Արդեն տեսանելի է, որ հայ զինվորն, աստիճանաբար հարմարվելով պարտադրված նորօրյա սերնդի պատերազմի պայմաններին, մտնում է մարտական գործողությունների նոր շրջան: Դա ոչ միայն նկատելի է շուրջ 200 կմ-ոց ռազմաճակատային գծի հյուսիսային, հյուսիսարևելյան, արևելյան և հարավարևելյան հատվածներում, որտեղ թշնամին շաբաթներ շարունակ հուսահատ ճիգեր է գործադրում ճեղքելու հայկական ուժերի պաշտպանությունը և մատնվում անհաջողության, այլև արդեն Հադրութից Արաքս ընկած մարտագծում ժամ առ ժամ փոփոխվող օպերատիվ իրադրությունից: Ընթացիկ գործողությունները հուշում են, որ ժամանակը գործում է ոչ թե հակառակորդի, այլ յուրային զորքերի օգտին, քանի որ գնալով օր օրի ոչ միայն նոսրանում են ադրբեջանա-թուրքական հանցավոր ղեկավարության կողմից վարձակալված գրոհայինների շարքերը (որոնք հանդիսանում են հակառակորդի հիմնական հարձակողական ուժերը), այլև կրճատվում միլիարդավոր նավթադոլարներով ձեռք բերված սպառազինության և տարատեսակ ռազմա-տեխնիկական միջոցների թվաքանակը: Հատկանշական է, որ, հակառակ դրան, աննկատ, բայց հաստատուն կերպով աճում են հայկական կողմի հնարավորությունները, ինչն, ամենայն հավանականությամբ, իրեն զգալ կտա մոտ ապագայում: Այս և ընթացիկ մյուս զարգացումներից ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ալիևը հայտնվել է Էդողանի լարած թակարդի մեջ, իսկ վերջինս՝ իր հիմար երևակայության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: