Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդասպանի գլխուղեղը տարբերվում է շարքային մարդու գլխուղեղից: Մասնագետների հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain Imaging and Behavior գիտական պարբերականում:
Գիտնականներն անց են կացրել բազմաթիվ գիտափորձեր, որոնց համար մի քանի տարի է պահանջվել: Հետազոտության ընթացնում կիրառվել է գլխուղեղի պոզիտրոնային-էմիսիոն շերտագրության մեթոդը:
Գիտափորձերին մասնակցել է 808 կամավոր, որոնք բոլորն էլ հանցագործություններ էին գործել: Կամավորներին բաժանել են երեք խմբի, որոնցից առաջինում միայն մարդասպաններն էին, երկրորդում՝ բռնարարներն ու կռվարարները, իսկ երրորդում՝ այն մարդիկ, որոնց հանցագործությունները որևէ կապ չունեին բռնության հետ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երկրորդ ու երրորդ խմբերի կամավորները շատ քիչ բանով էին տարբերվում միմյանցից, իսկ նրանց գլխուղեղը գրեթե չէր տարբերվում երբևէ հանցագործություն չգործած մարդկանց գլխուղեղից:
Ինչ վերաբերում է մարդասպանների խմբին, ապա նրանց գլխուղեղը զգալի տարբերություններ ուներ: Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդասպանների գլխուղեղի որոշ հատվածներում բացակայում է գորշ նյութը: Ընդ որում, մեծ մասամբ դա այն հատվածներն էին, որոնք պատասխանատու են հույզերի, զգացմունքայնության, բարոյականության, կարեկցանքի ու ափսոսանքի համար: