1991թ.-ի այս օրը՝ սեպտեմբերի 2-ը, վճռորոշ էր արցախահայության համար: Կա՛մ պետք է հլու-հնազանդ ենթարկվեին ի սկզբանե պատմության ուղին սխալ ընթացքի մեջ դրած խորհրդային կայսրությանը, կա՛մ իսկապես վերականգնեին պատմական արդարությունը, որի հնարավորությունն այդ ժամանակաշրջանը ընձեռել էր:
Իհարկե , ազատատենչ հայը չէր կարող մնալ շղթայված և իրավական փաստաթղթով որոշեց, որ անկախանում է մի շինծու պետությունից, որը ստեղծվեց ոչ թե ազգային գաղափարախոսության հիման վրա, այլ մի քանի բնիկ ազգերի և ցեղերի միաձուլմամբ քաղաքական որոշ նպատակների համար:
1991թ.-ից հիմք դրվեց նորանկախ Հայաստանին վերադարձնելու կորսված հայրենիքի մի հատվածի գործընթացի սկիզբ, որը մինչև հիմա շարունկավում է:
Արցախի անկախությունն իրավական առումներով ամրագրելը պարզապես անհրաժեշտություն էր հետագա քաղաքական գործընթացների համար: Եթե Արցախը հապաղեր, ապա 1991թ.-ի օգոստոսի 30-ին իրեն անկախ հռչակած Ադրբեջանը կուլ էր տալու Արցախին և ոչ միայն Արցախին... Արցախը հռչակվեց ազատ և անկախ պետություն, որ վերադառնա Մայր Հայաստանին, որ վերականգնվի պատմական արդարությունը... Այո՛, անկախ ու ազատ Ադրբեջան անունով պետությունից, դուրս նրա տիրապետությունից, նրա վարած վայրագ հակահայ և հայատյաց քաղաքականությունից: Արցախն անկախացավ ու ապացուցեց ողջ աշխարհին, որ կարող է լինել անկախ ու լինել ամենալավը էն անվանակարգի մեջ, որը կոչվում է չճանաչված պետություն...
Անկախ այն բանից, թե դրսի ուժերի համար ինչ իրավական ձևակերպում ենք տվել Արցախին, միևնույն է, Արցախը Հայաստան է և վե՛րջ, ինչպես Գեղարքունիքն ու Կոտայքն իմ հարազատ մարզերն են, այնպես էլ Արցախն է իմ հարազատ ու ազատագրված մարզը...
Շնորհավոր տոնդ, Արցախ աշխարհ, այլևս ազատ ես օտարի լծից։ Հաստատ մի օր մեր տոնական օրացույցում ավելանալու է պաշտոնական վերամիավորման օրը...