Ամերիկացի գիտնականները թմրանյութերի ապօրինի շրջանառության նոր վտանգ են հայտնաբերել: Նրանք պարզել են, որ կոկաինի առևտրով զբաղվողները, ակտիվորեն կտրելով արևադարձային անտառները Հարավային Ամերիկայում, ավելի են սրում կլիմայի գլոբալ փոփոխությունները և միգրացիոն ճգնաժամը, գրում է The Verge-ը:
Ուսումնասիրություններն անցկացվել են Հոնդուրասում, Կոստա Ռիկայում և Գվատեմալայում: Հենց այստեղ է նկատվում աշխարհում անտառհատումների ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Հարավային և Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ և Կանադա կոկաինի մատակարարման երթուղիներն անցնում են արևադարձային պահպանվող անտառներով, ինչը լուրջ վնաս է հասցնում էկոհամակարգին:
Բացի այդ, փողերը լվանալով, շատ նարկոբարոններ ակտիվորեն ներդրումներ են անում անասնապահությանում և գյուղատնտեսությունում, ոլորտներ, որոնք ավանդաբար կապված են անտառհատման հետ: Անտառհատումը ոչ միայն խաթարում է տարածաշրջանի կայունությունը, այլև բերում է գլոբալ հետևանքների: Որքան քիչ լինի «մոլորակի թոքերը», այնքան ավելի շատ ածխաթթու գազ կկուտակվի մթնոլորտում՝ ուժեղացնելով ջերմոցային էֆեկտը և արագացնելով գլոբալ տաքացումը:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված երկրորդ կարևոր խնդիրը հարկադիր միգրացիան է: Նարկոկարտելներն ամբողջ թաղամասեր են վերահսկում՝ բռնություն կիրառելով և ահաբեկելով տեղի բնակչությանը: Փախչելով անօրինականությունից՝ նրանք ստիպված են լինում լքել իրենց տները: