Ուղիղ 5 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին՝ աննախադեպ ծավալի ուժերի և միջոցների ներգրավմամբ, Ադրբեջանը հարձակողական մարտեր ծավալեց հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններով: Չորսօրյա թեժ մարտերից հետո հակառակորդը մեծ կորուստների գնով իր վերահսկողության տակ առավ մոտ 400 հա տարածք, սակայն զարգացնել հետագա առաջխաղացումը՝ չկարողացավ և ստիպված հայցելով Մոսկվայի միջնորդությունը, գնաց հրադադարի: Իսկ, թե ինչպես և ինչ հանգամանքներում հայկական կողմին հաջողվեց Բաքվին պարտադրել զինադադար, կարող եք իմանալ ստորև ներկայացվող մի քիչ ծավալուն, բայց փաստերով հիմնավորված տեքստից...
Ե Զ Ր Ա Հ Ա Ն Գ ՈՒ Մ Ն Ե Ր
Ապրիլի 2-ի առավոտյան նախաձեռնելով լայնածավալ հարձակում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են <<Смерч>>, <>, <<Ураган>>, <> համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, <<ТОС-1А>>(Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), <> տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, <<МИ-24G>> հարվածային ուղղաթիռներ և այլն: Սակայն, նման ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդն անկարող եղավ հասնելու իր առջև դրված անգամ նվազագույն խնդրի կատարմանը:
Սկսենք նրանից, որ իրականում, քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում, հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թևում տիրել 1500մ լայնությամբ և 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ և 700մ խորությամբ առաջնագիծ (մոտ 300հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 370 հեկտար տարածք: Փաստենք նաև, որ ադրբեջանական հրամանատարությունն այս խնդիրը լուծելու համար, ընդեմ առօրյա մարտական հերթապահություն իրականացնող արցախյան առաջապահ ուժերի, նախ՝ գրոհի հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գործողության մեջ դրեց իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները, իսկ այնուհետև մի քանի կորպուսների, մարտական ուղղաթիռների և հրթիռահրետանային ու զրահատանկային ստորաբաժանումների ուժերով անցավ լայնածավալ հարձակման: Ռազմական գործին քիչ թե շատ տեղյակ մասնագետները կարող են հավաստել, որ նման ծավալի ուժերով և միջոցներով ձեռնարկված գործողության արդյունքում Ադրբեջանի ունեցածը ոչ թե ձեռքբերում, այլև կատարյալ ձախողում էր: Այս եզրահանգումը տեղին է ոչ միայն հանգամանքով, որ կատարվածը վաշտի, կամ առավելագույնը՝ գումարտակի ուժերով իրականացվելիք խնդիր էր, այլև բավականին կարճաժամկետ առճակատման ընթացքում հակառակորդի տված կորուստների քանակով: Չնայած պաշտոնական Բաքուն մինչև վերջ գաղտնի պահեց իր ունեցած կորուստների իրական թիվը, պատճառաբանելով, որ <<զոհերի և վիրավորների մասին տեղեկություններն իրենցից ռազմական գաղտնիք են ներկայացնում>>, բայցևայնպես, դատելով ռադիոկլանման, տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ համացանցի և միջազգային փորձագիտական աղբյուրների տվյալներից, ակնհայտ է դառնում, որ նրա զոհերի թիվը հասնում է շուրջ 1000-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 2000-ի... Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 <<Գրադ>> ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր <<МИ-24>> տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում, այսինքն՝ ապրիլի 2-ից 5-ը, հայկական կողմը տվեց 75 զոհ(63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր, շարքից դուրս եկավ 14 տանկ (որից 6-ը վերականգնվեց և նորից վերադարձվեց շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա: Փաստենք, որ կողմերը կորուստներ ունեցան նաև ակտիվ մարտական գործողություններին հաջորդած հրաձգային, հրթիռահրետանային և զրահատանկային փոխհրաձգությունների ընթացքում: Ապրիլի 6-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվեց ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային: Ադրբեջանական բանակի կորուստները տակավին անհամեմատ շատ էին՝ տասնյակ զոհեր, 6 անօդաչու թռչող սարք (ընդհանուր առմամբ ապրիլյան սրացումների արդյունքում հակառակորդը կորցրեց 20 ԱԹՍ ) և այլ ռազմական տեխնիկա:
Մարտադաշտում ստանալով ջախջախիչ հակահարված, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն կորցրեց բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի վրա որևէ ճնշում գործադրելու հնարավորությունը, այլև ստիպված էր կրած անհաջողությունը պարտակելու համար դիմել իրողությունների կեղծման սեփական մեթոդին: Նախ Բաքուն փորձեց տեղի ունեցած առճակատումը ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայերի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանք: Այն ինչ փաստերը լրիվությամբ հակառակն են ապացուցում և դրանում համոզված է, եթե ոչ ադրբեջանական, ապա գոնե միջազգային հանրության և, հատկապես, փորձագիտական շրջանակների մեծամասնությունը: Որ իրականում հակառակորդի գործողությունները եղել են նախապես պլանավորված և միասնական ղեկավարման ներքո, այդ մասին են վկայում առաջնային գծի ողջ ճակատով միաժամանակյա հրետանային նախապատրաստության անցկացումն ու հատուկ նշանակության խոշոր ուժերի կիրառումը հետևակի գրոհային խմբերում: Բացի այդ, անտրամաբանական է, երբ ժամանակակից հրթիռահրետանային և օդային հարվածի տարատեսակ միջոցներ (մարտական ուղղաթիռներ և հարվածային անօդաչու սարքեր) է օգտագործում ոչ թե հարձակվող, այլև պաշտպանվող կողմը, մանավանդ, եթե ի նկատի առնենք, որ Արցախի զինված ուժերի տրամադրության տակ ևս կային, եթե ոչ նմանատիպ,ապա այլ հարձակողական զինատեսակներ:
Համոզվելով, որ շրջանառության մեջ դրված այս պնդման հավաստիությունն ապացուցելը զուրկ է որևէ հեռանկարից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սեփական դեմքը փրկելու համար, գնաց ավելի հեռուն՝ հայտարարելով, թե իրենց բանակն ազատագրել է ռազմավարական կարևորության մի շարք բնագծեր և տասնյակ հազարավոր հեկտարների հասնող տարածքներ, այդ թվում նաև՝ բնակավայրեր: Այստեղ հարկ է նկատել, որ աբշերոնյան իշխանավորները, գիտակցաբար աղավաղելով իրողությունները, փորձեցին մարտավարական որոշ հաջողություններ ներկայացնել որպես ռազմավարական ձեռքբերումներ, հատկապես վկայակոչելով համապատասխանաբար՝ հյուսիսում և հարավում գրաված Թալիշի մերձակա դիրքերն ու <<Վարազաթումբ>> բարձունքը: Մինչդեռ, իրականությունն այն է, որ նշված հենակետերն զբաղեցնելով, հակառակորդն ի զորու եղավ լուծելու սոսկ վաշտային ստորաբաժանման խնդիր, ինչը որևէ օպերատիվ ու, առավել ևս, ռազմավարական վտանգ չէր կարող ներկայացնել հայկական կողմի լիարժեք պաշտպանության համար: Ինչ վերաբերում է <<ազատագրված տասնյակ հազարավոր հեկտարներին ու... բնակավայրերին>>, ապա դա ոչ այլ ինչ էր, քան սեփական ձախողումները քողարկելու քարոզչական հնարք...
Ադրբեջանական հրամանատարությունը, մարտագծի տարբեր հատվածներում ծավալելով միաժամանակյա հարձակողական գործողություններ, սակայն չհասնելով որևէ էական հաջողության, ավելին՝ գրեթե բոլոր ուղղություններում տալով մեծ կորուստներ, եթե ոչ հրապարակային, ապա ամենայն հավանականությամբ ներքին համոզվածությամբ հանգեց այն եզրակացության, որ անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և, հատկապես, ղեկավարման համակարգի ու զորքերի փոխգործակցության տեսանկյունից, Արցախի զինված ուժերում վիճակն անհամեմատ բարձր է, քան իր բանակում: Թերևս, հենց այս իրողության գիտակցումն էլ հակառակորդին մղեց նոր ու առավել հրեշավոր քայլերի, այն է՝ անմիջական շփման պայմաններում իրականացվող հետևակային մարտերից անցնել անխնա հրթիռահրետանային, զրահատանկային և օդային հարվածների, թիրախներ ընտրելով, ինչպես առաջնային ու թիկունքային ռազմական բնագծերը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը: Ակնհայտ էր նաև նպատակը՝ առավելագույն կորուստներ պատճառել հայկական զորքերին ու խաղաղ բնակավայրերին, ինչպեսև՝ խուճապային տրամադրություն ստեղծել քաղաքացիական բնակչության շրջանում: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի որդեգրած այս մարտավարությունը կիրառվեց ոչ միայն չորսօրյա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, այլև կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերը արցախյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակեցին շուրջ 30 հազար արկ: Գրեթե նույն ինտենսիվությամբ, բայց արդեն տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, խախտումներ արձանագրվեցին նաև ապրիլի 5-ից մինչև ապրիլի 30-ը: Այդ ընթացքում հայկական բնագծերի և ճակատամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակեց մոտ 104 հազար կրակոց, որից ավելի քան 4500-ը հրանոթներից, <<Գրադ>> և <> տիպի կայանքներից, տանկերից, ՀՄՄ-ներից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:
Դատելով վերոբերյալից, համոզմունք է ստեղծվում, որ ադրբեջանական հրամանատարության կողմից մշակված և կիրառման մեջ դրված ռազմական պլանը ոչ այլ ինչ էր, քան սխալ հաշվարկների վրա կառուցված գործողությունների հանրագումար: Թերևս, հակառակորդի լրջագույն սխալը կայանում էր նրանում, որ թերագնահատելով արցախյան բանակի առաջնային գծում ստեղծված պաշտպանական և մարտավարատեխնիկական հնարավորությունները, ընտրեց կայծակնային հարվածով այն ճեղքելու և հաշված օրերի ընթացքում հետագա խնդիրը լուծելու, այն է՝ օպերատիվ խորություն զբաղեցնելու անհեռանկար մարտավարություն:
Ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքն ու արդյունքները միանշանակ փաստում են, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի ռազմավարամարտավարական և քարոզչական անհեռատես ու իրականությունից կտրված ձեռնարկումների, Արցախի զինված ուժերը, ինչպես հակառակորդի հանկարծահաս հարձակման առաջին իսկ պահերից սկսած և դրանից հետո ընկած ողջ ժամանակահատվածում, այնպես էլ մարտագծի որոշ հատվածներում պաշտպանությունից հակագրոհի անցման ընթացքում, իրենց գործողություններն իրականացնում էին՝ բացառապես, ըստ ռազմաճակատում տեղ գտնող օպերատիվ-մարտավարական զարգացումների խորը վերլուծության արդյունքում ընդունված մարտական որոշման պահանջների: Համակողմանի գնահատելով իր և հակառակորդ կողմի տրամադրության տակ եղած ուժերի և միջոցների հարաբերակցությունն ու դրանց կիրառման հավանական ուղղություններն ու հետագա զարգացումները, ՊԲ հրամանատարությունը, համաձայն պահպանությունից պաշտպանության անցման պլանի, նախ՝ հակառակորդի կողմից ձեռնարկված գրոհային երեք (Թալիշ, Սեյսուլան, <<Վարազաթումբ>>) բնագծերում, իսկ այնուհետև գլխավոր հարվածի ուղղությամբ (Ակնա-Ասկերան), հաշված ժամերի ընթացքում կատարեց զորքերի վերախմբավորում, իրականացվեց զորամասերի դուրս բերումը մշտական տեղակայման վայրերից մարտական կիրառման շրջաններ, թշնամու հեռահար հրետանային, զրահատանկային և օդային հարվածներին հակազդելու համար իրենց կրակային շրջաններն զբաղեցրին բանակի կենտրոնական ենթակայության զորատեսակները, զորքերի համալրման նպատակով հանրապետությունում հայտարարվեց մասնակի զորահավաք և այլն: Այս ամենը փաստում է, որ Արցախի զինված ուժերի ղեկավարման համակարգը, իր բոլոր օղակներով հանդերձ, բավականին խորագիտակ ու արհեստավարժորեն տիրապետելով ստեղծված իրավիճակին, ուներ գործողությունների զարգացմանը համահունչ, այդ թվում հարձակման աննախադեպ հանկարծակիության պայմաններում, սեփական ուժերն ու միջոցները հավուր պատշաճին կառավարելու բարձր պատրաստվածություն:
Առանձնահատուկ գնահատման է արժանի հատկապես առաջնագիծը պաշտպանող հայ դիրքապահների կատարածն ապրիլյան գործողությունների ընթացքում: Լինելով հիմնականում 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ, նրանք իրենց մարտական փառքը կերտեցին, նախ՝ մինչև ատամները սպառազինված և թուրքական հրահանգիչների հրամանատարությամբ գործող հակառակորդի հատուկ ջոկատայինների և ադրբեջանական բանտերից ռազմաճակատ քշված իգիլական գրոհայինների, իսկ այնուհետև ամենաժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրված հակառակորդի կորպուսային ուժերի դեմ ընթացող անհավասար գոտեմարտում: Դատելով այդ ընթացքում նրանց կողմից իրականացրած նվիրական գործողություններից, համոզմունք է ստեղծվում, որ հայ մարտիկները ոչ միայն իրենց ոգեղեն ու մարտավարամասնագիտական պատրաստվածությամբ ընդունակ եղան անվերապահորեն կատարելու առաջադրված մարտական խնդիրը, այլև ի զորու գտնվեցին հաղթահարելու վայրենաբարո թշնամու կողմից գործած ահասարսուռ արարքների(հայ զինվորականների և քաղաքացիների գլխատված, անդամահատված ու անարգված մարմիններ) դաժան ազդեցությունը և պահվածքով մնալ զինվորականին հարիր ասպետական բարձրության վրա:
Իրենց մասնագիտական պատշաճ պատրաստականությամբ աչքի ընկան նաև ՊԲ զորատեսակները: Հակառակորդի հարձակողական պլանի խափանման գործում, մանավանդ գլխավոր հարվածի ուղղությամբ, անգնահատելի է բանակային հրետանու կատարածը: Ինչպես ապրիլյան չորսօրյա ակտիվ մարտական գործողությունների ժամանակ, այնպես էլ կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ գրեթե մինչև մայիսի կեսերը շարունակված հրթիռահրետանային փոխհրաձգության արդյունքում, բանակի հրետանային ստորաբաժանումների կողմից ընդհանուր առմամբ շարքից հանվեց 807 նշանակետ, որից 531-ը՝ պլանային, 276-ը՝ ոչ պլանային: Հատկապես փայլուն գործեցին հակատանկային պաշտպանության ստորաբաժանումները, որոնց թիրախային հարվածներով ոչնչացվեց մոտ երկու տասնյակ զրահատեխնիկա:
Մարտական գործողությունների ողջ ընթացքում բարձր պատրաստվածություն դրսևորեցին նաև ՊԲ հակաօդային պաշտպնության ուժերը: Հակառակորդը, որը նախաձեռնելով հարձակում, նպատակ ուներ ակտիվորեն կիրառել ռազմական օդուժ, ինչի համար մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնամարտական թռիչքների քողի տակ, բանակային ավիացիայից շուրջ 40 ուղղաթիռ էր վերահենակայել Ժդանովսկի և Եվլախի առաջնային օդակայաններում և ցատկահարթակներում, իսկ 12 ուղղաթիռ՝ Քյուրդամիրում, մարտական գործողությունների հենց սկզբից հանդիպելով հայ հակաօդայինների վճռական հակազդեցությանը, ստիպված էր հրաժարվել դրանց հետագա ներգրավման մտադրությունից: Բավականին արդյունավետ և նպատակային օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած ուժերն ու միջոցները ( ՀՕՊ համակարգի տարրերի կազմակերպված և ժամանակին բացազատում, կայուն և անխափան կառավարում, արագ և ծածուկ խուսավարումների ու տեղաշարժերի իրականացում, հակառակորդի օդային հարձակման միջոցների խոցման ժամանակ դարաններից գործելու մարտավարական հնարքի կիրառում և այլն) ՊԲ հակաօդային զորատեսակի հաշվարկներն առաջադրված մարտական խնդիրը կատարեցին լրիվ ծավալով, արդյունքում ունենալով ոչնչացված թշնամական ուղղաթիռ և հարվածային ու հետախուզական տեսակի անօդաչու թռչող սարքեր:
Ապրիլյան չորսօրյա առճակատման և դրան հաջորդած ժամանակահատվածում, բացի բանակային վերոնշյալ ուղղություններից, գործողությունների վարման անհրաժեշտ մակարդակ ցուցադրեցին նաև ՊԲ մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման մյուս ծառայություններն ու ստորաբաժանումները: Չնայած մարտական թեժ գործողությունների արդյունքում առաջնային գծում (հատկապես՝ հյուսիսում և հարավում) ստեղծված անասելի ծանր պայմաններին, երբ որոշ հատվածներում կորսված էին դիրքեր ու խրամատներ և անհրաժեշտ էր պաշտպանություն կազմակերպելու համար ընթացքից ստեղծել նորը, երբ հրետակոծության հետևանքով շարքից դուրս էր եկել կապը և օդի պես պետք էր անհապաղ այն վերականգնել, երբ հակառակորդի կողմից վնասված զինտեխնիկան հարկավոր էր հենց մարտադաշտում վերանորոգել և մտցնել մարտի մեջ և, վերջապես, երբ սպառվել էր զինվորի սնունդը և թշնամու արկակոծությունների տարափի տակ ցանկացած գնով պիտի հաց հասցվեր առաջին խրամատ, բանակի համապատասխան ծառայություններն, առանց մի պահ կաշկանդվելու, աձնվիրաբար կատարեցին իրենց մասնագիտական պարտականությունները: Այդ և արտակարգ կարևորության այլ գործողություններում առանձնահատուկ դերակատարություն ունեցան բանակի ինժեներական, կապի, զրահատանկային և մարտական ու թիկունքային ապահովման մյուս ծառայություներն ու նրանց ենթակա ստորաբաժանումները:
Խոսել քառօրյա պատերազմի մասին և չանդրադառնալ բանակի թիկունքում կանգնած ու նրա հզորությունը բազմապատկած ժողովրդի նվիրական արարումներին, կնշանակի այդ օրերի իրականությունը ներկայացնել ոչ ամբողջական: Ապրիլյան առճակատումը նորովի բացահայտեց հայ մարդու ներսում խտացած հայրենասիրությունն ու երկրի պաշտպանության հանդեպ ունեցած նրա անսահման նվիրվածությունը: Մարտական գործողությունների առաջին իսկ օրից հայության տարբեր հատվածները ներկայացնող հարյուրավոր կամավորականներ, անտեսելով իրենց տարիքը, առանց որևէ կանչի կամ հայտարարության, շտապեցին կանգնել առաջնագիծը պաշտպանող իրենց զավակների ու եղբայրների կողքին: Այդ ընթացքում առանձնահատուկ ակտիվություն դրսևորեցին հատկապես Արցախյան առաջին պատերազմի մասնակիցները, ովքեր համախմբված լինելով տարբեր հասարակական կազմակերպությունների շուրջ, մեկնեցին ռազմաճակատ և մոտ երկու ամիս շարունակ մարտական ծառայություն