Վերահսկիչ պալատի հաշվետվությունից հետո ԱԺ նախագահն ու իշխանական որոշ պատգամավորներ մեղադրանքներ հնչեցրեցին կառավարության հասցեին` միամտաբար կարծելով, որ եթե ՎՊ նախագահը վայելում է նախագահի անվերապահ աջակցությունը, ուրեմն հնարավոր չէր, որ նման համարձակ հաշվետվությունը համաձայնեցված չլիներ Բաղրամյան 26-ի հետ, ուստի շտապեցին բարենպաստ առիթն օգտագործել ու քննադատական սլաքն ուղղել հատկապես վարչապետի ուղղությամբ: Բայց նախագահի գնահատականը վերջին խորդակցության ժամանակ միանգամայն այլ պատկեր նախանշեց, ու ոմանք, սովորության համաձայն, որ չուշանան արձագանքել, արդեն շտապեցին հայտարարել, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի ու ՎՊ նախագահի այս հակամարտության ժամանակ Տիգրան Սարգսյանի կողքին կանգնելը միանգամայն արդարացված էր, քանի որ ՎՊ հաշվետվությունը ոտքից գլուխ անպետք էր ու կողմնակալ: Բայց իմ կարծիքով նախագահի նման վերաբերմունքը ոչ թե ի պաշտպանություն վարչապետի էր, այլ՝ ընդդեմ Իշխան Զաքարյանի: Քանի որ Տիգրան Սարգսյանի նկատմամբ նախագահի վերաբերմունքի հրապարակայնորեն հստակեցման պահը դեռ չի եկել: Սատարո՞ւմ է վարչապետին, թե՞ «քավության նոխազ» դարձնում, պարզ կդառնա այն բանից, թե մենք ի վերջո գնո՞ւմ ենք ԵՄ, թե՞, այնուամենայնիվ, Մաքսային միություն, այնուհետև՝ ԵվրԱզԷս: Այնպես որ, Կիպրոսի դատախազի բացահայտումը օֆշորի մասին, ընդամենը նպաստող կամ էլ անտեսելու ենթակա հայտարարություն է, նայած դեպքերի զարգացման:
Գաղտնիք չէ, որ Վերահսկիչ պալատի նախագահը ժամանակին համարվում էր Գագիկ Ծառուկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Բավական է նշել, որ նա, մինչև ՎՊ նախագահ դառնալը, ԲՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր էր, ԱԺ նախագահի տեղակալ՝ ԲՀԿ քվոտայով: Պատահական չէ, որ պաշտոնից հեռացող Ռոբերտ Քոչարյանն առիթն օգտագործեց ու նրան 2007թ. նոյեմբերի 5-ին՝ ԱԺ-ի միջոցով, 6 տարի ժամկետով Վերահսկիչ պալատի նախագահ նշանակեց: Բայց մի որոշ ժամանակ անց, երբ արդեն նախագահը Սերժ Սարգսյանն էր, Իշխան Զաքարյանը ցանկացավ մաքրվել նախորդ կապերից ու պարտավորություններից և իր հավատարմությունն առ Սերժ Սարգսյան արտահայտեց հենց Ծառուկյանի մտերիմների մոտ արված ստուգումներից աղմկահարույց բացահայտումներ անելով: Այն ժամանակ Ծառուկյանի «ցասումից» Զաքարյանը «մազապուրծ» եղավ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո հարմարավետ տեղավորվելով: Եվ քանի որ իր նախկին թիմի հետ «այրել էր կամուրջները», ուրեմն ամեն ինչ պետք է աներ, որպեսզի չկորցներ նախագահի վստահությունը:
Իսկ հիմա անգամ անզեն աչքով երևում է, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը՝ հանդեպ Սերժ Սարգսյանի, անգամ հրապարակայնորեն արտահայտված ատրիբուտներով պայմանավորված, ավելի քան բարելավվել է: Բայց նման պարագայում սովորաբար նախագահները այդ հաճելի առիթը նշում են իր նոր գործընկերոջ համար հաճելի նվերներ անելով, որը առաջին հերթին արտահայտվում է «դավաճաններին» «մատաղ» անելով: Չեմ կարծում, որ Ծառուկյանը նման նախապայման դրած կլիներ նախագահի առջև: Եթե անգամ դներ էլ՝ նախագահը չէր էլ կատարի դա, քանի որ նման հարցերը քաղաքական հարթությունում չեն, այլ՝ բարոյական, ուստի չեն կարող քաղաքական օրակարգի թեմա դառնալ: Պարզապես, Ծառուկյանը, որը մինչ օրս ծանր է տանում իր ամենամտերիմ մարդկանից մեկի` իր նկատմամբ նման վերաբերմունքը, կարող էր իր և նախագահի միջև միջնորդական առաքելություն իրականացնողներին ակնարկել, որ վատ չէր լինի՝ Իշխան Զաքարյանին պատժված տեսներ: Առավել ևս, որ Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մի քանի ամսից, և որպեսզի նրա վերանշանակումը բացառվի, այդ մասին հանրությանը տեղյակ պահվեց վաղօրոք՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ:
Բայց այս հարցում ակնհայտորեն շահեց Ծառուկյանը, քանի որ նա իր մտերիմներին ցույց տվեց, թե ինչ է լինում «դավաճանի» հետ, ու որ ժամանակի ընթացքում իրավիճակը կարող է բազմապիսի փոփոխությունների ենթարկվել՝ լորդ Պալմերսթոնի հայտնի խոսքերի տրամաբանությամբ պայմանավորված, որ. «Չկան հավերժ թշնամիներ…», և պետք չէ շտապել անցնել նժարի ծանր կողմը: Բայց այս հարցում, կարծում եմ, նախագահը կորցրեց, քանի որ այլ ուժերի շարքերը դասալքած ու Սերժ Սարգսյանին «զինվորագրված» մարդկանց քանակը մի իսկական հոծ բազմություն է կազմում, և եթե տեսնեն, թե ինչպես է պատժում նախագահը իրեն «աջը համբուրողներին», կարող է մյուսների մոտ ուղղակի խուճապ առաջացնել: Առանց այն էլ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետով ընտրվելուց հետո իշխանական բուրգի դողէրոցքը գնալով ուժգնանում է, թե ինչ է գալու իրենց գլխին մի քանի տարի հետո: Իսկ հիմա դրան գումարվեց այն, որ իրենց գլխին կարող է ավելի շուտ փորձանք գալ, այն էլ հենց այն մարդու ձեռքով, ում բարեհաճությունից էին օգտվում վերջին շրջանում:
Այնպես որ, հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, հարկավոր է զինվել համբերությամբ ու ուշադրությամբ հետևել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=143047619223219&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել