Մենք ծայրահեղությունների ազգ ենք։ Գեղարվեստական հերոսները մեզ համար կամ դրական են, կամ՝ բացասական։ Այս կամ այն երևույթը մեզ համար կամ սև է, կամ՝ սպիտակ։ Մեզ համար միջինը բացակայում է, չկա։ Ադրբեջանին մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից «Սմերչ» և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք վաճառելու փաստն ու ողբերգական ավտովթարի մեղավոր հայ ավտովարորդին կնոջ խալաթ հագցնելով ծաղրելը մեզանում մի այլ ծայրահեղ կարծիք է ձևավորում՝ ատելություն ամեն կարգի ռուսականի հանդեպ...
Ես եղել ու մնում եմ այն կարծիքին, որ վերջին 200 տարում մեր ժողովրդի գրեթե բոլոր ողբերգություններում Թուրքիայի հետ իր մեծ բաժինն ունի Ռուսաստանը, որ Ռուսիան, ի տարբերություն մեզ, իր բոլոր ձեռնարկումներում առաջնորդվում է բացառապես իր ազգային, պետական շահերով, որ նրա համար Հայաստանը լոկ տարածք է (ցանկալի է՝ առանց բնիկների) և այլն, բայց ինձ համար Ռուսական կայսրությունը, ՌԴ-ն ու Դոստոևսկին, Տոլստոյը, Չեխովը, Եսենինը, Շուկշինը, Ռախմանինովը նույնը չեն, ինչպես մեզանում իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն Թումանյանը, Տերյանը, Չարենցը, Բակունցը, Շիրազը, Սևակը, Սահյանը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանն ու ներկայիս հայոց քաղաքական «էլիտան»...
Երեկ ես կարդում էի Վլադիմիր Պոզների սքանչելի տողերը՝ Հայաստանի ու հայերի մասին, հիշում նաև Վլադիմիր Սոլովյովի խոսքերը՝ հայերիս մասին... Նրանք ու պուտինյան Ռուսաստանն անհամատեղելի բաներ են, ինչպես անհամատեղելի են Հայաստանի շարքային քաղաքացիները, ՖԲ-ում իմ հրաշալի ընկերներն ու Հայոց քաղաքական բուրգին ծվարած բախտախնդիրները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardges.ovyan/posts/406234326152243
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել