ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին տոնական միջոցառումների կապակցությամբ ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:
Հարգելի՛ քաղաքացիներ, Ամանորը բոլորիս տոնն է, եւ այս տարի այն միասին ենք նշելու, հետեւաբար, միասնաբար պետք է միջոցներ ձեռնարկենք տոնական տրամադրությունը որեւէ միջադեպով չխաթարելու, հանրային անվտանգությունն ապահովելու, քաղաքացու հպարտ կոչմանը վայել պահվածքի համար:
Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ միջոցառման վայր դյուրավառ նյութեր, հրագործական արտադրատեսակներ, ճայթուկներ եւ նմանատիպ այլ իրեր բերելուց։
Դարձյալ անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ հորդորում ենք ձեռնպահ մնալ միջոցառումը դրոններով տեսանկարահանելուց։
Ակնկալում ենք բոլորի ըմբռնումն ու համագործակցությունը եւ կրկին կոչ ենք անում միասնաբար ապահովել հանրային անվտանգությունը, որպեսզի օրվա տոնականությունը չմթագնի։
Շնորհավորում ենք բոլորին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: