Արձանագրենք այստեղ մի կարևոր հանգամանք՝ վերջին օրերի հետ կապված։
Այս օրերի ընթացքում Ալիևին և Ադրբեջանին՝ որպես պետություն, ծանր ապտակներ հասցրին և հայկական կողմին անգնահատելի ծառայություններ մատուցեցին ադրբեջանական քաղհասարակության և ընդդիմության՝ նաև հենց Բաքվի վարած վարչակարգի հետևանքով Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլ տարածքներում հայտնված ներկայացուցիչները, ակտիվ գործիչները, որոնց շնորհիվ Ալիևը հերթական անգամ համոզվեց, որ լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ կռվելու է ոչ թե մեկ, այլ մի քանի ճակատով։
Համացանցում Բաքվի իշխանական ռեսուրսների՝ առաջնագծի իրավիճակի մասին հատուկ լրատվական թողարկումներին ուղիղ եթերում հետևում էին տասնյակ անգամներով ավելի քիչ մարդիկ, քան Գերմանիայից այդ նույն պահին Ալիևի վարչակարգին հայհոյող ջահելներին, էն բոլոր մարդկանց, որոնք ասում էին, որ Ադրբեջանի էս վարչակարգի գոյության պայմաններում պատերազմ սկսելը Հայաստանի դեմ անիմաստ գործ է. պետք է դուրս գալ փողոց և հեռացնել գործող իշխանություններին։
Ադրբեջանական «քաղհասարակություն» և «ընդդիմություն» կոչվածի երիտթևը միս ու արյուն տվեց այնպիսի թեզերի, ինչպիսիք էին Մեհրիբան Ալիևայի մահանալը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ երկրից փախած լինելը, գլխավոր շտաբի պետ Նաջմադդին Սադիկովի ուղիղ մեղավորությունը գեներալի ու գնդապետի ոչնչացման մեջ և այլն, և այլն։
Ադրբեջանի անմիաբանության ու անհամերաշխության փաստը անգամ այդ երկրում «պատերազմական» անվանված օրերին արժենալու է ծանր գին գործող իշխանության ու հենց այդ երկրի համար ընդհանուր առմամբ, ինչի համար արժի ծափահարել նաև դրանում իրենց լուման ունեցած և Ալիևի աթոռին նստել երազող վտարանդի ադրբեջանցիներին։