Օրերս Նիկոլ Փաշինյանը մի բարի լուր հայտնեց, թե սփյուռքից հարյուր հոգի սեպտեմբերին գալու են Հայաստան ու ներգրավվեն մեր երկրի պետական կառավարման գործում։ Դե եթե վարչապետն անցել է հերթական հարյուրյակի գովքին, ու պատերազմական այս լարված իրավիճակը չի խանգարում նրան դա անել, ուրեմն մենք էլ կարող ենք Փաշինյանի, բանակի հետ չկապված գործերին գնահատական տալ, ու դավաճան չորակվել, թե այս պատերազմական իրավիճակում ինչպե՞ս ենք քննադատում իշխանություններին։
Փաշինյանի մոտ արդեն հին բարի սովորություն է իր հաջողությունների հենց հարյուրը լրանա հանրության հետ կիսվի, ու երբ տեսնում էր, որ այդ թիվը ոչ մի կերպ չէր հավաքվում, տարբեր մտացածին հաջողություններ էր մտցնում այդ ցուցակ։ Հիմա ի՞նչ․ եթե մի սփյուռքահայ հիվանդանա ու չկարողանա գալ Հայաստան պետք է այս միջոցառումը հետաձգեն, Փաշինյանը հո չի՞ կարող խոսել 99 հաջողության մասին, դա ուղղակի կլինի խայտառակություն։ Չէ՞ որ հիմա էլ ուրիշ հաջողություններ չկան, ինքը գուցե այդ հարյուր սփյուռքահայերին մեկիկ-մեկիկ պետք է ներկայացնի ու նրանց արժանիքները թվարկի։ Ի՞նչ է ստացվում․ էստեղից-էնտեղից հավաքվեցին մի քանի հոգով քայլեցին մի քանի կիլոմետր ու զբաղեցրեցին երկրի բոլոր կարևոր պոստերը, այս երկու տարում հասկացան, որ ամեն ինչ ձախողել են, հիմա էլ էստեղից-էնտեղից հավաքելու են հարյուր հոգի, որ թռնեն Հայաստան ու զբաղեցնեն պատասխանատու պաշտոններ։ Իսկ եթե ձախողվեն, ոնց թռել են Երևան, այդպես էլ կթռնեն Երևանից, իսկ պատասխան ո՞վ է տալու։
Մենք ունենք բավական մեծ թվով դրսի բարձրակարգ բուհերում սովորած փայլուն երիտասարդներ, ինչի՞ նրանց չեն ներգրավում պետական կառավարման մեջ, որ դրսից են բերում։ Մեր երիտասարդները չեն ուզո՞ւմ, թե՞ մերնոց չեն ուզում, երկու դեպքն էլ պահանջում է լուրջ հիմնավորում։ Փայլուն արդյունք ես ստանում, երբ քո հողնուջուրը, վարքուբարքը իմացող երիտասարդը դրսում ստանում է որակյալ կրթություն ու գալիս այն ներդնելու մեր երկրի կառավարման գործում։ Իսկ հիմա այդ հարյուր սփյուռքահայերի համար մի հարյուր զբոսավար էլ պիտի ներգրավենք, որպեսզի մեր դրսի բարեկամներին ծանոթացնեն մեր երկրի հետ, որ նրանք հասկանան, թե ուր են եկել և ինչով են զբաղվելու։
Ընտրություններում հաղթած ուժը՝ «Իմ քայլը» ձևավորել է կառավարություն, որն էլ ներկայացրել է իր հնգամյա ծրագիրը, որը հաստատվել է, հիմա մեր սփյուռքահայ բարեկամները գալու են իրենց ծրագրո՞վ, թե՞ կյանքի են կոչելու մինչ 2023 թվականը ուժի մեջ գտնվող կառավարության ծրագիրը։ Եթե նրանք արժեքավոր ասելիք ունեն, գուցե մեր կառավարությունը պատվիրեր նրանց վերլուծություն անել, զարգացած երկրների փորձի մասին խոսեին, ծրագիր կազմեին վերջապես։
Պատկերացրեք, դուք ուզում եք Հայաստանում ռուսական արտադրության «Լադա» մեքենայի հոսքագիծ դնել, արդեն այդ ծրագիրը հաստատված է, բայց դուք ոչ թե մեր երկրի գործիմաց կադրերին եք ներգրավում, ոչ թե «Լադայի» մայր գործարանից եք մասնագետ հրավիրում, այլ ասենք՝ Ֆորդի, Նիսանի, Պեժոյի գործարանններից։ Այստեղ կենդանի դասականը կասեր՝ դրանց բերել եք, որ ի՞նչ անեք։ Եթե ուզում ենք նրանց լսել, թե ինչպես արտադրել, ասենք՝ Մերսեդես, այդ ուրիշ բան, թողնենք ներկայացնեն իրենց ծրագիրը, մենք էլ որպես պետություն տեսնենք՝ ի վիճակի՞ ենք այն կյանքի կոչել, ի՞նչ նպաստող ու խանգարող հանգամանքներ կան։ Բայց մենք ուղղակի այդ մարդկանց հրավիրում ենք գալ ու աշխատել, աշխատել այս անպատասխանատու ու անփորձ քայլածների ձեռքի տակ, որպեսզի հետագայում ձախողման մեղքը նրանց վրա բարդե՞ն մեր իշխանությունները ու հանրությանն ասեն՝ դե ուզում էիք գրագետ կադրերով համալրեինք կառավարությունը՝ արեցինք, հիմա ինչի՞ց եք բողոքում։ Ու եզրակացնելու են, թե՝ կադրը փորձառու լինի, թե անփորձ, գրագետ լինի, թե անգրագետ, ներսում սովորած լինի, թե դրում, մեկ է ոչինչ չի ստացվում, քանի որ մեր քաղաքացին անգրագետ է, նրա գլխում վխտում է աղքատությունը ու այդքան էլ քիչ է մի բան էլ աշխատել չի սիրում, ուզում է պարկի դիվանին ու նպաստ ստանա։
Մի կողմ թողնենք, թե այդ սփյուռքահայ երիտասարդներից քանիսն են երկքաղաքացի, քանիսը միայն ունեն դրսի քաղաքացիություն, կարող են չէ՞ նրանք լինել իրենց երկրների տարբեր կառույցների ազդեցության գործակալներ, իսկ մենք պատերազմող երկիր ենք։ Կարող են անգամ չլինելով գործակալ հայաստանյան գաղտնիքները հայտնեն իրենց հայրենի երկրին ու դավաճան չհամարվել, քանի որ իրենք ծառայում են իրենց երկրին, իսկ այստեղ ընդամենը հրավիրված մասնագետ են, եկել են խոպան, բավական թանկ վարձատրությամբ, որպեսզի Փաշինյանը դա օգտագործի ինքնագովեստի համար։ Իսկ եթե բան չստացվի, ապա օտարերկրյա հարյուր «քավության նորխազ» կունենանք, տեղի պոտենցիալ «նոխազները» ոնց որ աւրդեն լավ գիտեն, թե վարչապետն ինչ սառնասրտությամբ է մարդկանց զոհաբերում, ու առանձնապես չեն պատրաստվում մնալ Փաշինյանի քանդվող իշխանության փլատակների տակ։ Բարեկեցիկ երկրից Հայաստան եկող բարձրորակ կադրը պետք է բավական լուրջ աշխատավարձ ստանա, առնվազն մի տասն անգամ գերազանցող՝ տեղի համանման կադրի համեմատ։ Իսկ եթե այդ երիտասարդները գալու են անբարեկեցիկ երկրներից, ու նրանց համար մեր սովորական աշխատավարձը միանգամայն ընդունելի է լինելու, ապա մեզ պե՞տք են այդպիսի մասնագետները, երբ մեզանում է լուրջ գործազրկություն սպասվում։ Իսկ եթե մեծ գումարներ են տալու, որ տեղափոխվեն իրենց բարեկեցիկ երկրներից, ինչի՞ նրանց հետ դրսում սովորած մեր երկրի երիտասարդներին այդ գումարները չեն տալիս, որ ստիպված չլինեն իրենց որակյալ կրթությամբ դառնալ ինտելեկտուալ խոպանչի։ Սա է Փաշինյանի կադրային քաղաքականությունը, հիմա էլ սրանով է փորձելու մեզ լռեցնել, թե մի քիչ սպասեք, մինչև մեր սփյուռքահայ որակյալ կադրերը վիճակը շտկեն, իսկ եթե չկարողանան, չկասկածեք՝ Փաշինյանը նրանց էլ կփռի ասֆալտին ու կծեփի պատին, միայն թե դրանից հետաքրքիր գովազգային հոլավակ ստացվի։ Այս ո՞ւր ենք գնում, այս ուր ենք հասել, ուշքի եկեք, պարոնայք իշխանավորներ։