Համաշխարհային կինոյի և էստրադայի աստղերը միշտ կապված են մեծ գումարների հետ։ Իսկ այնտեղ, որտեղ մեծ գումարներ կան, միշտ տեղ կգտնվի նաև կրիմինալի համար։ Մի շարք հայտնի դերասաններ և երգիչներ ամուր կապեր ունեին մաֆիայի հետ, որը նրանց օգնում էր լուծել վիճելի հարցերը և առաջ գնալ ոլորտում։
Ամերիկյան երգիչները և իտալացի գանգստերները
«Ջազի արքա» Լուի Արմսթրոնգը մաֆիայի հետ կապվել էր դեռևս 20-րդ դարի 20-ական թվականներին։ Նրա հովանավորը դարձել էր Չիկագոյի մաֆիայի պարագլուխ Ջոն Տորիոն՝ «Հայրիկ Ջոնի» մականունով։ Կարիերայի սկզբում երգիչը պայմանավորվածություն էր ձեռք բերել ակումբներում ելույթ ունենալու վերաբերյալ։ Այդ ակումբները պատկանում էին միմյանց միջև պատերազմող խմբավորումների։ Իրավիճակն աստիճանաբար բարդանում էր, սակայն ամեն ինչ հարթեց երգչի իմպրեսարիո Ջո Գլեյզերը, ով մեծ կապեր ուներ հանցավոր աշխարհի հետ։
Ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրան միլիոնավոր մարդկանց սիրելին էր և միևնույն ժամանակ ՀԴԲ-ի կասկածյալը։ Դաշնային բյուրոն շուրջ 40 տարի հետևել է նրան և մեղադրել մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ։ Սինատրան ծնվել է իտալացի էմիգրանտների ընտանիքում և մեծացել է փողոցում, իսկ նրա մանկության ընկերների մեծ մասը դարձել էին գանգստերներ։
Երգիչը չէր թաքցնում իր կապերը և ընկերություն էր անում ամերիկյան հանցավոր աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդների հետ։ Նրա հարազատ մորեղբայրը Գարավանտե հանցավոր ընտանիքի անդամ էր, իսկ երգիչն իր տանը հաճախ հյուրընկալում էր Լակի Լուչանո կլանի գանգստերներին։
Ալեն Դելոնը՝ սպանության կասկածյալ
Լրագրողները կարծում են, որ Ալեն Դելոնը մասնակցել է իր թիկնապահի սպանությանը։ Թիկնապահը դերասանին ծանոթացրել է իր սիրուհու հետ, որն էլ հետագայում դարձել է Դելոնի կինը։ Մի անգամ դերասանը վկաների ներկայությամբ կես կատակ ասել էր, որ եթե թիկնապահը քնի իր կնոջ հետ, ապա երկար չի ապրի։ Որոշ ժամանակ անց տղամարդուն սպանեցին, իսկ Դելոնը դարձավ կասկածյալ։
Չնայած իր գեղեցիկ արտաքինին՝ սեքս-խորհրդանիշը երիտասարդ ժամանակ մասնակցել էր Հնդկաչինական պատերազմին և աչքի էր ընկնում բռնկուն բնավորությամբ։ Նրա մեղքն ապացուցել այդպես էլ չհաջողվեց, իսկ մեղադրյալ դարձավ Ֆրանսուա Մարկանտոնին՝ քրեական հեղիանկություն Մարսելից, որը շատ մոտ հարաբերություններ ուներ Ալեն Դելոնի հետ։
Ռեպեր-հանցագործներ
Ամերիկացի ռեպերի համար հանցավոր աշխարհի հետ կապը հաջողության հասնելու ամենակարևոր բաղադրիչներից է։ 1999 թվականին Նյու Յորքի գիշերային ակումբում կրակոցներ հնչեցին։ Ոստիկանությունը ժամանեց դեպքի վայր և զննեց մեքենաները, որոնք կանգնած էին ակումբի մոտ, և ատրճանակներից մեկը հայտնաբերեց Շոն Կոումզայի մեքենայի մեջ։ Այսօր նա ավելի հայտնի է Փաֆ Դեդի անունով։
Ռեպեր 2Pac-ն ապրել է 25 տարի, սակայն հասցրել է դառնալ հիփ-հոփ մշակույթի խորհրդանիշը և վաճառել 75 միլիոն ալբոմ։ 90-ական թվականների կեսերին ԱՄՆ-ի արևմտյան և արևելյան ափերի ռեփերների միջև «պատերազմ» սկսվեց, որն ավարտվեց Թուփակ Շաքուրի և հիփ-հոփ կատարող The Notorious B.I.G-ի սպանությամբ։ Այս սպանությունները մինչև հիմա բացահայտված չեն։