իրականացրին առաջնագծի ամենադժվարին հատվածներում: Ավելին, այդ ընթացքում Արցախի ազատամարտիկների միության անմիջական նախաձեռնությամբ կազմավորվեց հատուկ ստորաբաժանում, որը բացի մարտական հերթապահությունից, անհրաժեշտության դեպքում, պետք է կատարեր հակահարվածային գործողություններ: Հատկանշական է նաև, որ բացի մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալուց, Արցախի ազատամարտիկների միությունն իր հնարավորություններից երկրի պաշտպանությանը հատկացրեց մոտ 670 միլիոն դրամ՝ դրանով մեկ անգամ ևս հավաստելով իր բազմակողմանի պատրաստակամությունը հայրենիքի սատարման սրբազան գործին:
Անուրանալի է նաև աշխարհասփյուռ հայության և նրանց կողքին կանգնած բոլոր այն օտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչների կատարածը, որոնց նյութական ու բարոյական աջակցության շնորհիվ ոչ միայն ամրապնդվեց և առավել անխոցելի դարձավ Արցախի պաշտպանությունը, այլև աշխարհն իրազեկվեց, թե ով էր ապրիլյան գործողությունների իրական սադրիչը: Այդ օրերին երկրագնդի տարբեր անկյուններից հավաքագրվեց և Արցախ ուղարկվեց շուրջ 5.5 մլրդ. դրամի չափով նյութական օժանդակություն: Հանուն արցախահայության, միջազգային ամբիոններից Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններով հանդես եկան տարբեր երկրների խորհրդարանականներ ու հայտնի հասարակական գործիչներ: <> պարբերականում տպագրված հայտարարությունում անդրադառնալով կատարվածին, ֆրանսիացի պատգամավորները ստեղծված իրավիճակի համար առաջինը մեղադրեցին միջազգային հանրությանը՝ շեշտելով, որ հենց վերջիններիս անտարբերությունը հանգեցրեց այդ ագրեսիային և, որ դա մեկ անգամ ևս ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը չի կարող անվտանգ լինել Ադրբեջանի կազմում: Նույն ժամանակահատվածում մեկ այլ հայտարարությամբ հանդես եկան ԱՄՆ 85 կոնգրեսականներ, Միացյալ Նահանգների նախագահից պահանջելով՝ կոնկրետ քայլերով աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես՝ շփման գծում ներդնել հետաքննության մեխանիզմներ, իրականացնել դիպուկահարների դուրսբերում և այլն:
Այս ամենին զուգահեռ բավականին լուրջ տեղեկատվական ու քարոզչական աշխատանք ծավալեցին նաև արտերկրում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններն ու ՀՀ դեսպանատները: Արցախը ներկայացնող դիվանագետները, գրեթե բոլոր գերտերություններում և հայաշատ երկրներում, այդ օրերին գտնվում էին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Նրանք հնարավորություն ստացան իրենց տեսակետն արտահայտել ու նաև ճշմարտությունը ներկայացնել այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներով, ինչպիսիք են <>, <>, <>, <>, <> հեռուստաընկերությունները: Բացի դրանից օտարերկրյա 100-ից ավելի լրագրողներ ապրիլյան քառօրյան լուսաբանում էին հենց անմիջապես դեպքերի վայրում, ինչը հնարավորություն տվեց առավել համակողմանի և օբյեկտվ ներկայացնել հակամարտության գոտում տեղի ունեցող իրական զարգացումները և, որ շատ կարևոր էր, չեզոքացնել ադրբեջանական ագիտպրոպի կողմից տարածվող ապատեղեկատվությունները:
Ամփոփելով վերոշարադրյալը, կարող ենք փաստել, որ հենց այս և մյուս գործոնների հանրագումարում՝ հայկական կողմին հաջողվեց հերթական անգամ հակառակորդին պարտադրել իր կամքը, ինչը, ցավոք, 2020-ի աշնանը չհաջողվեց... Իսկ, թե ինչու, դատեք ինքներդ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել