«Շաբաթը բավականին թեժ է ու հախուռն: Այն սկսվեց վարչապետի ասուլիսով, որի ընթացքում պարզվեց, որ հրաժարական է ներկայացրել հեղափոխական թիմի ոչ շարքային ներկայացուցիչներից Արթուր Վանեցյանը: Հետո էլ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Իսկ վարչապետի ասուլիսը նախապես նվիրված էր արձանագրված տնտեսական հաջողություններին, որոնց բնութագրող բազմաթիվ ցուցանիշներ ներկայացվեց: Միջավայրն այս պահին այն աստիճանի է քաղաքականացված, որ տնտեսությունն ու տնտեսական իրադարձությունները քչերին են հետաքրքրում և մղված են երկրորդ պլան, բայց տնտեսության վերաբերյալ ներկայացված փաստերը քննարկելու, վերլուծելու անհրաժեշտություն ունեն:
Հատկապես, որ և՛ առաջին, և՛ այս անգամ վերջինիս կողմից Հայաստանի քաղաքացուն հեռանկարի առումով ոգևորող որևէ փաստարկ այդպես էլ չի հնչել: Ասենք՝ 10-12-15%-անոց տնտեսական աճ, արտաքին գոնե կես միլիարդի ներդրում, թեկուզև միջազգային որևէ ճանաչված կազմակերպության, կորպորացիայի հետ պայմանավորվածություն Հայաստանում գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Ծայրահեղ դեպքում, գոնե տնտեսության զարգացմանը, արտահանմանը վերաբերող նոր ժամանակներին, իրավիճակին համապատասխան ռազմավարության ընդունում, որ վաղվա համար բոլորովին նոր իրավիճակ ու հնարավորություններ է ստեղծում: Միակը, որ շատ պայմանականորեն կարելի է համարել ոգևորող, և որի շուրջ տևական զրույց տարավ վարչապետը, դա «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից բարձրացնել «Ba3» դարձնելն էր:
Բայց դա առաջին դեպքը չէ, Հայաստանը ավելի քան 10 տարի առաջ նման վարկանիշ ունեցել է, և դա անհասանելի բարձունք չէ, որին հասել ենք ու որից հետո մեր տնտեսության համար բոլորովին նոր հորիզոններ են բացվում: Հատկապես որ մասնագետների պնդումներով՝ դրա հետևում ավելի շատ քաղաքական նպատակներ են: Մինչդեռ բազմաթիվ դեպքերում վարչապետի ներկայացրած թվերն ու նրա բացատրություններում դրսևորված մոտեցումները հակասում էին մինչ այդ ներկայացրած իր իսկ տեսակետներին, մոտեցումներին, էլ չասած՝ մասնագիտական կարծիքները:
Որպես հաջողությունների շարք նշվում էր, որ էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58%, մրգային գինիների արտահանումը՝ 41%, շոկոլադի արտահանումը՝ 35.1%, թարմ ձկան արտահանումը՝ 23.6%:
Վիճակագրությանը, կարծես, դա չի ժխտում: 2016թ. հունվար-հուլիսի տվյալներով՝ հանրապետությունից արտահանվել են 204.3 մլն դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր, 2017թ. նույն ժամանակամիջոցում՝ 171.2 միլիոնի, 2018-ին նույնպես ավելի քան 171 միլիոնի, 2019-ին՝ 237 միլիոնի:
Թվերից պարզ երևում է, որ արտառոց, աչքի զարնող ինչ-որ թռիչք տեղի չի ունեցել: 2016-ից հետո այս ոլորտում անկման փուլ էր սկսվել, հիմա նորից վերընթաց է: Հատկապես որ այս ընթացքում կառավարությունը էական քայլ չի արել ոլորտի զարգացման խթանման ուղղությամբ: Վարչապետը, որպես հաջողություն, նշում է, որ 58%-ով աճել է մրգային գինիների արտահանումը: Ինչով է դա պայմանավորված. «Հայաստանում տարեկան արտադրվում է 10 մլն լիտր գինի, որից 7 մլն լիտրը տեղում խմվում է: Ունենք ևս 3 մլն լիտր կարմիր գինու արտահանման պոտենցիալ և 5 մլն շատ բարձրորակ սպիտակ գինու արտահանման պոտենցիալ: Մոտ 3-4 տարի հետո մենք արտահանումը կհասցնենք 8 միլիոնի, իսկ գինու արտադրության ընդհանուր քանակությունը կհասնի 15 մլն լիտրի: Ինչ վերաբերվում է մրգային գինուն, դրա արտադրությունը հիմա շատ ավելի մեծ ծավալներով է զարգանում: Մեզանում արտադրված մրգային գինին ռուսական մշակույթի տիրույթում է: Մրգային գինու կեղծիքը թղթի վրա կեղծիք չի: Կա իրանական մրգի գործոնը, որ դառնում է հայկական մրգային գինի: Այն, իհարկե, բացառությամբ նռից, չի անցնում 20-30%-ը, բայց այն ռուսական մշակույթի տիրույթում է: Եվրոպական մշակույթի տիրույթում չէ: Որովհետև Եվրոպայի պարագայում շաքար, ջուր չի կարելի ավելացնել: Մինչդեռ հետխորհրդային օրենսդրությամբ դա թույլատրվում է: Շաքարն էլ ծածկում է բոլոր հետքերը»:
Ոլորտի մասնագետի բացատրությունն է մրգային գինիների արտադրության և արտահանման ծավալների վերաբերյալ:
Փաշինյանը, որ շարունակ ներկայացել է որպես կեղծարարության դեմ պայքարի մարտիկ, որպես հաջողություն է ներկայացնում կեղծիքով ստացված արդյունքները: Վարչապետը հաջողությունների շարքում նշում է, որ թարմ ձկան արտահանումն ավելացել է 23%-ով: Չենք վիճարկում: Բայց ընդամենը օգոստոսի 29-ին կայացած կառավարության նիստում նա բառացիորեն ասում էր հետևյալը. «Ձկնարդյունաբերությունն այսօր մեր տնտեսության կայացած ճյուղերից է, և պարզ է, որ դրա արդյունքում մենք նաև լուրջ խնդիրներ և ռիսկեր ենք ունեցել: Մենք հաշվարկել էինք, որ տարեկան 1 մլրդ դոլարի ջուր ենք սպառում, որպեսզի 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք: Բայց ունենք իրողություններ, և ընտրությունը հետևյալն է. կամ, արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ էլ ասում ենք՝ ձկնարդյունաբերության վրա ենք խաչ քաշում, որը կրկին չենք կարող անել, որովհետև երկու դեպքում էլ նշանակում է հարվածել տնտեսությանը: Դրա համար էլ մենք պետք է քայլ-քայլ գնանք, որպեսզի կարողանանք այս ռիսկերը և հնարավորությունները կառավարել և գալ հավասարակշռված լուծումների»:
Փաստորեն, ձկնարդյունաբերության եղած ռիսկերն ընդունելով հանդերձ, նույն վարչապետը 15 օր անց չի վարանում և Արարատյան դաշտի ջրային ավազանում խորացող ռիսկերի հաշվին ձկան ավելի արտադրությունն ու արտահանումը ներկայացնում է որպես հաջողություն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: