«ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալի օգնական Ջորջ Քենթը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ նպատակն է, որպեսզի Հայաստանը լինի զարգացող, ծաղկող պետություն և դա բխում է Նահանգների շահերից: Քենթը հայտարարել է, որ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանն ունի այդպիսին դառնալու հնարավորություն: ԱՄՆ այդ նպատակների կամ մոտեցումների մասին Նահանգների տարբեր պաշտոնյաներ հայտարարել և հայտարարում են տարբեր առիթներով:
Քենթի հայտարարությունն այդ համատեքստում ուշագրավ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի ֆոնին, որը ունենալու է աշխատանքային ձևաչափ և տեղի է ունենալու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի առիթով: Սակայն նկատելի է, որ Փաշինյանի ամերիկյան այցը ներկայումս ընկալվում է ավելի շուտ հենց հայ-ամերիկյան հարաբերության և օրակարգի համատեքստում, որովհետև գործնականում այլ քաղաքական տողատակ ՄԱԿ ԳԱ առիթով տեղի ունեցող այցը, խոշոր հաշվով, այս փուլում ունենալ չի կարող: Անգամ Գլենդելում հայ համայնքի հետ նախատեսված հանդիպումը, մեծ հավաքը, որ ազդարարել է վարչապետը, պետք է դիտարկել հայ-ամերիկյան հարաբերության համատեքստում: Որովհետև Նահանգներն այդ իմաստով էլ ԱՄՆ հայկական համայնքը դիտարկում են հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բաղադրիչ կամ գործոն:
Խոշոր հաշվով, Հայաստանի և ԱՄՆ հայ համայնքի գործակցության արդյունավետությունն ու բովանդակությունը առանցքային դեր է ունենալու հայ-ամերիկյան քաղաքական հարաբերության համատեքստում, և այստեղ խնդիրը շատ ավելի լայն է, քան կարող է թվալ առերևույթ: Բանն այն է, որ ամերիկահայ համայնքը մեծ առումով ամենաազդեցիկն է իր քաղաքական էությամբ, ելնելով նաև այն իրողությունից, որ այդ ազդեցիկ համայնքը նաև աշխարհի թիվ մեկ տերության կամ, խոշոր հաշվով, միակ գերտերության հայկական համայնքն է: Ըստ այդմ՝ Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակում այդ հանգամանքը ստանում է ոչ միայն ներազգային հայրենասիրական, հուզական, այսպես ասած՝ էթնոգենետիկ նշանակություն, այլ նաև աշխարհաքաղաքական: Այդ հանգամանքը բավականին ճկունություն է շնորհում Միացյալ Նահանգներին՝ իր ռեգիոնալ քաղաքականության համատեքստում, որը, անշուշտ, բավականին բարդ է, հաշվի առնելով ՆԱՏՕ անդամ Թուրքիայի, Կովկասում առանձնահատուկ դեր ու շահեր ունեցող և Հայաստանի հետ բազմաթիվ կապեր ունեցող Ռուսաստանի, ԱՄՆ հետ դիրքային դիմակայության և խնդիրների մեջ գտնվող Իրանի, զուգահեռ Հայաստանի համար Իրանի նշանակության, և այլ բավականին նուրբ խնդիրներ ու հանգամանքներ:
Ահա այդտեղ հայկական համայնքը, ամերիկահայ գործոնը դառնում է մի բավականին առանձնահատուկ ռեսուրս, որը թույլ է տալիս Նահանգներին Հայաստանի և ընդհանրապես ռեգիոնի հետ աշխատել առավելագույն ճկունությամբ: Օրինակ՝ մի բան, որը Վաշինգտոնն իրեն թույլ տալ չի կարող Վրաստանի հետ հարաբերությունում: Ըստ այդմ, Հայաստանի և ամերիկահայ Սփյուռքի միջև օրակարգը գործնականում ոչ միայն համահայկական, այլ վերհայկական և համաշխարհային օրակարգ է, ըստ այդմ՝ դրանում պետք է շոշափվեն այդ մասշտաբի հարցեր ու խնդիրներ, և Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը թերևս պետք է լինի այդ հնարավորությունը կամ ներուժը ցուցանող մեկնակետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: