Եվրոպական դատարանը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջնորդությունը։
Նախ՝ շնորհակալություն այն իրավաբաններին, ովքեր պատրաստել են համապատասխան դիմումը և շարունակելու են այս վարույթի ընթացքում պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը՝ Եվրոպական դատարանին ներկայացնելով Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածներով նախատեսված իրավունքների կոպիտ և ցինիկ խախտման դեպքերը։
Համոզված եմ, որ այս գործով մեր հիմնական հաղթանակները դեռևս առջևում են։ Ռազմական ճակատում թշնամուն ջախջախելուն զուգահեռ չպետք է մոռացության մատնել մյուս ճակատները, այդ թվում՝ իրավականը, որը հետագայում ունենալու է առանցքային դեր։
Դրան զուգահեռ մի քիչ տարակուսելի է, որ Եվրոպական դատարանը մեր ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումի հիման վրա պարտավորություն է սահմանել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ մեր՝ դիմումատուի համար։ Չեմ հանդիպել նման դեպքի, երբ միջանկյալ միջոցի/հայցի ապահովում կիրառվում է ոչ միայն պատասխանողի, այլև դիմումատուի համար։
Անհասկանալի է նաև կիրառված միջոցի բովանդակությունը՝ ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը ենթադրում է Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների չկատարում, մասնավորապես` Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների մասով: Այսպես թե այնպես Եվրոպական խորհրդի անդամ ցանկացած երկիր պարտավոր է զերծ մնալ նմանաբնույթ գործողությունների կատարումից։
Հետևաբար առնվազն հրապարարակված տեքստից պարզ չէ, թե ինչ նոր լրացուցիչ սահմանափակում է դրվելու Ադրբեջանի վրա, որը նախկինում առկա չէր։
Հուսով եմ՝ ի վերջո այս գործի շրջանակներում Եվրոպական դատարանը չի խուսափի իրական արդադարադատության իրականացումից և կհաստատի ագրեսոր Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների բազմակի և կոպիտ խախտումների փաստը՝ սահմանելով դրանից բխող խիստ հետեւանքներ։
#ECHR
#wearelookingforjustice
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