ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը հետաքննելու է Միջերկրական ծովում ֆրանսիական և թուրքական ռազմածովային նավերի միջև տեղի ունեցած միջադեպը, քանի որ երկու դաշնակիցները միմյանց մեղադրում են տարածաշրջանում իրենց գործողությունների համար:
Թուրքիան և Ֆրանսիան գտնվում են Լիբիայի հարցում հակառակորդ ճամբարներում, որտեղ վերջինս աջակցում է գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերին, իսկ Թուրքիան սատարում է Ազգային համաձայնագրի կառավարությանը։
Հունիսի 18-ի CNNTürk-ին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Ֆրանսիային՝ Լիբիայում քաղաքական միասնություն ապահովելու միջազգային ջանքերը խաթարելու հաշվին Հաֆթարին շարունակական աջակցելու համար:
Թուրքական և ֆրանսիական նավերի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Չավուշօղլուն ասել է․ «Նրանք փորձում են զննել այնտեղ գտնվող մեր նավերը, թե արդյոք մենք ինչ-որ բաներ ենք տեղակայում Լիբիա: Մենք այնտեղ նաև ռազմանավեր ունենք: Դուք կստանաք ձեր պատասխանը, եթե նման կերպ եք վերաբերվում ՆԱՏՕ-ի ձեր դաշնակցին»: