Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։
Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 28-ի ժամը 9-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով կազմվել է 1742 արձանագրություն, 847-ը՝ մայրաքաղաքում, 895-ը՝ մարզերում։
Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 28-ի ժամը 9-ը՝ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 1751 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 45 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։