Մեզնից շատերը գիտեն` ինչ է աչքի թրթռոցը. բոլորս ինչ-որ պահի բախվել ենք այդ խնդրին: Այն, ինչը զգում ենք, մկանային սպազմ կամ նյարդային թռիչք է աչքի շուրջը։ Աչքի թրթռոցը վտանգավոր չէ կյանքի համար, բայց կարող է խոսել առողջական մի քանի լուրջ խնդրի մասին:
Աչքի մկանի այդ սպազմը կարող է ազդել 1 կամ 2 աչքերի վրա, կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Հազվադեպ կարող է մի քանի օր տևել ինքնուրույն վերանալուց առաջ:
Աչքի թրթռոցի առաջացման ստույգ բացատրություն չկա: Այն սովորաբար կապված է սթրեսի և հոգնածության հետ, նաև կոֆեինի, ալկոհոլի, ծխախոտի չափից շատ գործածման հետ: Աչքի թրթռոցը կարող է պայմանավորված լինել նաև աչքերի չորությամբ, աչքերի չափից շատ լարվածությամբ, ալերգիայով կամ աչքի գրգռվածությամբ: Հաճախ այն տեղի է ունենում առանց որոշակի պատճառի։ Աչքերի այս սպազմն անվաս է և անցավ։
Կան դեպքեր, երբ աչքի թրթռոցն առաջանում է որևէ նյարդաբանական խանգարման պատճառով, ինչպիսիք են՝ բլեֆարոսպազմը (անկանոն թարթում կամ սպազմ) կամ ամիոթրոֆիկ կողային սկլերոզը։ Բլեֆարոսպազմը, որն ավելի բնորոշ է կանանց, քան տղամարդկանց, սովորաբար առաջանում է միջին տարիքում և մինչև ուշ հասունություն։
Եթե ունեք հետևյալ ախտանիշերից մեկը, հնարավորինս շուտ մասնագետի դիմեք․
- Եթե ձեր աչքերի սպազմը շարունակվում է մեկ շաբաթից ավել,
- Եթե սպազմն ամբողջությամբ ծածկում է կոպը,
- Եթե սպազմն ազդում է ձեր ամբողջ դեմքի վրա,
- Եթե ձեր աչքերը կարմրում են, կամ աչքերից արտազատում է լինում,
- Եթե ձեր վերևի կոպը սկսում է կախվել։