Երբ վերջապես պարզ դարձավ, թե ում շունն է կորոնավիրուսը և արտակարգ դրություն հայտարարվեց, ժողընտրյալը հայտարարեց, որ ճգնաժամը հնարավորություն է տնտեսական զարգացման համար, քանզի ամեն ինչ փլուզվելու է, ստանալու ենք մեծ շինհրապարակ ու կյանքը դառնալու է մեղր։
Մեղրը չկա։ Փոխարենը կան կորոնավիրուսային պատճառով 1․124 մահացած, 43.067 վարակված, արձակուրդ մեկնած Առողջապահության նախարար և ֆեյսբուքյան գրառումներով աչքի ընկնող վարչապետ։
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա «ճգնաժամը հնարավորություն» է թեմայով գրանցել ենք երկնիշ անկում։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) զիջում է նախորդ տարվա հուլիսին 10,2 տոկոսով։
ՏԱՑ–ը 2020–ի հունվար–հուլիսին նախորդ տարվա առաջին 7 ամսվա տվյալների համեմատ անկում է գրանցել՝ -5,7%:
Շարունակվում է շինարարական ոլորտի կտրուկ անկումը՝ -22,6%: Սա այս տարվա հունվար–հուլիսն է նախորդ տարվա հունվար–հուլիսի համեմատ։
Կրճատումներ ունենք նաև առևտրի շրջանառության (11 տոկոս), ծառայությունների (9,3 տոկոս), արտաքին առևտրաշրջանառության (11,3 տոկոս), արտահանման (6,4 տոկոս), ներմուծման (13,7 տոկոս) ոլորտներում։
Այս ամենի ֆոնին «դուխով» են նայվում իշխող ուժի ներկայացուցիչների ունեցվածքի հայտարարագրերում 2018–ի «թավշյայից» հետո արձանագրված աճերը շարժական ու անշարժ գույքի տեսքով։