Ազգ-բանակը պլակատ չէ, ապրելակերպ է։
Այդպես մուսալեռցին է ապրել (1915 թ. հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը), Կիչանի, Ղազանչի գյուղերի բնակիչները, (1992 թ. հունիսի 13-ից-15-ը), Խնապատը (1991 թ. հոկտեմբերի 30-ը, 1993 թ. հուլիսի 23-ը), Մաճկալաշեն, Սոս գյուղերի բնակիչները (1992 թ. սեպտեմբերի 6-ից 8-ը), Վաղուհասը (1993-ի փետրվարի 5-ից 6-ը), Ուղտաձոր գյուղը (ողջ գյուղը (!)) մի մարդու նման կռվել է մինչև 1993 թ. օգոստոս, Ֆիզուլիի ազատագրում, թուրքը երբեք չմտավ այս գյուղ), Տողի բնակիչները (1991 թ. հոկտեմբեր 30, 1992 թ. հունիսի 28), Քարինտակը (1992 թ. հունվարի 26 ), փոքրից մեծ, բոլո՛րը, անխտիր կռվել են։
Չինարիի բնակիչները (այսօր), Վազաշենը (այսօր), Նավուրը (այսօր) ապրում են այդպես։ Այդպես ապրում է յուրաքանչյուրը, ով գիտի հողի գինը։ Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ, ով այսօր արդեն գիտի տղերքի արյունով պահած հողի գինը, այդպես է ապրում։ Այդպես ապրում է հայրենիքն անառևտուր սիրող յուրաքանչյուր հայ, առանց սակարկելու ու առավել, առանց «կգաղթեմ» սպառնալիքի... Ի սեր Աստծո։
Հայի համար պետք է միևնույն չլինի ու՛մ դեմ կռվել։ Էդ բաշիբոզուկի համար է միևնույն, զենք լինի՝ բավ է։ Պատահաբար հայ ծնված, 30 արծաթով հային հայի դեմ տրամադրող, այդ 30-ով դավաճանող, բախումներ հրահրող շուն-շանորդին է այդ բաշիբոզուկը։
Ազգ ջան, բանակը ամեն օր, ժամ, ակնթարթ գիտի, որ թշնամին մեկն է, էն միակը... Ազգ ջան, բանակը քո ու ազատ-անկախ հայրենիքի սիրո ծնունդն է, ուրեմն պատասխանատու ես ամեն ինչի համար, ինչին կյանք ես տվել։ Ուրեմն բանակիդ կողքին, բանակիդ հետ բանակ դարձիր, մենք այդպես ենք ուժեղ։
Իմ 28 տարեկան հպարտություն, տոնդ շնորհավոր։
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ։