Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողների այն հիմնավորումը, թե նա պետք է օր առաջ հեռանա, վարչապետի աջակիցները փորձում են հակադարձել, թե ով էլ գա, այս փաստաթուղթը փոխել չի կարող, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Փաշինյանին փոխելը։ Խոսքն անգամ այն մասին չէ, թե այս ստորացուցիչ կապիտուլյացիան ստորագրող ղեկավարը չպետք է շարունակի պաշտոնավարել, որ մենք կարողանանք այս ամոթը հաղթահարել, մեջքներս ուղղելու, թևերս քշտած անցնել մեր երկրի հզորացմանը, ինչը հիմա կարևոր է առավել, քան երբևէ։ Փորձենք այս հուզական պահը հաղթահարել ու սթափ գնահատել իրավիճակը։
Եթե Փաշինյանը համաձայնվել է կապիտուլյացիային, ուրեմն վստահ է եղել, որ նրան գահընկեց չեն անի, եթե չասենք, որ դա կարող էին վստահեցնել նրան նաև դրսից։ Գուցե Փաշինյանի հրաժարականից հետո ոչ մի ղեկավարի չհաջողվի անմիջապես փոխել կապիտուլյացիայի ակտը, բայց դա հենց սկզբում չի էլ պահանջվում։ Փոխելով Փաշինյանին՝ ցույց ենք տալիս, որ հայ ժողովուրդը համաձայն չէ այս փաստաթղթի հետ, այսինքն՝ մենք մերժում ենք Փաշինյանի տված երաշխիքն ու Փաշինյանին տրված երաշխիքը, որպեսզի աշխարհին ասենք, որ եթե անգամ այդքան ահռելի հանրային աջակցություն ունեցող վարչապետին գահընկեց արեցին, կնշանակի, եթե այս փաստաթուղթը չբարելավվի, ուրեմն լարվածությունը չի թուլանալու, ու սա չի կարող ապահովել կայուն և երկարատև խաղաղություն։ Ու եթե հաշվի առնենք ադրբեջանցի փախստականների վերադարձն Արցախ ու նաև այն, որ ընդամենը մի քանի օր առաջ մահաբեր զենքերով իրար վրա էինք կրակում, ապա խաղաղ գոյակցության մասին խոսելը չափազանց վաղ է։ Այսինքն՝ դա նաև Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից է բխելու հաղթողի դիրքերից առավելագույնը ստանալու գայթակղությունից հրաժարվելը, քանի որ հասկանալու են, որ հայ ժողովուրդը՝ լինի Հայաստանում, թե ողջ աշխարհում, այս վիճակի հետ չի հաշտվելու և ուղիներ է որոնելու մեր տարածաշրջան այլ խաղացողների մտցնելու համար, միայն թե իրավիճակը փոխվի։ Այսինքն՝ Փաշինյանի հետ միասին ստատուս-քվոն պահպանելու ջանքերը ձախողված են։
Ու այս հարափոփոխ աշխարհում, այս բարդ տարածաշրջանում, աշխարհի ուժի կենտրոնների ու գերտերությունների այս կատաղի պայքարի արդյունքում մենք փորձելու ենք ներգրավել Չինաստանին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին, Արաբական աշխարհը, անգամ Աֆրիկյան ազգային կոնգրեսը, միայն թե փոխենք այս խայտառակ ստաուս-քվոն։ Այ, սրա համար պետք է փոխվի Փաշինյանը, որ իր հետ տանի իր պայմանավորվածություններն ու երաշխիքները։ Ու եթե նրա դեմ պայքարողները չեն կարողանում հանրությանը դա բացատրել, կամ որոշ դեպքերում բացատրողները վստահություն չեն ներշնչում, գուցե պետք է ասելու ձևը փոխել, ասելիքը փոխել, հիմնավորումները վերանայել, միայն թե կարողանալ փոխել Փաշինյանին, որպեսզի իրավիճակը փոխելու հնարավորություն ստանանք ապագայում: