Շատ է խոսվում տարածաշրջանում իրանցիներին զսպելու, վեջիններս ազդեցությունը մեղմելու և Իրանին սովորական կամ, այսպես ասած, տարածաշրջանային շարքային պետություն դարձնելուն միտված ԱՄՆ և, ընդհանրապես, Արևմուտքի քայլերի մասին։ Որպեսզի հասկանալի լինի այս նպատակի անիրականանալի լինելը, բերենք մի պարզ օրինակ։
Ժամանակին՝ մոտ երկու տարի առաջ, երբ ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիին իրանական համապատասխան մարմիններն առաջարկել են, որպեսզի Աֆղանստանից ներգաղթածների երեխաներին առանց փաստաթղթերի չթույլատրվեն հաճախել մանկապարտեզներ, դպրոցներ և ԲՈՒՀեր, Ա․ Խամենեին պատասխանել է, որ ոչ մի աֆղանստանցի երեխա, թեկուզ և ապօրինի ներգաղթյալ, չպետք է զրկվի մանկապարտեզ հաճախելու և ուսում ստանալու իրավունքից։
Պարզ է, որ Ա․ Խամենեին աֆղնստանցիների, պատկերավոր ասած, սիրուն աչքերի համար չէ, որ այդեպս է պատասխանել, պարզ է, որ այստեղ կա քաղաքական շահ, շահ, որը սակայն տեղավորվում է դեռևս Սասանյանների ժամանակաշրջանից սերող «Իրանշահր» գաղափարի համատեքստում, որի սահմաններն ու ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական սահմանները չեն համընկնում։
Գրեթե բոլոր իրանցիների մտքում և սրտի խորքում Իրանը կայսրություն է եղել և կա, որի սահմանները ձգվում են Հինդոս գետից մինչև Միջերկրական ծովի ափերը, Ճորա Պահակից մինչև Պարսից ծոց։
Եթե Իրանի ազդեցությունը տարածարջանում սահմանափակելու գործողություններդ չես համակարգում վերոնշյալը հաշվի առնելով, ուրեմն ի սկզբանե ծրագիրդ ձախողված է, քանի որ թույլ ես տվել մեթոդաբանական սխալ։ Իսկ երբ վերոնշյալը հաշվի ես առնում, այդ դեպքում հասկանում ես, որ անիմաստ է փորձել Իրանին սահմանափակել սեփական երկրի քաղաքական սահմաններում, քանի որ ստացվում է, ըստ էության, պետք է փոխել յուրաքանչյուր իրանցու ավանդակական աշխարհայացքն ու աշխարհընկալումը, ինչը, հավատացեք, բավականին բարդ է, եթե ոչ անհնար։