«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը տեւական արձակուրդից հետո դարձյալ մեկնել է արձակուրդ, իհարկե, խիստ կարճատեւ՝ ընդամենը երկու օր, սակայն այդ արձակուրդը բոլորովին այլ լույսի ներքո է հայտնվում աղբատար մեքենաների նվիրատվության աղմուկի ներքո: Քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է «ԿամԱԶ»-ների նվիրատու ընկերությունների ցանկը, որտեղ կան նաեւ հայտնի անուններ ունեցող սեփականատերեր, ինչպես, օրինակ, Սամվել Ալեքսանյանը: Սակայն նվիրատուների ցանկի հրապարակումը ոչ թե հանում է հարցերը, կամ նվազեցնում աղմուկը, այլ գործնականում ավելի խճճում պատկերը:
Ի վերջո, ինչո՞ւ էր քաղաքապետարանը խուսափել հանրությանը նվիրատուների մասին տեղեկացնելուց: Իսկ տեղյա՞կ էր այդ ամենից, օրինակ, վարչապետ Փաշինյանը, որն ինքը պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման սկզբունքի մասին ու նաեւ փորձում հնարավոր տարբերակներով հանրությանը ներկայացնել պարբերական հաշվետվություն:
Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղակի անփորձության, սխալ կողմնորոշվելու, քարոզչական մարտահրավերները թերագնահատելո՞ւ, թե՞, այդուհանդերձ, կոռուպցիոն ռիսկի արդյունք է: Հարցերն իսկապես շատ են եւ անկասկած է, որ դրանք հասնում են արդեն ընդհուպ կառավարող մեծամասնության քաղաքական ղեկավարությանը:
Այն, որ կարողունակ մարդիկ նվիրատվություն կանեն համայնքներին, որեւէ կերպ ոչ միայն դատապարտելի չէ, այլ նույնիսկ խրախուսելի: Սակայն ամենատարօրինակն այն է, որ քաղաքապետարանը տվյալ պարագայում հանրությունից գաղտնի է պահել նվիրատվությունը: Այստեղ իրավիճակ է, երբ, մեղմ ասած, բարդ է խոսել «հեղափոխություն-հակահեղափոխություն» բանաձեւով:
Ի վերջո, նվիրատվությունը հանրությունից հակահեղափոխականները չէ, որ թաքցրել են: Եվ աղմուկն էլ, ի վերջո, քարոզչական հնարքի կամ նենգափոխման, այսպես ասած, ֆեյք նյուզի տրամաբանությամբ չէ, որ ձեւավորվել է, այլ իսկապես հիմնավոր հարցադրումների: Մեծ հաշվով, այդ իմաստով ստեղծված իրավիճակն իրապես եզակի է, որպես աղմկոտ պատմություն եւ այն կարող է առնչվել քաղաքական տողատակերի: Արդեն իսկ հնչում են հայտարարություններ, որ Հայկ Մարությանը պետք է հրաժարական ներկայացնի:
Կձեւավորվի՞ այդ հարցում, այսպես ասած, նոր քաղաքական ճակատ, կրթության ու գիտության նախարարի հանդեպ անարդյունավետ փորձից հետո: Արդեն իսկ հնչում են քաղաքապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրության մասին հարցադրումներ, թեեւ ֆորմալ իմաստով քաղաքապետի հրաժարականն ամենին չի ենթադրում կամ պահանջում արտահերթ ընտրություն:
Մյուս կողմից, իսկ կարո՞ղ է արտահերթ ընտրությունը դիտարկվել ներքաղաքական որոշակի լիցքաթափման մեխանիզմ՝ ներկայիս բավականին լարված ու հագեցած փուլի համատեքստում:
Այստեղ, իհարկե, մեծ նշանակություն է ունենալու այն, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի քաղաքական թիմը եւ մասնավորապես վարչապետ Փաշինյանը, ինչպիսին է նրա գնահատականը իրավիճակին: Արդյոք նա կանդրադառնա՞ թեմային Բիշքեկից վերադարձից հետո, որտեղ մասնակցում էր ՀԱՊԿ պետությունների ղեկավարների վեհաժողովին: Այն, որ իրավիճակը կարող է հանգեցնել կառավարող ուժի ներսում հերթական տարակարծությունների եւ բաժանարար մոտեցումների, կասկածից վեր է: Այստեղ էական է դառնալու, թե Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշմամբ որքանով կնախընտրի հարված վերցնել իր վրա եւ պահել Հայկ Մարությանին:
Մյուս կողմից, իսկ ով կարող է լինել կառավարող ուժի քաղաքապետի նոր թեկնածուն, նրանից բացի: Պետք է նկատել, որ, այսպես ասած, հնչեղ թեկնածուներ ցուցակում չկային, թեեւ մյուս կողմից, իհարկե, հնչեղությունը ամենեւին արդյունավետության երաշխիք չէ, եւ հակառակը: Իր հերթին հարց է, թե արդյոք Հայկ Մարությանը չի հայտնվե՞լ որոշակիորեն նաեւ ներքին հարվածի թիրախում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: