Հայաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանց չեն դիահերձի: Այս մասին օրենքն ընդունվեց սույն թվականի մարտի 30-ին, ինչից հետո բազմաթիվ լրատվականների ներկայացուցիչներ ինձ զանգահարեցին, որպեսզի ստանան մեկնաբանություն, սակայն ես առանց թեման ուսումնասիրելու երբեք մեկնաբանություն չեմ տալիս: Թեման «մոռացվեց», բայց ես ուսումնասիրեցի խնդիրը...
Այսպիսով` ելնելով այն տրամաբանությունից, որ կորոնավիրուսը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն է, կարող եմ ասել, որ մասնակի համաձայն եմ այն փաստի հետ, որ Հայաստանում դեռևս չկա մասնագիտացված դիահերձարան նման համաճարակների դեպքում գործածելու համար, և դա խնդիր է:
Սակայն, սույն թվականի մարտի 24-ին Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված ուղղեցույցի (հղումն՝ այստեղ) մեջ ասվում է․
1. «Բացառությամբ հեմորագիկ տենդերի (էբոլա, մակբուրգ և խոլերա)՝ ախտահարված մարմինները վարակի աղբյուր չեն: Այս դեպքում միայն թոքերը կարող են հանդիսանալ վարակի աղբյուր ոչ պատշաճ դիահերձման դեպքում»։
2. «Դեռևս չկա դիահերձման ժամանակ բուժանձնակազմի վարակման որևէ փաստ»
Նաև պետք է նշեմ, որ Հայաստանում վարակակիրների թիվը դեռևս ամբողջ ծավակով բացահայտված չէ և, հաշվի առնելով կորոնավիրուսի անախտանիշ ընթացքը, բացառված չէ, որ նույնիսկ այլ պատճառով մահացած անձի մոտ լինի կորոնավիրուսի առկայություն (օրինակ` ավտովթար, սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ և այլն), ուստի դիահերձողը չիմանալով կարող է դիահերձել կորոնավիրուսով հիվանդ անձի և նույնիսկ չիմանալ այդ մասին:
Հաշվի առնելով այս ուղեցուցային պնդումները և վարակակիրների իրական թվի անհայտ լինելու փաստը՝ ինձ համար մնում են անհասկանալի օրենքի այս փոփոխության շարժառիթները և օրենքի փոփոխության դերը վարակի տարածման դեմ պայքարի ընթացքում, ուստի չեմ կարծում, որ ընդունված օրենքը կստանա արդյունավետ կիրառություն և կծառայի իր նպատակին:
Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որը ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան: