէս Հռովմայեցու թուղթ առ Կորնթացիս:
Բ. Հերմասի Պաստոր=Հովուական: Այս գրուածքի բովանդակութիւնն է համայնքի մէջ հաստատուն կարգ ու կանոն մտցնելու խնդիրը: Նա զգուշացնում է ուրացութիւնից հալածանքների ժամանակ, սովորեցնում է զանազանել ճշմարիտ և սուտ մարգարէներին: Յիսուսն Աստուծոյ նախագոյ որդին է, որ իւր ճշմարիտ եկեղեցին է հիմնել: Հերմասի հովուականը պիտի գրուած լինի 140-ական թուականներին:
Գ. Բ. Կղեմէսի թուղթ, որը իսկապէս ոչ թէ թուղթ է, այլ մեզ հասած ամենահին քրիստոնէական քարոզը: Նա ապաշխարութեան է հրաւիրում քրիստոնեաներին, և դրդում բարեգործութիւն անելու:
Դ. Իգնատիոսի նամակները: Սա Անտիոքի եպիսկոպոս էր, և համաձայն եկեղեցական աւանդութեան Տրայանոսի օրով Հռովմում ընդունել է մարտիրոսական պսակը (110-115): Եւսեբիոսի վկայութեան համաձայն` Իգնատիոսը գրել է 7 թուղթ զանազան համայնքների. օրինակ` Եփեսոս, Հռովմ, Զմիւռնիա, Մագնեզիա, և Զմիւռնիայի եպիսկոպոս Պօղիկարպոսին: Այս թղթերը ընդհանրական եկեղեցու մէջ միշտ մեծ յարգ են ունեցել և թարգմանուել են շատ լեզուներով` Լատիներէն, Հայերէն, Ասորերէն: Իգնատիոսը մի այնպիսի կրօնական անձնաւորութիւն է, որի բուռն ցանկութիւնն էր անպատճառ մարտիրոսութեան պսակին արժանանալ, բայց որը միևնոյն ժամանակ շատ մեծ հետաքրքրութիւն էր ցոյց տալիս ժամանակակից եկեղեցական կարևոր խնդիրների նկատմամբ: Քրիստոսն է նորա մտածողութեան կենտրոնը և Իգնատիոսը, հակաճառում է թէ հրէականութեան և թէ Քրիստոսի չարչարանքների և յարութեան մասին եղած երևութական կարծիքների դէմ:
Ե. Պօղիկարպոս Զմիւռնիացու թուղթը Փիլիպպեցիներին: Զմիւռնիայի եպիսկոպոս Պօղիկարպոսը Իրենիոսի վկայութեան համաձայն, որը երիտասարդութեան ժամանակ նրան արդէն զառամեալ ծերունի էր տեսել, Յովհաննէս առաքեալի աշակերտն էր: Նորա շատ ուրիշ թղթերից մնացել է մեզ միայն վերև յիշուած Փիլիպպեցոց թուղթը: Նամակի բովանդակութիւնն է սովորական բարոյական խրատներ: Հետաքրքիր է այս նամակի մէջ, որ երէցներից բարձր եպիսկոպոսական պաշտօն չի երևում` թէ եղել է Փիլիպպէի համայնքի մէջ: Այս նամակը գրուած է Իգնատիոսի թղթերից անմիջապէս յետոյ, ոչ ուշ քան թէ 130 կամ 140 թուականը:
Զ. Բառնաբասի թուղթը: Այս թղթի մէջ հեղինակի անունը չի յիշած, բայց Կղեմէս Աղէքսանդրացին և Օրիգինէսը նրան են վերագրում: Թղթի բովանդակութիւնն է քրիստոնէական կատարելութիւնը: Նորա նպատակն է քրիստոնեաներին առաջնորդել դէպի կատարեալ գիտութիւն և ցոյց տալ, որ քրիստոնեաներն են միակ և իսկական ընտրեալ ժողովուրդը, որ հրէաներն ամենևին Աստուծոյ ժողովուրդ չեն, որովհետև շնորհիւ նոցա կռապաշտութեան Աստծուն չէ յաջողուել նոցա հետ դաշն կապել: Գրութեան ժամանակը որոշելը դժուար է© յամենայն դէպս այս թուղթը պէտք է ոչ աւելի ուշ քան 140 թուականը գրուած լինի:
Է. Վարդապետութիւն երկոտասան առաքելոց: Այս գրուածքի բովանդակութիւնն է` 1.Պատուէրներ քրիստոնէական բարոյականութեան վերաբերութեամբ, երկու ճանապարհները համայնքի առաջ պարզաբանելով. մի ճանապարհը դէպի կեանք է տանում, միւսը դէպի մահ: 2. Քրիստոնէական աստուածպաշտութեան վերաբերեալ պատուէրներ. օրինակ` մկրտութիւն, պահք, աղօթք և հաղորդութիւն: 3. Պատուէրներ` համայնքի պաշտօնէութեան նկատմամբ. առաքեալներ, մարգարէներ, երէցներ և այլն: Այս գրուածքը շատ անգամ խմբագրուած է և մեր ձեռքն է հասել թէ ընդարձակ և թէ համառօտ խմբագրութեամբ: Այժմեան ՚Առաքելոց Վարդապետութիւնըՙ Բ. դարու Ա. կիսի գործ է, իսկ նախնականը ամենայն հաւանականութեամբ պէտք է մօտ 100 թուին գրուած լինի: Առաքելոց վարդապետութիւնն ևս իբրև Ս© Գիրք ճանաչուած է եղել և կարդացուել է շատ համայնքների մէջ:
Սակայն այն մեծ ճգնաժամը, որի մէջ ընկաւ քրիստոնէական եկեղեցին, վերջ տուեց նաև նախնական քրիստոնէական գրականութեանը: Արդէն Բ. դարու կէսերին սկսեց աճել մեծ չափով գնոստիկեան գրականութիւնը, որ թէև ձևի տեսակէտից նոյնն էր, ինչ որ նախնական քրիստոնէականը, բայց բովանդակութեան տեսակէտից բոլորովին տարբեր էր: Գնոստիկականութիւնը սկսել էր տեսական և հայեցողական խնդիրների յետևից ընկնել և պարապում էր աստուածաբանութեամբ, այնպէս որ քրիստոնէական եկեղեցին ստիպուած էր մտածել հակագնոստիկեան գրականութիւն ու եկեղեցական աստուածաբանութիւն ստեղծելու մասին, որի հիմունքը պէտք է եկեղեցական ճշմարիտ աւանդութիւնը կազմէր: Այդ ուղղութեան առաջին ներկայացուցիչներն են Յուստինոս փիլիսոփան և Հեգեզիպպոսը: Այս ժամանակ է սկսուում նաև քրիստոնէութեան պաշտպանութիւնը հեթանոսութեան յարձակումների դէմ քրիստոնեայ ջատագովների միջոցով, որով և առհասարակ քրիստոնէական եկեղեցու աստուածաբանութեան սկիզբն է դրւում:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/4389
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել