«Ժամանակ» թերթը գրում է.
«Թուրքիան որոշել է Եվրոպա, Ռուսաստան, Ադրբեջան արտաքսել իր բանտերում պահվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այն անդամներին, որոնք այդ ուղղություններից են ներթափանցել Սիրիա, իսկ հետո հայտնվել թուրքական գերության մեջ: Ադրբեջանի պարագան այս դեպքում, իհարկե, հատկանշական է: Անկարան, անշուշտ, զինյալներին իրենց երկրներ արտաքսելու որոշումը դիտարկում է քաղաքական գործիքի համատեքստում՝ թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ որևէ այլ երկրի հետ հարաբերության համատեքստում: Դա թուրքական ոճն է, կամ գուցե էրդողանյան ոճը, կամ դրանք նույն բանն են:
Ադրբեջանի պարագան այս ֆոնին դառնում է հատկանշական: Ինչո՞ւ է Անկարան իր բանտերից Ադրբեջան արտաքսում «Իսլամական պետության» զինյալներին, որոնք Ադրբեջանից են ներթափանցել Սիրիա և կռվել ԻԼԻՊ կազմում մարդկության դեմ: Անկարան այդ քայլին գնում է այսպես ասած՝ հավասարության սկզբունքի համար, որպեսզի մյուսները մատնացույց չանեն Բաքվի հանգամանքը, թե՞ Անկարան խնդիր ունի նաև Ադրբեջանի համար և որոշակիորեն դժգոհ է Բաքվի որևէ պահվածքից: Այդ հանգամանքը թերևս արժանի է հայաստանյան դիտակետից ուշադրության, նկատի ունենալով թե այն պարագան, որ Բաքուն ինչ-որ կերպ գուցե առաջացրել է Անկարայի դժգոհությունը, կամ ինչ-որ առումով Թուրքիան փորձում է տարանջատվել Բաքվից, չնույնանալ նրա հետ, և թե այն, որ Անկարայի քայլը գուցե Բաքվին, այսպես ասած, «ահաբեկչական ռեսուրսի» տրամադրում է: Ինչպես «բազմամյա օգտագործման» գործիքներ, որոնք Թուրքիան վերադարձնում է Բաքու որևէ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:
Այնպես որ, Ադրբեջանին Թուրքիան պայմանական է «ահաբեկիչներ» վերադարձնում, և մեծ հավանականությամբ վերադարձնում է «հերոսական» ռեսուրս, որը կարող է հետագայում ինչ-ինչ գործածության առաջադրանք ստանալ հայկական ուղղության վրա կեղտոտ սադրանքներ անելու համար: Հատկապես, որ Բաքուն ներկայումս ռազմա-քաղաքական փակուղում է և արցախյան հարցում դրանից դուրս գալու համար կարող է մտածել իր ավանդական «սադրանքների» մասին:
Երևանն այս դեպքում պետք է հետևի գործընթացին և կանխավ մտածի այն մասին, որ Բաքվի համար ամեն մի նոր սադրանք ունենա աննախադեպ նոր քաղաքական ծանր հետևանք: Ռազմական ծանր հետևանքի հարցում հայկական զինուժն, իհարկե, չի թողել կասկածի տեղ երբևէ»: